Հե՜յ, Արցախյան բարձր լեռներ,
Հե՜յ, անառիկ հոգիներ,
Կրկին հողում ձեր օր-գիշեր
Երգ են սուլում գնդակներ։
Կրկին հարյուր-հազարներով
Մոտենում է թշնամին,
Կրկին խիզախ ջոկատներով
Պաշտպանվում է Արցախցին։
«Հուսա՛, Արցախ, ջոկատներդ
Միայնակ չեն այս կռվում․
Խումբ-խումբ, ահա, տասնյակ գնդեր
Ոստանից են մոտենում։
Հարյուր ու մի, հազար ու մի
Խիզախ հեծյալ, զենքերով,
Շեփորներով ընդվզումի՝
Կանոնավոր շարքերով։
Լսե՜ք, ահա՜, մոտենում են
Ձեր եղբայրներն աննկուն,
Ու փայլում են բյուր-բյուր աչքեր
Ու բյուր սրեր շողշողուն»։
Բայց ո՜չ․․․ լուռ են կածանները,
Չեն դղրդում ճամփաները
Հեծյալների դոփյունից,
Հուր չի կաթում թրերից։
Վաղուց չկան հեծյալները,
Մետաղ-ջարդոն են սրերը․․․
Կա միայն դատարկախոս
Ինքնավստահ բարձրախոս․․․
~1992