Մարգարե

Չեմ գուշակում․ ես մարգարե եմ․
Հաշվարկելու կարիք չունեմ,
Ինչ, որ պատմում եմ՝ վերապրել եմ․
Ես մարգարե եմ։ Ես գիտեմ։

Ես չեմ կարող ձեզ պարտադրել,
Ես չեմ կարող ձեզ հմայել,
Ես չեմ կարող ձեզ համոզել,
Կամ հետքերով իմ ձեզ տանել։
Կարող եք ինձ դուք անտեսել։
Կարող եք ինչ ուզեք անել։

Ինձ մի՛ հարցրեք, ոնց իմացա։
Ոչ-ոչ, Նրան ես չտեսա։
Ասեմ, նույնիսկ չլսեցի,
Նրա անվամբ չըերդվեցի։

Կարող եք դուք չհավատալ,
Կարող եք ինձ վրա խնդալ,
Կարող եք եւ արհամարհել,
Բայց ի՞նչ կարող է դա փոխել։
Ես չեմ կարող ապացուցել․
Մնում է ձեզ ինձ վստահել։

Բառերն իրար են սոսնձվում,
Ժամանակի կազմում պատկերը
Եւ ավազի խառնակույտում
Տեսնում եմ գալիքի նախշերը։

Ես ոչ ոքու չեմ վախեցնում,
Ես ոչ ոքու չեմ անիծում,
Ես ոչ ոքու չեմ հուսադրում․
Իրողությունն եմ լոկ ասում։
Պետք չէ, քննել կամ ենթադրել․
Ձեզ բավական է լոկ հարցնել։

Տեսնում եմ ապագա դեպքերը,
Երկնաքարեր, խավարումներ,
Պատերազմներն ու անկումները,
Շրջանցելու արահետներ։

Ոչ։ Ես գուշակ չեմ մոլագար,
Ոչ գիտնական եմ, ոչ հանճար,
Ոչ կրոնավոր, ոչ գործարար․
Ես քարոզում եմ անվճար։
Կարող եք նույնիսկ դուք շահել․
Մնում է ինձ միայն․․․ գտնել։

~2015

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն