Փախան դոշակն
Ու վերմակը
Եւ սավանը դեն թռավ
Հետն էլ բարձը
Ցատկեց բարձր՝
Ծլկեց գորտի պես, կորավ։
Ձեռքս՝ մոմին,
Մոմը՝ գետնին,
Ձեռքս՝ գրքին,
Սա վազեց,
Բազմոցի տակ թաքնվեց։
Ինքնաեռն է տաքացել.
Թեյ եմ ուզում ես խմել,
Բայց ցմփորը ինձանից
Փախավ ասես՝ կրակից։
Սա ի՞նչ բան է,
Ի՞նչ պատահեց,
Ո՞ր պատճառով
Ամեն ինչ
Շուրջ պար բռնած
Պտտվում է
Եւ փախչում է ինձանից։
Գուլպաները՝
Տետրի կողքից։
Հրերկաթը՝
Գոտու պոչից։
Թխվածքները՝
Զգեստի փեշից՝
Գուլպաներին կողք-կողքի։
Եւ ամեն ինչ պտտվում է,
Ոլորվում է, գալարվում է
Ու տալիս գլուխկոնձի։
Հանկարծ մորս ննջարանից
Ծուռթաթ, քայլով երերուն,
Դուրս է գալիս լվացարանն,
Ունք կիտելով ինձ ասում.
Ա՛խ զվելի, ա՛խ դու կեղտոտ
Խոզի գոջի անլվա,
Մուր մաքրողից սեւ ես դարձել
Մի քեզ նայիր. վզիդ՝ բիծ,
Քթիդ՝ մածուկ
Ոտիդ՝ քսուկ։
Այնպիսին են քո ձեռքերը,
Որ փախել են եւ շորերդ։
Եւ շորերդ, եւ շորերդ
Հեռացել են քեզանից։
Առավոտ շուտ, լուսաբացին
Լվացվում են մկնիկները,
Կատուներն ու բադիկները,
Բզեզներ ու մժեղներ։
Դու ես լոկ, որ անլվա ես,
Կեղտաթավալ դու տղա ես
Ու փախել են այդ կեղտոտից
Եւ շորեր եւ կոշիկներ։
Մեծամեծ Լվացարանն եմ,
Հռչակավոր Լավլվան՝
Լվացարանների Պետն եմ
Ղեկավարը անվարան։
Եթե դոփեմ ես ոտքով,
Զինվորներին իմ կանչեմ
Լվացարանների խմբեր
Աստ իսկույն կհայտնվեն։
Եւ կըոռնան, եւ կըհաչեն
Ու ոտները կըդոփեն։
Եւ քեզ նման անլվային
Խրատական կընթերցեն,
Ոտից գլուխ
Ոտից գլուխ
Քեզ ջրի մեջ կսուզեն։
Նա զարկեց պղնձի թաս
Եւ գոչեց՝ Կարա-բարաս։
Եւ իսկույն խոզանակները
Քսքստացրին մազիկները,
Սկսեցին տրորել ինձ,
Ասելով.
Լվացվելը միշտ էլ ճիշտ է,
Ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է, ճիշտ է։
Լվացվելը պետք է միշտ,
Միշտ, միշտ, միշտ, միշտ։
Գործի անցավ եւ օճառը
Փաթաթվելով մազերիս.
Ոլորվում էր, օճառում էր
Ու մեղվի պես խայթում ինձ։
Իսկ կատաղած քիսայից
Փախա ինչպես մտրակից։
Նա էլ թռավ իմ հետքով,
Հետապնդեց փողոցով։
Վազեցի դեպ զբոսայգին,
Ցատկեցի ցանկապատին։
Իսկ այդ քիսան աներես
Ինձ կծում էր մեղվի պես։
Ճիշտ այդ պահին իմ սիրելի
Կոկորդիլոսն իմ սիրուն
Իր Տոտոշին ու Կոկոշին
Ման էր տալիս ծառուղում։
Եւ այդ քիսան նա բռնեց
Եւ ճանճի պես կուլ տվեց։
Իսկ հետո ո՜նց մռնչաց
Ինձ վրա։
Իսկ հետո այնպե՜ս ճչաց
Ինձ վրա։
Այժմ տուն վերադարձիր
Ինձ ասաց։
Իսկույն դեմքդ լվացիր
Ինձ ասաց։
Թե չէ հիմա կբռնեմ
Ինձ ասաց։
Կտրորեմ քեզ, կուտեմ
Ինձ ասաց։
Ո՜նց նետվեցի ես ծառուղով դեպի տուն։
Լվացարանն եկա գտա ես իսկույն։
Եւ օճառով,
Եւ օճառով,
Քիթ ու բերան մաքրեցի,
Մուր ու թանաք,
Լավ ու արագ
Ես իմ դեմքից հանեցի։
Եւ նույն պահին
անդրավարտիք
ն
Իսկույն ցատկեց իմ ձեռքին
Կարկանդակն էլ քաղցրահամ,
Ասաց. «Կեր ինձ, բարեկամ»։
Պանիր-հացն էլ ըշտապեց
Ուղիղ բերանըս ցատկեց։
Գիրքն էլ ահա վերադարձավ,
Վերադարձավ տետրն էլ
Եւ «Մայրենին» իմ ըսկսեց
«Հանրահաշվիս» հետ պարել։
Այդ միջոցին Լվացարանն
Հռչակավոր Լավլվան
Լվացարանների Պետը
Ղեկավարը անվարան
Պտտվելով ինձ գրկում էր
Համբուրում էր անդադար.
«Ա՛յ հիմա ես քեզ սիրում եմ,
Ա՛յ հիմա ես քեզ գովում եմ։
Վերջապես, ահա, տեսնում եմ,
Լավլվային հասկացար։»
Պետք է, պետք է լավ լվացվել
Ամեն օր եւ առավոտ
Իսկ փնթի ու կեղտոտներին
Շա՛տ ամոթ,
Հազա՛ր ամոթ։
Օճառը կեցցէ՛ փրփրոտ,
Սրբիչը՝ փափուկ ու խավոտ,
Մածուկն ատամի քաղցրահամ
Եւ սանրը խիտ-խիտ, բազմատամ։
Ուրեմն եկե՛ք լվացվենք,
Սուզվենք, լողանանք ու ջրվենք
Թասում, տաշտակում, լոգանքում,
Գետում, առվակում, օվկիանում,
Կոնքում, բաղնիքում
Ու միշտ, ամենուր՝
Փառք քեզ զուլալ, մաքուր ջուր։