Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2023 թվականի սեպտեմբերի 3-ին
Վերջին օրերին աշխուժացել են Երեւանի փողոցները․ ինչ-որ ցույցանման միջոցառումներ են սկսվել՝ բեմով, էկրանով, բարձրախոսներով․․․
Հիշում եմ, 1988-ի ձմեռը․․․ Ով երիտասարդ է՝ երեւի չի հիշի․․․ Էլի նույն տեղում բեմ էին կառուցել, ծածկով, հզոր բարձրախոսներով (դե, էկրաններ չկային այն ժամանակ)․․․ Երգիչ-դերասաններ էին ելույթ ունենում, տարբեր հին կուսակցությունների հին առաջնորդներ․․․ Եկեղեցու սպասավորներ ու Սփյուռքի ներկայացուցիչներ էլ խոսեցին․․․ Այդպե՞ս էր․․․ Թե, երեւի ինչ-որ բաներ շփոթել եմ․․․ Բեմ չի եղել, ու բարձրախոսների փոխարեն էլ ձեռքի խոսափողներ էին․․․ եւ այն ժամանակվա «աստղերն» էլ չէին զբաղեցնում «հանդիսատեսներին»․․․ եւ «կուսակցություններ» էլ չկային․․․ Ի՞նչ մեղքս թաքցնեմ․ ե՛ս էլ լավ չեմ հիշում․ տարիք է, ի՞նչ անես․․․
Բայց որոշեցին, որ Արցախը պիտի ազատ լինի։ Ու շարժում սկսվեց․․․ Ու ցուցարարներ էլ էին անցնում փողոցներով․․․ Բայցեւ՝ սարերից էլ իջան․․․ ու հաղթեցինք․․․ Ասում են՝ ճակատամարտը․․․ Բայց միեւնույն է՝ հաղթեցինք․․․ Հետո երեսուն տարի Արցախ գնում-գալիս էինք, շրջափակված չէր․․․
Նաեւ աղոտ հիշում եմ․․․ մի քանի տարի առաջ էր․ կրկին սկսեցին քայլել եւ հյուսիսից մոտենում էին մայրաքաղաքին․․․ Ու վարչապետը հրաժարական տվեց, ու Թագավորը Նախագահը նոր վարչապետ նշանակեց․․․
Ու պարտվեցինք։ Ասում են՝ պատերազմը․ իսկ գուցե սոսկ՝ ճակատամա՞րտը․․․ Այդ ինչպե՞ս է, որ այն ժամանակ մենք ճակատամարտն էինք շահել, իսկ հիմա համարում են, որ մի ամբողջ պատերազմ ենք տանուլ տվել․․․
Ու հաստատ հիշում եմ (սա ընդամենը երկու տարի առաջ էր)․ կրկին փողոցով մարդիկ էին քայլում, հրաժարական էին պահանջում․․․ Մի քանի օր քայլեցին․․․ Հետո որոշեցին այլեւս չքայլել․․․ Հենց այդպես․ որոշեցին, եւ վերջ․․․ Մի քանի ամիս կարգին չքայլեցին․․․ Հետո նորից «ընտրություններ» եղան․․․ Հետո․․․
Հետո-ն էլ՝ հիմա-ն է․․․ Ո՞ւ․․․
Մարդիկ (ոչ շատերը, բայց կան եւ այդպիսիք) հասկանում են, որ «Մեծ է Հայքը, իսկ նահանջելու տեղ չկա»․․․ Այստեղից էլ գիտակցությունների, սրտերի ու հոգիների կաթսաներում ճնշման աճ․․․ Ու քայլելու ցանկություն․․․
Արցախի «նախագահի» հրաժարականը հուշում է, որ ինչ-որ բաներ են կատարվում նաեւ այնտեղ՝ վերեւներում․․․ Թե, հատկապես, ի՞նչ՝ պարզ չէ․ համարժեք խոշորացմամբ հեռադիտակներ չեն ճարվում․․․ Հեռվից երեւում են ինչ-որ մարդկանց ստվերներ․ վազվզում են ձախ-աջ․․․ Ինչ-որ ինքնաթիռներ են այս կողմ, այն կողմ թռչում․ դիվանագետներ են գնում-գալիս․․․ Այդ ի՞նչ է դրանց մտքին․․․ Պարզ է մի բան․ որ որոշելու են առանց մեզ․․․ (եթե չենք միջամտում)․ մենք միայն քայլում ենք․․․
Իրոք, իրավիճակ է փոխվում․․․ Աշխարհն է փոխվում, ամեն շաբաթ է փոխվում, օր, րոպե․․․ Ահռելի քաղաքական տեղաշարժեր են կատարվում այս պահին․ փլուզվում է աշխարհի կառավարման վերջին դարերի կառուցվածքը՝ Վեստֆալյան համակարգը․ կործանվում են հին կայսրությունները, կրոնները, եւ մեր աչքի առաջ ստեղծվում է «Չքնաղ նոր աշխարհ»․․․
Իսկ մենք Ազատության հրապարակում gala-համերգներ ենք կազմակերպում․․․
03.09.2023