PDF


Բորիս Ժիտկովին


1
Ո՞վ է թակում դուռը իմ`
Պայուսակը իր ուսին,
5 համարը սեւ գոտուն
Համազգեստով կապտավուն:
Ո՞վ է նա,
Ո՞վ է նա:
Փոստատարն է, պարզ է, նա:

Պայուսակում
Այսօր շատ կան
Նամակներ.
Տոմսկից,
Եւ Տաշքենտից,
Տագանրոգից,
Տամբովից,
Բաքվից:

Յոթին գործը նա սկսեց,
Տասին բեռը իր կիսվեց,
Իսկ արդեն տասներկուսին
Ավարտեց ամբողջովին:

2
— Ստացե՛ք պատվիրված ծրար՝
Տիար Ժիտկովի համար:

— Այդ Տիարը, սիրելի՛ս,
Չի լինելու մեկ ամիս:

— Ինչպե՞ս գտնենք Ժիտկովին:
— Նա երեկ մեկնեց Բեռլին:

3
Ժիտկովը թռչում է
Օդով, սլանում է.
Երկիրն է սահում ներքեւում,
Եւ նուրբ հետագիծը:
Նրա հետեւից էլ
Գնացքը նամակն է տանում:

Բոլոր փաթեթները
Ունեն ճիշտ տեղերը
Հատուկ փոստային վագոնում,
Եւ երկու փոստատար
Շուրջ գիշերն անդադար
Ծանրոցներ, նամակներ են դարսում:

… Բացիկը՝
Վարշավա,

Ծանրոցը՝
Օտտավա,

Այս թերթը՝
Դեպի Սախալին:

Նամակը՝
Կարարա:

Ահա եւ ծրարը,
Որ ուղեւորվում է Բեռլին:

4
Բեռլինի փոստատարն է քայլում,
Լրագրերն է վերջին տարածում:
Այնքա՜ն պճնամոլն է, գիտե՞ք.
Գլխարկին՝ կարմրավուն եզրաշերտ,

Մուգ-կապույտ բաճկոնի վերեւում
Վրակարն է կանաչ շողշողում:
Իր ձեռքում նա պահում է բարակ,
Այլերկրյա ծրարով մի նամակ:

Չորս կողմում անցորդներ են շտապում
Ու ինքնաշաժներ են խշշում՝
Մեկ-մեկու վազանցում են արագ՝
Շարժվելով ծառուղու ստվերի տակ:

Փոստատարը մոտենում է
Հյուրանոցի դռներին
Ու դռնապանին ասում է.
— Նամակ Տիար Ժիտկովին:

Բայց հնչում է պատասխան.
— Լոնդոն մեկնեց նա սակայն:

5
Նամակն
Ինքն իրեն
Ոչ մի տեղ չի գնա,
Բայց թե նրան արկղ գցես,
Նա կվազի,
Կթռչի,
Կլողա,
Կանցնի նա հազար ու մի վերստ:

Նամակին դժվար չէ
Աշխարհը տեսնել.
Տոմսի կարիք
Նա չունի:

Սոսնձված
Ուղեւորը
Պղինձ դրամով
Տարբեր երկրներ կանցնի:

Ճամփին
Ոչ ուտում է նա,
Ոչ էլ խմում,
Մի բան է միայն
Անդադար կրկնում.

— Շտապ հանձնե՛ք՝
Անգլիա,
Լոնդոն,
Վեստ,
Բոբկին փողոց, չորրորդ շենք:

6
Աջ ու ձախ շտապում, շարժվում են
Գույնզգույն ինքնաշարժներ,
Վերեւներում տատանվում են
Պաստառներ ու գովազդներ:

Բարձր է վարորդի խիստ ձայնը.
— Բոբկին-սթրիթ. վերջին կանգառն է:

Իսկ Բոբկին փողոցով, արագ,
Գլխին դրած կապույտ գլխարկ,
Քայլում է Սմիթը փոստատար՝
Լոլոզ ու չոփի պես նիհար:

Գտնում է շենքը նա չորրորդ,
Թակում է դուռը մուրճիկով:
Հանձնում է նա դռնապանին
Այն նույն նամակը՝ Ժիտկովին:

Բայց նայելով այդ ազգանվանը՝
Պատասխանում է դռնապանը.
— Բորիս Ժիտկովը, ներեցե՛ք,
Բրազիլիա մեկնեց երեկ:

7
Շոգենավը
Կշարժվի
Երկու րոպեից:
Տեղ չկա էլ խցերում
Տարբեր բեռներից:

Սակայն Խուցերից մեկում
Ճամպրուկներ չեն տեղադրում:
Այնտեղ կլինեն միայն
Փոստն ու փոստատարն:

8
Բրազիլիա, Բրազիլիա.
Սպիտակ արեւ ու շոգ:
Ծեր փոստատար Բազիլիոն
Անցնում է փողոցով,

Ձեռքին՝ տարօրինակ տեսքի
Եւ ճմրթված նամակ,
Նամականիշն՝ օտարերկրյա
Եւ անծանոթ դրոշմակ:

Իսկ ազգանվան կողքին, ահա՛
Մի փոքր գրություն.
Հասցեատերն մեկ օր առաջ
Վերադարձել է տուն:

9
Ո՞վ է թակում դուռը իմ
Պայուսակը աջ ուսին,
5 համարը սեւ գոտուն,
Համազգեստով կապտավուն:
Ո՞վ է նա,
Ո՞վ է նա:
Փոստատարն է, պարզ է, նա:

Ու մեկնում է նա կրկին
Այն նամակը՝ Ժիտկովին:

— Ժիտկովի՞ն:
Բորի՜ս, արի՜,
Ստացի՛ր եւ ստորագրի՛:

10
Վեր թռավ իմ հարեւանը.
— Դու մի տե՛ս՝ ի՜նչ հրաշք բան է.
Այս նամակն իմ հետքերով
Երկրագունդն անցավ բոլոր:

Ծովերով այն սլացավ,
Ամազոնկա նա հասավ:
Նավերով, գնացքներով
Նա շարժվեց իմ հետքերով:

Սար ու ձորեր, ծովեր կտրած՝
Հասավ նամակն ինձ կրկին:

Փա՛ռք ու պատիվ փոշոտ, հոգնած
Փոստատարներին մեր տանջված:

Փա՛ռք փոստատար ազնիվ մարդկանց՝
Ծանր բեռը ուսերին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով