Ներբեռնել «Գրամեքենա» դասավորությամբ հայերեն մուտքագրելու սարքավար
Ներբեռնել «Գրամեքենա» դասավորությամբ ArmSCII-8 այլագրմամբ հայերեն մուտքագրելու սարքավար
Ներբեռնել «Գրամեքենա» դասավորությամբ ռուսերեն մուտքագրելու սարքավար
Մինչ վերջերս հայերեն մուտքագրելու համար անխուսափելի էր ստեղնաշարի KDWin-ի, NLS-ի, WinKeys-ի, WinFont-ի եո նման տարբեր այլ սարքավարների գործածումը։ Սկզբում դրա պատճառն այն էր, որ ամենատարածված Windows գործավար համակարգի (ԳՀ) արտադրող Microsoft-ը չէր աջակցում հայերեն ArmSCII-8 ստանդարտը։ Հետո, երբ սկսած Windows 2000-ից այդ ԳՀ-ը սկսեց աջակցել UNICODE այլագրումը ծրագրաշարի հիմնական արտադրողները չէին աջակցում UNICODE-ի հայկական մասը։ Դրանից բացի, Windows-ը մատակարարվում էր եւ մինչ օրս էլ շարունակում է մատակարարվել Microsoft-ի մշակած անհեթեթ, այսպես կոչված Armenian Eastern եւ Armenian Western ստեղնաշարերի անգործածելի դասավորություններով։
Խնդիրը կարող էր յուրաքանչյուրն իր համար լուծել Microsoft Keyboard Layout Creator-ի օգնությամբ իրեն դուր եկած դասավորությամբ ստեղնաշարի սարքավար ստեղծելով։ Սակայն փորձը ցույց տվեց, որ դրանից գրեթե ոչ ոք չի օգտվում։ Շատերը դրա գոյության մասին չգիտեն, իսկ ով էլ գիտի, չի ցանկանում խորանալ։ Ու թերեւս, բարին էլ դա էր, այլապես կարող էին տարածվել հարյուրավոր ամենատարբեր դասավորություններ, անտանելի դարձնելով համակարգիչներով հայերեն աշխատելը։
Հինգ տարի առաջ ես պատրաստեցի Հայաստանի ՀՍՏ 34.001-06 ստանդարտին համապտասխանող հայկական գրամեքենայի դասավորությամբ ստեղնաշարը եւ տեղադրեցի այս կայքում։ Ցավոք, վերոհիշյալ պատճառներով այն գրեթե չէր գործածվում։ Պատճառներից մեկն էլ այն էր, որ ես չէի պատրաստել այսպես կոչված «հնչյունային» դասավորությունը, քանի որ այն չի համապատասխանում Հայաստանի ստանդարտին եւ, պարզապես, սկզբունքորեն սխալ է, քանի որ հարմար չէ գրագետ, փակաչ մուտքագրման համար։
Սակայն այսօր, երբ ծրագրաշար արտադրող բոլոր հիմնական ընկերությունները՝ Adobe-ը, Corel-ը, Quark-ը, Google-ը, եւ այլն աջակցում են հայկական UNICODE-ը դրանով չաշխատելը եւ հնացած ArmSCII-8-ը գործածելը պարզապես վնաս կարող է հասցնել մեր մշակույթին։ Ելնելով այդ իրողությունից ես պատրաստեցի նաեւ «հնչյունային» դասավորությամբ սարքավարը, որը կարելի է ներբեռնել այստեղից։
Այս ստեղնաշարերը լիովին համատեղելի են Windows XP, Windows Vista եւ Windows 7-ի հետ։ Տեղադրելու համար բավական է երկկտացնել setup.exe-ի վրա։
Այնումամենայնիվ, վերեւում բերված երկրորդ ներբենումը ներկայացնում է «Գրամեքենա» դասավորությամբ նաեւ 8-բիթանոց այլագրմամբ սարքավար։ Սա այն դեպքերի համար է, երբ ինչ-ինչ պատճառով 8-բիթանոց այլագրմամբ աշխատելը անշրջանցելի է։ Այն հայտնվում է ստեղնաշարերի ցուցակում ոչ թե «ՀԱՅ», այլ «AFR» անվատան տակ։
Վերջապես վերեւում բերված երրորդ ներբեռնումը ներկայացնում է ռուսերեն մուտքարելու սարքավար, որի ստեղները հարմարեցված են հայերեն «Գրամեքենա» դասավորությանը։ Այն կարող է հարմար լինել, եթե օգտվողը սովոր է մուտքագրել «Գրամեքենա» դասավորությամբ, բայց երբեմն կարիք է ունենում մեծածավալ գրվածքներ իրականացնել նաեւ ռուսերեն։ Թեեւ պետք է հաշվի առնել, որ քանի որ տարբեր լեզուներում հնչյուններն ու դրանց կապակցությունները տարբեր հաճախություն ունեն, այս ստեղնաշարը չի կարող դիտվել, որպես ռուսերեն մուտքագրման ճիշտ միջոց (ինչպես ճիշտ չէ հայերեն մուտքագրումը՝ ըստ անգլական դասավորության՝ այսինքն «հնչյունային»)։