Մեծ աղետը

Հրապարակվել է «Ճարտարապետություն, շիարարարություն» հանդեսի 2021 թ․ Հ․ 1-2 (179-180)

Լե Կորբյուզիեն ու Լյուֆտվաֆե՛ն նման են․
երկուսն էլ ջանացել են սրտագին
փոխել Եւրոպայի ուրվապատկերը։
Ինչ մոռացել են կատաղի ռումբերը,
թողել են սթափ անել մատիտներին։
[1]

Իոսիֆ Բրոդսկիյ,
Ռոտերդամյան օրագիր

… մարդու մեջ կա միայն մեկ էներգիա՝ կյանքի էներգիա․
․․․ Իսկ արարել, թե՝ քանդել, ․․․ կախված է նրանից, թե ուր է այն էներգիան ուղղվում․․․
Որտեղ դու ոչինչ չես կարող ստեղծել՝ դու պետք է քանդես։[2]

Միխայիլ Վելլեր,
Ամեն ինչ կյանքի մասին

Ներածություն

Հոդվածում շոշափված են բազմազան խնդիրներ, որոնց վերլուծությունը պահանջում է առանձին խոշոր աշխատություններ։ Այստեղ զուտ համառոտ ներկայացված են այսպես կոչված «ժամանակակից ճարտարապետության» (կամ «միջազգային ոճի») հայտնվելու պատճառները, եւ էությունը։

Մեկ բառով, եւ առանց դիվանագիտական հնարքների ասած․ «ժամանակակից» կոչված ճարտարապետությունը (ինչպես նաեւ կերպարվեստը, երաժշտությունը) աղետ է համաշխարհային արվեստի համար, որը կարելի է համեմատել միայն բարբարոսների գործած ավերածությունների հետ, ինչը դիպուկորեն եւ դառնությամբ նկատել է բանաստեղծը՝ բնաբանում բերված տողերում։ Այդ աղետը վրա հասավ սրընթաց, մոտավորապես՝ ԺԹ դարի վերջին եւ Ի դարի առաջին տասնամյակների ընթացքում՝ մեկ սերնդի աչքի առաջ։ Իսկ շուտով, երբ իսկական ճարտարապետությամբ զբաղվողները բնական ճանապարհով վերացան, այն դարձավ սովորական։

Սակայն ինչո՞ւ դա եղավ։ Ինչո՞ւ հազարամյակների ընթացքում ճարտարապետությունը զարգանում էր որոշակի՝ ժառանգորդական հունում, իսկ մի երկու տասնամյակների ընթացքում, այդ ժառանգությունն ըստ էության՝ վերացավ։ Որքան էլ դա անսպասելի լինի, բայց պատճառը շատ պարզ է եւ ակնհայտ, թեեւ, սովորաբար, չի նկատվում, ինչպես հաճախ է լինում, երբ որոնվում է մի բան, որն ամենատեսանելի տեղում է դրված։

Ի՞նչ արժի, կամ ո՞րն է գեղեցիկը

Որեւէ համակարգ (իսկ ճարտարապետական հմտությունները նույնպես համակարգ են կազմում) կարող է քայքայվել թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին գործոնների ազդեցության տակ։ Մեր դեպքում ակնհայտ է, որ քայքայիչ հիմնական (գուցե՝ միակ) գործոնը արտաքին էր, քանի որ նույն ճակատագրին արժանացան նաեւ արվեստի այլ տեսակները։ Եւ դա տնտեսական պայմանների փոփոխությունն էր։

Մարդու գործունեությունն առհասարակ, եւ արվեստները՝ նույնպես, կախված է տնտեսական պայմաններից։ Եւ ստացվեց այնպես, որ հենց այդ ժամանակահատվածում տեղի ունեցավ այդ պայմանների հիմնարար փոփոխություն։ Նախադրյալները նկատվեցին քիչ ավելի վաղ՝ ԺԹ դարի կեսից, երբ իրար հետեւից ընթացան մի շարք հեղափոխություններ․ 1848 — 49 թվականների եւրոպական հեղափոխությունները, ճապոնական Մեյձի հեղափոխությունը, Ի դարասկզբի ռուսական հեղափոխությունները, որոնց ուղեկիցն էր «երկրորդ արդյունաբերական հեղափոխությունը», որն էլ բերեց տնտեսության թռիչքաձեւ զարգացմանը, այդ թվում՝ արդյունաբերական եւ առեւտրական, հետեւապես նաեւ՝ բանկա-ֆինանսական ոլորտների։

Մինչդեռ շինարարությունը թանկ ոլորտ է եւ ամբողջովին կախված է երկրի ֆինանսական վիճակից։ Գեղարվեստական արժեք ներկայացնող շինարարությունը՝ էլ ավելի թանկ է։ Նկատենք, որ ճարտարապետությունը, ի տարբերություն սոսկ շինարարության՝ հենց շինությանը գեղարվեստական արժեք հաղորդելու արվեստն է, ինչն արտահայտված է նաեւ այս եզրույթի կառուցվածքում[3]։

Սակայն ի՞նչն է հաղորդում շենքին գեղարվեստական արժեք։ Կամ այլ կերպ․ ի՞նչը համարել «գեղարվեստական»։ Այս հարցը ունի երկու կողմ․ քանակական եւ որակական եւ երկուսն էլ՝ խնդրահարույց։ Առաջինը, թերեւս, ավելի բարդ խնդիր է (թեեւ, ինչ էլ ասեն թերհավատները՝ ըստ իս, միանգամայն լուծելի), եւ այստեղ կանդրադառնանք միայն հիմնական հարցին․ թե ինչով է պայմանավորված գեղարվեստական արժեքը։ Արդեն իսկ հարցադրումը հուշում է, որ տվյալ շինությունը գեղարվեստական արժեք կարող է եւ չունենալ։ Բայց միեւնույն է մնալ շինություն։ Այս պարզ տրամաբանությունից հետեւում մի պնդում․ գեղարվեստական արժեքը մի բան է, որը կապ չունի շինության գործառույթի հետ։ Կամ այլ կերպ․ գեղարվեստական արժեքը դա ինչ-որ հատկություն է, որը հավելյալ է գործառութային արժեքի նկատմամբ։

Ի դեպ, այս պնդումը կարելի է դիտել որպես թեորեմ․ եթե սա տեսական շարադրանք է, ուրեմն, որպես իրեն հարգող յուրաքանչյուր տեսություն պիտի ապացուցի իր պնդումները, այն է՝ պիտի պարունակի թեորեմներ։

Փորձենք ապացուցել, օրինակ՝ հակադարձից։ Իրոք, ապահովելու համար շենքին ներկայացվող նվազագույն գործառութային պայմանը՝ մարդուն միջավայրի անցանկալի ազդեցություններից պաշտպանելը՝ կարելի է հողի մեջ փոս փորել վրան գցել մի քանի գերան՝ թողնելով մի անցք՝ որպես մուտք, գերանների վրա միքիչ խոտ դնել, վրայից էլ՝ հանված հողը։ Վերջ։ Կացարանը պատրաստ է։ Սա էլ է շինարարություն․ ապրելու համար պիտանի․ տաք, էժան։ Ընդ որում այն կարող է առհասարակ նույնիսկ չերեւալ դրսից․ հիանալի լուծում՝ շրջակա միջավայրի պահպանության տեսակետից։ Ավելին, հազարամյակների ընթացքում մարդը բավարարվել է հենց այդպիսի կացարաններով։ Կարելի՞ է խոսել նման գետնափոր շինության գեղեցկության մասին։ Ոչ մի դեպքում։ Անիմաստ է խոսել մի առարկայի գեղեցկության մասին, որը նույնիսկ չի էլ երեւում։ Ինչը եւ պետք է ապացուցվեր։

Բայց գուցե նոր ժամանակներում վիճակը փոխվե՞լ է։ Իրոք, գետնափոր կացարաններ վաղուց արդեն չեն պատրաստում, ավելացել են շինություններին ներկայացվող պահանջները․ խոնավության ու ջերմության որոշակի աստիճան, շփման տեսակետից հաճելի շինանյութ, կենսական անհրաժեշտության նյութերի մատակարարում, թափոնների հեռացում, բնակելի տարածքի գոտիավորում, շրջապատի բարեկարգում եւ այլն, եւ այլն։ Սա արդեն շինարարություն է այսօրվա իմաստով, ընդ որում՝ չափազանց թանկ։ Բայց պատկերացնենք շենք, որում կատարելապես ապահովված են վերոթվարկյալ պայմանները․ կարո՞ղ ենք պնդել, որ այդ շինությունը գեղեցիկ է, միայն շնորհիվ իր հարմարավետության։ Միեւնույն է՝ ոչ։ Կան հատկություններ, որոնք մարդու կյանքի եւ հարմարավետության ապահովման բուն խնդրի հետ կապված չեն։ Եւ գեղեցկությունն ու գեղարվեստական արժեքը հենց այս ոլորտից են։ Անհրաժեշտ է լրացուցիչ ինչ-որ բան՝ ոչ գործառութային, որ շենքը համարվի կատարյալ։ Ինչպես հազարան բլբուլը՝ հեքիաթում, առանց որի նույնիսկ ամենակատարյալ տաճարում «մի բան պակաս էր»։ Եւ դարեր շարունակ եւ բոլոր երկրներում այդ դերում հանդես է եկել շենքի հարդարանքը եւ համամասնական կառուցվածքը։ Ընդ որում դրանք ոչ միայն է՛լ ավելի են թանկացնում շինարարությունը, այլեւ դանդաղեցնում այն, մինչդեռ, ինչպես հայտնի է, ժամանակն էլ է փող։

Իհարկե, կարելի է ասել, որ գեղարվեստական արժեքը նույնպես գործառութային հատկանիշ է․ տգեղ շենքում ապրելը տհաճ է։ Ճիշտ այնպես, ինչպես տհաճ է ապրել, ասենք, ցուրտ, խոնավ, կամ մութ տանը։ Բայց դա սոսկ առաջին հայացքից։ Կա մի կարեւոր տարբերություն․ ակնհայտ է, որ ցանկացած մարդ զգում է․ տվյալ շենքը խոնավ է, թե՝ ոչ։ Սակայն, գեղեցիկ է այն, թե ոչ, շատ հաճախ ոչ միայն չեն զգում, այլեւ շինություն գնելիս կամ պատվիրելիս չեն էլ մտածում այդ ուղղությամբ։ Այնպես որ գեղարվեստական արժեքը հաստատապես չի կարող գործառութային պայման համարվել։ Ո՛չ հնում, ո՛չ այսօր։  

Բայց կարելի է նաեւ ասել, որ նվազագույն գործառութային պահանջներին բավարարող շինությունը արդեն իսկ կարող է եւ գեղեցիկ լինել։ Եւ ոչ միայն կարելի է, այլեւ՝ ասվում է։ Եւ համապատասխան պնդումը արվեստաբանության մեջ ունի իր եզրույթը[4]։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է այն ուղղությանը, որը պնդում է․ «կառույցը գեղեցիկ է, եթե դրա ձեւը պարունակում է միայն դրա պիտանիությունից բխող տարրեր»։ Այսինք, ոչ միայն համարվում է, որ գեղեցկությունը կապված է գործառութային հատկությունների հետ, այլեւ պայմանավորված է միայն դրանցով, եւ չի կարող դուրս գալ դրանց սահմաններից, պարունակելով հատուկ գեղարվեստական բաղադրիչ՝ հարդարանք։ Մինչդեռ վերեւում արդեն ասվեց, որ, առնվազն գետնափոր կացարանի դեպքում այդ մոտեցումը անիմաստ է։

Այնուամենայնիվ*, հենց այս դրույթը դարձավ գաղափարական այն հիմքը, որի վրա ձեւավորվեց ժամանակակից ճարտարապետության գաղափարաբանությունը։ Իսկ եթե հիշենք, որ ցանկացած արվեստ (իսկ երբեմն, նույնիսկ՝ գիտություն) կախված է իշխող գաղափարաբանությունից, պարզ կդառնա այս դրույթի դերը եւ նշանակությունը ճարտարապետական ձեւաստեղծման մեջ։ Ըստ էության այդ պնդումը նշանակում էր «զրոյական գեղեցկության» հռչակում․ շենքը կարող է գեղեցիկ լինել ինքն իրենով, առանց լրացուցիչ հնարքների՝ զարդերի եւ այլն։ Եթե համեմատենք, ասենք, զգեստի հետ, դա հավասարազոր կլինի պնդմանը, որ մարդը կարող է լինել գեղեցիկ՝ առանց որեւէ զգեստի։ Գուցե։ Բայց այդ դեպքում մենք չենք կարող խոսել զգեստի (դերձակության) արվեստի մասին։ Չի կարող լինել գեղեցիկ մի բան, որը չկա։ Թեեւ… մնում «մերկ արքայի» տարբերակը, ու, ցավոք, այսօրվա ճարտարապետությունը եւ դրա արվեստաբանությունը լիովին դառնում է այդ իմաստուն սյուժեի մարմնավորումը։

Անշուշտ, հարցն ունի եւ այլ կողմեր․ օրինակ կարելի է առարկել, որ շենքը համապատասխանում է մարդու զգեստին, ոչ թե՝ մարմնին։ Բայց շենքում մարդը գտնվում է զգեստավորված, այնպես որ շենքը եւ զգեստը նույն շարքի հասկացություններ չեն։ Ու թեեւ այս հարցը դեռ շատ նրբություններ ունի, սակայն այս պահի դրությամբ վերոհիշյալ թեորեմը կարելի է ապացուցված համարել։

Իսկ ինչո՞ւ «գուցե»։ Բանն այն է, որ մարդու մարմինը առանց զգեստի գեղեցիկ է ոչ հենց այնպես, այլ քանի որ ունի որոշակի ներդաշնակ, համամասնական կառուցվածք, մինչդեռ ժամանակակից ճարտարապետությունը դեն նետեց նաեւ այդ հասկացությունը։ Նույնիսկ այն մասով, որով համամասնությունների մասին հիշեցին, դրանք ներկայացվեցին ճիշտ հակառակ դրսեւորմամբ։ Բավական է միայն համեմատել մարդու համամասնությունների երկու այս պատկերումները, եւ պարզ կդառնա, թե ինչ հարաբերությունների մեջ են (զուտ համամասնությունների մասով, առանց հարդարանքի) «մինչքսաներրորդդարյան» եւ «ժամանակակից» ճարտարապետությունները։ Ցանկացած առողջ մարդ կուզեր ունենալ ձախ կողմում պատկերված մարմինը, եւ հազիվ թե մեկը ցանկանա ունենալ աջ կողմի էակի մարմինը․ չնչին գլխով, նեղ գոտիկով, որից ներս չեն տեղավորվի ներքին գործարանները՝ ստամոքսը, լյարդը, աղիները՝ եւ ահռելի աքցանաձեւ դաստակով։

Վիտրուվյան մարդու համամասնություններն ըստ Լեոնարդոյի։Դեգեներատ մարդու համամասնությունները ըստ Կորբյուզիեի

Այսպիսով, պատկերավոր կարելի է ասել, որ ճարտարապետությունը կառույցի, շինության «զգեստն» է, որը ներկայանում է հարդարանքի տեսքով։ Նույնիսկ եթե այն գեղեցիկ է «մերկ» վիճակում, դա չի նշանակում, որ այն պետք է մնա «մերկ»․ «հագուստով», այն է՝ զարդով ու հարդարանքով այն ավելի գեղեցիկ կլինի։ Օրինակ, նույնիսկ մարդու մերկությունը ընդունող քաղաքակրթություններում ընդունված է զարդեր դնել մերկ մարմիններին։

Հին Եգիպտոսում եւ մեր օրերում։ 

Ու միեւնույն ժամանակ, դա նշանակում է, որ այն «հագցնելու» համար պետք է միջոց ու ժամանակ ծախսել, ինչպես նաեւ ունենալ «շինությունների դերձակի» հմտություններ։ Այն է՝ ճարտարապետ, այլ ոչ թե սոսկ շինարար լինել։

Շուկայական կարգավորման հունով

Նշված գնային խնդիրների պատճառով դարեր եւ հազարամյակներ շարունակ շինարարության շուկան հստակորեն բաժանվել է երկու հատվածի․ նվազագույն պահանջներ բավարարող շինությունների ստեղծման, գրեթե անվճար, եւ՝ հիմնարար, գեղարվեստական շինարարության աներեւակայելի թանկ հատվածի։ Այս վերջին հատվածի շինությունները, երբեմն կանգուն են եղել դարերի ընթացքում եւ այսօր դիտվում են որպես հուշարձաններ եւ հենց բուն ճարտարապետություն։ Դրանք՝ նույնիսկ երբ պիտանի չեն լինում շահագործվելու համար անմիջական նպատակով, հաճախ վերակառուցվում են, պահպանելով դրանց զուտ արտաքին հատկանիշները։ Իսկ առաջին հատվածի կառույցները օրինաչափորեն ունեցել են ժամանակավոր կառույցների բնույթ, եւ, որպես հետեւանք՝ չափազանց կարճ կյանք։ Մասնավորապես՝ հենց զուտ գործառութային լինելու պատճառով․ երբ որ պայմանները փոխվել են, դրանց պիտանիությունը վերացել է եւ դրանք փոխարինվել են նորերով։ Կամ հակառակը․ գիտակցելով, որ այդ պայմանները փոխվելու են, դրանք կառուցվել են, որպես ժամանակավոր շինություններ։ Դրանցից եթե ինչ-որ բան պահպանված հայտնաբերվում է, ապա ընկալվում է, լավագույն դեպքում, որպես «հնագիտական» հուշարձան։

Այսպիսով, խոսքը բացառապես երկրորդ հատվածի շինարարությանն է վերաբերում։ Սրա թանկ լինելու հանգամանքից բխում է շատ կարեւոր հետեւություն․ այս հատվածում՝ որպես տնտեսության մի ճյուղում՝ շրջում են հսկայական միջոցներ․ այսինքն սա այս կամ այն աստիճանի ունեւոր մարդկանց խավին վերաբերող հատված է։ Սովորական աշխատավորն ի վիճակի չէ այս հատվածի տուն կառուցել։

Իսկ ինչպե՞ս է գոյանում մարդկանց հարստությունը։ Հնում հարստությունները գոյանում էին․․․ Առանձնապես չէին էլ գոյանում․ պարզապես կային հարուստ եւ աղքատ ընտանիքներ․ երկու խավերն էլ իրենց կարողությունները ստանում էին ժառանգաբար․ հարուստները՝ հարստություն, աղքատները՝ աղքատություն։ Բնականաբար, հարուստները կարող էին եւ կորցնել ունեցվածքը, իսկ ինչ-որ, չասենք՝ աղքատներ, բայց պակաս ունեւորներ՝ հարստանալ։ Սակայն խավից՝ խավ նման անցումները հազվադեպ էին լինում։ Բացի այդ՝ շատ դանդաղ էր ընթանում բնակչության աճը (գրեթե՝ գծային օրինաչափությամբ)։

Դրա հետեւանքով հիմնարար շենքեր կառուցվում էին ոչ շատ հաճախ․ նոր շենքերի անհրաժեշտություն գրեթե չէր լինում։ Ընտանիքները դարերի (առնվազն՝ տասնամյակների) ընթացքում բավարարվում էին միեւնույն կացարանով։ Իր հերթին դա բերում էր գեղեցկության մասին պատկերացումների շատ դանդաղ փոփոխման։ Իրոք․ եթե շուկան դանդաղ է աճում փորձարարության տեղ գրեթե չի մնում։ Իհարկե, արվեստաբանները կարող են զանազանել ավել կամ պակաս տարբերվող խոշոր ուղղություններ (եթե դա առհասարակ գործնական իմաստ ունի)՝ «ռոմանական», «գոթական», «վերածնունդ», ինչպես նաեւ դրանց ինչ-որ «նախա-», «ետ-», «վաղ», «ուշ», «ստորին», «վերին» ենթատեսակները, բայց խոստովանենք, որ սրանք որեւէ գործնական իմաստ չունեն։

Արդյունքում արվեստագետները՝ թե՛ նկարիչները, թե՛ ճարտարապետները առավելապես պետք է առաջնորդվեին ավանդական ձեւերով եւ գեղեցկության կանոններով, որոնք դարերի ընթացքում ավելի ու ավելի ճշտվում էին ու հղկվում, ինչպես մեր օրերում շարունակում են ճշտվել բնագիտական հաստատունների մեծությունները՝ Ավոգադրոյի թիվը, կամ ձգողականության հաստատունը։ Նորամուծությունները արվում էին այդ կանոնների շրջանակներում եւ միայն կուտակվելով դարերի ընթացքում տալիս նոր «ոճեր»։ Նախորդ դարերի՝ ժամանակի փորձությունն անցած շենքերի՝ հուշարձանների հետազոտումը (նկարումը, չափագրումը) ճարտարապետական կրթության անբաժանելի մասն էր։ Արդյունքում թե՛ պատվիրատուների եւ թե՛ ճարտարապետների մոտ ձեւավորվում էր «ճիշտ» կառույցի մասին միջինացված պատկերացում (բնականաբար՝ տարբեր երկրներում այս կամ այն չափով տարբեր)։

Ճարտարապետական ոճերի վրա ազդում է նաեւ իշխող գաղափարաբանությունը։ Այն կարող է «սառեցնել» որեւէ առանձնահատկություն, դարձնելով գաղափարական առումով պարտադիր պայման՝ արժեքավոր շենքի համար։

Սակայն մեր օրերից մոտ 3—4 դար առաջ իրավիճակն աստիճանաբար սկսեց փոխվել։ Նախ այդ փոփոխությունը տեղի ունեցավ տնտեսության մեջ։ Սա արտահայտվեց նախապես Եւրոպայի գաղափարաբանական դաշտում․ ծնվեց բողոքականությունը, որը քիչ անց սկսեց ներողամտորեն վերաբերվել վաշխառությանը եւ շուտով ձեւավորվեց բանկային համակարգը։ Ապա (կամ որպես հետեւանք) փոխվեց ժողովրդագրական վիճակը, եւ զգալիորեն արագացավ բնակչության աճը։

Սա բերեց շինարարական շուկայի կտրուկ աճին․ մի կողմից շատանում էր բնակչությունը, մյուս կողմից՝ առեւտրի միջոցով հարստացածների, ուստի եւ՝ հիմնարար շենքեր ձեռք բերել (պատվիրել) կարողացողների թիվը։ Իրավիճակը զարգանում էր հետզհետե արագացող օրինաչափության շրջանակներում․ սկզբում բավական դանդաղ, իսկ մոտավորապես 19-րդ դարի վերջում՝ սրընթաց։ Քաղտնտեսական խնդիրները բերեցին առաջին համաշխարհային պատերազմին, որի կատարած ավերածությունները է՛լ ավելի մեծացրեցին շինարարական շուկան։ ԱՄՆ-ում այդ գործընթացը նույնիսկ ավելի շուտ սկսվեց․ թերեւս՝ քաղաքացիական պատերազմի հետեւանքների պատճառով։

Սովորել, թե՞ չսովորել

Ես ակադեմյաներ չեմ անցել։[5]

Զորավար Չապաեւ (կինոհերոս)

Սակայն շինարարական շուկայի աճը ենթադրում էր նաեւ ճարտարապետների լրացուցիչ քանակ։ Որտեղի՞ց պիտի այն հայտնվեր։ Նախկինում մասնագիտությունները առավելապես սերնդե սերունդ էին փոխանցվում։ Բայց նոր պայմաններում այլեւս սերնդե սերունդ փոխանցվող մասնագիտությունը չէր կարող բավարարել արագ աճող շուկայի պահանջները (որոշ դեպքերում որդիները կարող էին առհասարակ չշարունակել ընտանեկան զբաղմունքը)։ Եւ պահանջարկը ստեղծեց առաջարկ․ Եւրոպայում, ապա՝ ԱՄՆ-ում սկսեցին ստեղծվել ճարտարապետության եւ առհասարակ «նրբագեղ արվեստների» ակադեմիաներ եւ ճարտարապետական բաժանմունքներ՝ համալսարաններում։

Մի խոսքով, սկսեցին ձեւավորվել ճարտարապետական դպրոցներ, այն է՝ ճարտարապետներ ձեւավորող (եթե կուզեք՝ արտադրող) դարբնոցներ, որոնցում սովորեցնում էին նախագծել։ Ինչպե՞ս։ Բոլոր դարերում ուսումը երկու կողմ է ունեցել․ տեսական եւ գործնական։ Սակայն առաջինը գործի տեսակետից ժամանակի անիմաստ վատնում է թվում։ Իրոք, ինչո՞ւ է պետք ժամանակ (էլ չեմ ասում՝ նյութ եւ միջոց) ծախսել ինչ-որ համամասնություններ, զարդեր, հազար ու մի «ավելորդություններ» յուրացնելու վրա։ Որքա՜ն գայթակղիչ է անմիջապես գործի անցնել։ Հատկապես, որ նոր պայմաններում գործն այնքա՜ն շատ էր։ Այնուամենայնիվ, սկզբնապես այդ ուսումնական հաստատություններում դասավանդման մոտեցումները մնում էին դարավոր հունի մեջ։ Այսինքն․ դանդաղ եւ հիմնարար։

Մինչդեռ, ինչպես ասվեց, շինարարական շուկայի ընդլայնումը արագանում էր։ Նախկինում, քանի որ պատվիրատուները ժառանգական հարուստներ էին, ովքեր միջոցներ ունեին զարգացնելու սեփական գեղագիտական պատկերացումները, նրանց մեջ հայտնվում էին կիրթ եւ գեղեցկության կանոններին ծանոթ անձինք եւ սա նույնպես նպաստում էր ավանդության պահպանմանը․ հաճախորդը միշտ ճիշտ է։ Իսկ նոր պայմաններում առեւտրի եւ արդյունաբերության սրընթաց զարգացումը հնարավորություն էր տալիս ոչ ունեւոր, ուստի եւ գեղագիտական հարցերով եւ «ավելորդություններով» իրենց չկաշկանդող անձանց արագորեն հարստանալ եւ մտնել շինարարական շուկա, որպես պատվիրատու։ Ու ի՞նչ պահանջներ պիտի դնեին ճարտարապետի առջեւ նորահարուստները եւ ի՞նչ սկզբունքով նրանք պիտի որոշեին ճարտարապետի կողմից առաջարկված նախագծի արժանիքները։

Ինչի՞ է ձգտում ցանկացած պատվիրատու (գնորդ)․ որ այն ինչ ձեռք է բերելու՝ լինի ամենալավը։ Իսկ ո՞րն է այդ ամենալավը։ Բնականաբար, լավը վատից տարբերելու համար անհրաժեշտ են գիտելիքներ։ Իսկ եթե դրանք չկա՞ն։ Այդ դեպքում, գործառութային այլ հավասար պայմաններում մարդիկ, կախված խառնվածքից, առաջնորդվում են առկա նմուշների հետ նմանության աստիճանից։ Մի մասը ցանկանում է ձեռք բերել իր շրջապատում արդեն եղած մի նմուշ (փորձված մածունի սկզբունքով), մյուսները՝ այնպիսի մի բան, որը ոչ ոք չունի։ Եւ այս երկու իրարամերժ ձգտումները աստիճանաբար ձեւավորում են շուկան։ Առաջին մոտեցումը առավելապես զգուշավոր, ոչ փառամոլ մարդկանց մոտեցումն է, երկրորդը՝ վտանգախնդիր եւ փառամոլ։ Եւ հենց այս վերջիններից էին (եւ՝ են), որպես կանոն, այն հաջողակները, ում վիճակվում էր կարճ ժամանակահատվածում հարստանալ, եւ հասարակության ընդհանուր միտման որոշիչը հենց սրանք էին դառնում։

Այսպիսի անձանց՝ ում համար դորիական եւ կորնթական սյունակարգերի միջեւ տարբերություն չկա՝ չես զարմացնի եւս մի գերներդաշնակ նախագծով։ Մինչդեռ եթե առաջարկես շինություն, որն առհասարակ զուրկ է որեւէ հարդարանքից, նա տարբերությունը անմիջապես կնկատի եւ կնախընտրի այն, քանի որ այդպիսի շենք մինչ այդ ոչ ոք չի ունեցել․ նա առաջինն է։

Այդպիսին էր, օրինակ, առեւտրական Էդգար Կաուֆմանը, որի համար նախագծեց իր հայտնի «Ջրվեժի տունը» Ֆրենկ Լոյդ Ռայթը։ Կամ ժամացույցների արտադրող Անատոլ Շվոբը, ում համար առանձնատուն նախագծեց Կորբյուզիեն։ Այնպես որ, երբ պահանջարկը սկսեց ակնհայտորեն գերազանցել առաջարկը (այսինքն նույն այդ 19 դարի վերջում), պարզվեց, որ պատվերներ կարող են հայթայթել նույնիսկ թերի կրթությամբ անձինք։

Լուիս Հենրի Սալլիվանը՝ ամերիկյան նոր ճարտարապետության հիմնադիրներից մեկը՝ այդպիսի թերուսներից էր․ տասնվեց տարեկանում՝ նա սոսկ մեկ տարի սովորել է Մասսաչուսեթսի տեխնոլոգիական հաստատությունում։ Եւ վերջ։ Ապա անցել է աշխատանքի Ֆրէնկ Ֆըրնեսսի արվեստանոցում, որը հատկապես հայտնի է նրանով, որ ազդեցություն է թողել իր՝ Լուիս Սալլիվանի վրա։  

Վալտեր Գրոպիուսը՝ մեր օրերում նախորդից անչափ ավելի հայտնի՝ նույնպես, մեղմ ասած, թերուս էր․ նա սովորել էր ընդամենը չորս կիսամյակ եւ նույնիսկ նկարել չգիտեր։ Ավելին՝ ամբողջ կյանքում այդպես էլ չսովորեց եւ, ասում են, միշտ կախվածության մեջ էր գտնվում նկարել կարողացող գործընկերներից։ Նկարել չիմացող «ճարտարապետ»․ նախկինում դա զուտ որպես օքսյումորոն՝ զավեշտ կդիտվեր։

Միս վան դեր Ռոէն քարի մշակում էր յուրացրել հոր արվեստանոցում (սա դեռ ավանդական կրթության մնացուկներից էր), ապա աշխատել էր ներսույթի ձեւավորմամբ զբաղվող արվեստանոցում․ հասկանալի է, որ ներսույթի ձեւավորման հմտություններ յուրացնելը սոսկ հեռավոր կապ ունի ճարտարապետական լիարժեք կրթության հետ։

Լե Կորբյուզիե՝ ժամանակակից ճարտարապետության գաղափարաբանը եւ խորհրդանիշը, կարելի ասել՝ կուռքը։ «Հեղինակը ինքնուս էր։ Նա միշտ խուսափում էր պաշտոնական կրթությունից եւ երբեք չէր ճանաչում կանուններ, որոնք հանձնարարվում էին տարբեր ակադեմիաների կողմից»։ Այսպես է գրում իր մասին Շարլ-Էդուար Ժաններե-Գրին (սա է այս անձնավորության սկզբնական անունը)։ Կարծում եմ ավելորդ է բացատրել, թե ինչ կլինի, եթե այսօր մի «ինքնուս», այն է՝ թույլտվություն (license) չունեցող՝ որոշի շենք կառուցել․ տուգանքով պրծնելը լավագույն ելքը կլինի։ Իսկ պարոն Ժաններե-Գրին այդ հնարավորությունը ոչ միայն ունեցավ, այլեւ իր անկիրթ լինելը հոխորտանքով էր ներկայացնում․ «Ես ակադեմյաներ չեմ անցել»՝ որպես էկրանային կիսագրագետ հերոսի՝ զինվորական Չապաեւի իրական մարմնավորում։

Կարելի է, իհարկե, բացատրել իր վերաբերմունքը մասնագիտական կրթությանը, գործնական աշխատանքով կրթվելու նախընտրությամբ։ Սակայն այն, ինչ կերտեց նա, որպես նախագծող եւ «քանդակագործ», վկայում է, որ ոչ միայն ակադիմիաներում, այլեւ՝ առհասարակ սովորելու մտադրություն նա չի ունեցել, քանի որ պարզապես «խուսափում էր» դրանից։

Իրոք, հաճախելով ակադեմիա նա կհայտնվեր անցյալի ճահճում եւ կսկսեր ստեղծել կարծրացած ձեւեր․ օրինակ՝ այսպիսի։Իսկ ակադեմիական ճիրաններից խուսափած նրա միտքը ազատ թռիչքներ գործեց։ Ի՜նչ համեմատություն։

Կորբյուզիեի ընտանեկան զբաղմունքը եղել է ժամացույցների արծնապատումը։ Նա 13 տարեկանում կիրառական արվեստի դասեր է առնում, ուր դասավանդում էին «նոր արվեստի» սկզբունքները, ապա զբաղվում ընտանեկան գործով՝ արծնապատում ժամացույցներ եւ դրանց տուփերը, փորագրություններ կատարում։ Սակայն հետաքրքրված լինելով ճարտարապետությամբ 18 տարեկանում նա մասնակցում է մի շենքի նախագծմանը եւ կառուցմանը։ Ապա նախաձեռնում է երկու ճանապարհորդություն Եւրոպայով, որոնց ընթացքում ծանոթանում է ճարտարապետական ժառանգությանը։ Սակայն դատելով իր գործերից, միակ բանը, որ նա քաղել է այդ ընթացքում, դա ոչինչ չքաղելու որոշումն է։ Ապա աշխատում է եւրոպական տարբեր ճարտարապետական արվեստանոցներում, այդ թվում՝ Օգյուստ Պերրեի եւ Պետեր Բերենսի մոտ։

Օգյուստ Պերրեն ծնվել է քարտաշի ընտանիքում։ Հայրը հաջողակ գործարար էր։ Սկսել է ուսումնասիրել ճարտարապետությունը Փարիզի Նրբագեղ արվեստների դպրոցում, սակայն չի ավարտել կրթությունը եւ շարունակել է ընտանեկան գործը։ Ապա կառուցել է բնակելի տուն երկաթբետոնից։

Պետեր Բերենսը ստացել է գեղանկարչի կրթություն, ապա աշխատել է որպես նկարիչ, տառաստեղծ եւ կազմարար (ի դեպ, իր ոճի մեջ բավական լավ տառաստեղծ է եղել)։ Ապա կառուցում է առաջին տունը՝ ողջ ներսույթով եւ կահավորմամբ եւ այսուհետ զբաղվում ճարտարապետությամբ։

Պյեր Լուիջի Ներվին ստացել է ինժեներական կրթություն եւ հայտնի է գյուտարարությամբ երկաթբետոնի բնագավառում։ Թեեւ չգիտես ինչու՝ համարվում է ճարտարապետ։ Դա նույնն է, ինչ եթե երգահան համարվեր իր հայրենակից՝ ջութակների վարպետ Ստրադիվարին, այլ ոչ թե, Պագանինին։

Ֆրենկ Լոյդ Ռայթը դպրոց չի հաճախել, ապա սովորել է համալսարանում, որպես արհեստագետ, բայց անավարտ է թողել կրթությունը, եւ ապա անցել աշխատանքի ճարտարապետական արվեստանոցներում։ Մասնավորապես՝ Լուիս Սալլիվանի, որն ինչպես գիտենք նույնպես թերուս էր․․․

Վերջաբան

Ինչպես տեսնում ենք, ժամանակակից ճարտարապետության ոչ միայն անխտիր բոլոր անվանի հիմնադիրները այլեւ այդ հիմնադիրների ուսուցիչները չեն ունեցել ճարտարապետական կրթություն, կամ այն եղել է թերի։ Սկզբունքորեն, դա ինքնին սարսափելի չէ։ Նախորդ դարերում առհասարակ չկային մասնագիտացված ճարտարապետական դպրոցներ։ Նույն Միկելանջելոն, Վինյոլան, Պալլադիոն, Բրամանտեն, նախապես սկսել են ստեղծագործել որպես նկարիչներ կամ քանդակագործներ։ Սակայն դա, ինչպես նշվեց վերեւում, այլ ժամանակներ էին․ շտապելու տեղ չկար եւ կարելի էր արվեստանոցներում աշխատել եւ միաժամանակ՝ սովորել։ Բայց սովորեցնելու էին նույնը, ինչ դարեր շարունակ՝ ներդաշնակության եւ գեղեցկության նույն կանոնների շրջանակներում եւ ինքնուրույն պատվերներ չէին ստանա, քանի դեռ չէին վարպետացել․ իրենց պարզապես ոչ ոք գործ չէր էլ վստահի, քանի որ պատվիրատուները նույնպես կիրթ էին։

Մինչդեռ Ի դարի սկզբում կառուցում էր ցանկացած թերուս, ում կհաջողեր նույնպիսի թերուս, բայց հաջողակ նորահարուստից պատվեր կորզել, եւ որքան հնարավոր է՝ շատ։ Ոմանք չէին էլ թաքցնում, որ իրենց նպատակն է «պլան կատարելը»։ Միս վան դեռ Ռոէն այդպես էլ ասում էր․ «Քիչ, նշանակում է շատ»։ Քիչ ծախս (ջանք, նյութ, ժամանակ)՝ նշանակում է շատ կառույցներ, ուստի եւ՝ եկամուտ․ «լռվես» «ավելորդություններ» նախագծելու վրա (ինչին չես էլ տիրապետում, քանի որ չես սովորել)՝ կկորցնես նոր պատվերներ, եւ դրանք կհայտնվեն մրցակիցների ձեռքում։

Հետագայում վիճակը փոխվեց, վերոհիշյալ «վարպետները» ստեղծեցին իրենց «դպրոցները», որոնցում «սովորեցին» երկրորդ սերնդի այնպիսի «վարպետներ», ինչպիսիք էին Օսկար Նիմեյերը, որը կառուցում եր պարզունակ երկրաչափական մարմինների տեսքով մանրակերտներ՝ բնական չափով, կամ Յու Մին Փեյը, ով «նոր շունչ» հաղորդեց Լուվրին, իսկ մեր օրերի եզրույթով ասած՝ դիմակ դրեց դրա ճակատին։  

Ստեղծվում էին (եւ այսօր շարունակում են ստեղծվել) անմարդկային արտաքինով շենքեր, երբեմն՝ ներդաշնակության տարրական կանոնների բացառմամբ։ Իզուր չէ, որ այդ «ստեղծագործությունները» նախընտրում են լուսանկարել զգալի կրճատմամբ, կամ՝ օդից, որպեսզի որոշ չափով փրկեն դրանց կերպարը, կամ, ավելի ճիշտ՝ կերպար հաղորդեն, մինչդեռ իրականության մեջ դրանք դառնում են քաղաքների հին տեսարանները եւ քաղաքաշինական հյուսվածքները աղճատող օտարածին տարրեր։ Առարկաներ, որոնց գոյությունն արդարացվում է միայն ու միայն, գովազդի միջոցով։ Դրա համար պարզապես անհրաժեշտ էր հիմնահատակ քանդել ճարտարապետական գիտությունը եւ դպրոցը, հայտարարելով այն հնացած, արդարացնելու համար այն պարզ իրողությունը, որ իրենք ճարտարապետական հմտություններին չէին տիրապետում։ Մասնավորապես՝ դա արվեց այսպես կոչված արվեստաբանների կողմից՝ հանրության ուղեղների լվացման միջոցով։ Սյուժե, որն այնքան դիպուկ մարմնավորել է մեծ հեքիաթագիրը իր «Մերկ արքայում»։ 

Ռուբեն Հակոբյան (Թարումեան)

23.12.2020

* Ամսագրային տարբերակի համեմատ կան որոշ տարբերություններ


[1] У Корбюзье то общее с Люфтваффе,
что оба потрудились от души
над переменой облика Европы.
Что позабудут в ярости циклопы,
то трезво завершат карандаши
.

[2] …в человеке есть только одна энергия — энергия жизни. … А вот созидать или разрушать, … — зависит от того, куда эта энергия направляется…
Где ты
ничего не можешь создать ты должен разрушить.

[3] Ճարտարապետություն բառը համապատասխանում է հուն․ αρχιτεκτονική բառին, որն իր հերթին կազմված է հուն․ αρχι— «գլխավոր» եւ τέκτων «հյուսն, շինող» (ի դեպ, երկրորդ բաղադրիչը ծագում է նհե․ tek— «հյուսել» արմատից, որից ծագում է նաեւ հայ․ թեքել՝ «շինել, սրել, կրթել» բառը)։ Հայերեն բառի կազմությունը թվում է պարզ ճարտար՝ «հմուտ» + պետ՝ «գլխավոր, ղեկավար», այն է՝ «հմուտ ղեկավարություն»։ Սակայն առաջին արմատը սովորաբար չի ստուգաբանվում (ինչպես միշտ՝ կասկածում են իրանական փոխառություն), թեեւ այն պարզ է․ ճարտ + ար։ Այս երկրորդ բաղադրիչը նհե․ ar— «կցել» արմատն է, իսկ առաջինի իմաստը համարվում է անորոշ։ Մինչդեռ, կարող ենք նկատել, որ առաջին ճ-ն նախահավելում է, իսկ երկրորդ մասը արտ— արմատն է, որը նույն նհե․ ar— արմատն է՝ t աճականով (արդեն իսկ նախահնդեւրոպական լեզվում), որից է նաեւ հայ․ արդ «ձեւ», ինչպես նաեւ լատ․ art «արվեստ»։ Այսպիսով, ճարտար բառի կազմությունը ստացվում է կրկնավոր՝ նույն ar— արմատից (որպես՝ արար, բայց առաջին բաղադրիչը՝ նախահավելումով եւ աճականով), իսկ խնդրո առարկա բառի իմաստը ներկայանում է, որպես «գլխավոր արարիչ, արարչապետ»՝ փաստորեն իմաստով համընկնելով հուն․ բառի կազմության տրամաբանությանը։ Մյուս կողմից՝ հաշվի առնելով այս շարքում հայտնված «ձեւ» եւ «արվեստ» հասկացությունները, պարզ է դառնում, որ ճարտարապետությունը, փաստորեն, ձեւաստեղծման արվեստ է։

[4] Ես չեմ պատրաստվում տարբեր տեսակի –պաշտությունների, —ականությունների այն է՝ —ism-երի քննարկման մեջ խորասուզվել, քանի որ դրանց սահմանումները, որպես կանոն վիճահարույց են։ Ավելին, երբեմն թվում է վիճահարույց լինելը դրանց հիմնական արժանիքն է, քանի որ դրանց սահմանման քննարկումը արվեստաբանների մեծագույն մասի հացն ու ջուրն է։ Ես նշում եմ դրանց էությունը, իսկ թե ո՞ր —ism-ով պիտակել այս կամ այն հասկացությունը, յուրաքանչյուրը կարող է որոշել ինքնուրույն։

[5] «Я академиев не проходил»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back To Top