

Առաջինը՝ Պոլ Շաբայի (ֆր․ Paul Chabas) «Սեպտեմբերյան առավոտ» գործը համարվում է «կիտչ»․ այս բառը արդի արվեստաբանության մեջ ունի հստակ բացասական իմաստ (գերմ․ Kitsch «անճաշակություն, փինաչիություն»)։ Երկրոդը՝ Պաբլո Պիկասսոյի «Մազերը ոլորող մերկ կինն» է, որը ժամանակակից ոչ մի արվեստաբան չի խիզախի ոչ միայն «կիտչ» անվանել, այլեւ առհասարակ մի որեւէ աննշան բացասական երանգով չի արտահայտվի (եթե իր համար թանկ է սեփական «մասնագիտական» ապագան)։
Մինչդեռ Անդերսենի արքայի պալատականների ախտով չվարակված յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ առաջին գործը՝ արվեստ է (անկախ դասակարգումից), իսկ երկրոդը՝ հոգեկան խանգարումով տառապողի (կամ գուցե՝ հրճվողի) զառանցանք է, որը կարող է արվեստի գործ համարել կամ նույնպիսի հոգեկանը, կամ տգետը կամ չարամիտ խարդախը։
Անշուշտ, «կիտչ» համարվող գործերի շարքում իրոք կան բացահայտ անճաշակություններ, սակայն հաճախ այդ բառն օգտագործվում է պիտակելու համար դասական կերպարվեստի գործերը՝ վարկաբեկելու նպատակով։ Մյուս կողմից, Պիկասսոն ունի եւ, այսպես կոչված, «ակադեմիական» գործեր, բայց Շաբայի բերված գործի վարպետությանը դրանցից եւ ոչ մեկը «չի ձգում»։ Եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ նա դեռ պատանի տարիքում կտրուկ հեռացավ «ակադեմիական» արվեստից․ ասել է թե, այդպես էլ մնաց ինքնուս եւ անկիրթ։
Ինչը չխանգարեց իրեն ձեւավորել սեփական «արտադրանքի» հսկայական շուկա։ Կամ գուցե հենց դա էլ նպաստեց․ ով-ով՝ մենք հո գիտենք, որ կրթությունը միայն խանգարում է գործարարությանը․ համենայն դեպս, նույնիսկ Ֆորբսի ցուցակում կրթությունը կիսատ թողած անձանց թիվը բավական մեծ է։

