Շշի վզիկի, Արցախի եւ հայ ազգի ապագայի մասին

Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2023 թվականի հունվարի 22-ին

Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե՛ս —
Անհետ կորել, անցել է չար մշուշի պես:

Անհետ կորել է Բաբելոնը, բայց ոչ միայն նա է կորել․ շատերն են կորել, ու դեռ կորելու են։ Իսկ շատերն էլ չեն կորել, բայց եղել են դրա եզրին․ շշի վզիկի եզրին․․․

Շշի վզիկի երեւույթը կենսաբանական հասկացություն է, որը դրսեւորվում է, երբ տվյալ ժողովույթի թվաքանակը որոշակի ժամանակահատվածում ինչ-ինչ պատճառներով կրճատվում է, ապա՝ վերականգնվում։ Դա բերում է տարաբնույթ հետեւանքների, կապված դրա բազմազանության, կենսունակության հետ եւ այլն։ Այդ երեւույթը համեմատում են շշի վզիկի հետ, քանի որ, եթե հորիզոնական գծով պատկերվեն տվյալ ժողովույթի առանձնյակների քանակը, իսկ ուղղաձիգ գծով՝ ժամանակը, ապա ժամանակի ընթացքում նվազող, եւ ապա՝ աճող այդ գծերի բազմությունը կկազմի շշի, կամ ավազի ժամացույցի ուրվագիծ (ինչպես այս նկարում է)։ Կենդանական ամենահայտնի տեսակը, որ անցել է այդպիսի վզիկով, թերեւս, գեպարդներն են․ կա կարծիք, որ ինչ-որ պահ աշխարհում մնացել է այդ կենդանիների ընդամենը մեկ զույգ, բայց հիմա՝ փառք Աստծո․․․ Իսկ, օրինակ, միջատները, անցնում են շշի վզիկով, ամեն տարի՝ ձմռանը․ այդպիսի ճակատագիր է․․․

Պատճառները, որոնք բերում են տեսակներին, դրանց ժողովույթները շշի վզիկի եզրին, տարբեր են։ Դա կարող է լինել սննդի պակասը, եղանակի փոփոխությունը, հրաբուխի ժայթքումը, երկնաքարի անկումը, բայց նաեւ՝ այլ տեսակների հետ անհաջող պայքարը, եւ արդյունքում՝ բնակության տարածքի եւ սննդի աղբյուրների կրճատումը։ Բնականաբար, բոլոր տեսակներին չէ, որ հետո հաջողվում է հարմարվել նոր պայմաններին եւ վերականգնել թվաքանակը, այն է՝ դուրս գալ շշի վզիկից․ հաճախ շիշն այդ, պատկերավոր ասած, հավերժ փակվում է դրանց առաջ եւ տվյալ տեսակը վերանում է։

Սովորաբար այդ հասկացությունը կիրառում են բուսական եւ կենդանական աշխարհի մասին խոսելիս։ Սակայն այն միանգամայն կիրառելի է նաեւ ազգերի եւ առհասարակ՝ ցանկացած բազմացող համակարգերի դեպքում, օրինակ՝ բյուրեղների։ Ցավոք, եթե կենսաբանական ժողովույթների մասին մեծաքանակ գրականություն կա, սակայն ազգերի մասին այն շատ քիչ է․ ցավոտ նյութ է․․․ Օրինակ, համեմատաբար հաճախ են գրում աշկենազ-հրեաների շշի վզիկով անցնելու մասին։ Իսկ ի՞նչ կարելի է ասել, մյուս ազգերի մասին՝ պարզ չէ։ Ավելի հեշտ է խոսել այն ազգերի մասին, որոնք չեն անցել․․․ աքքադացիները, մարերը, էտրուսկները․․․ նրանք արդեն չեն դժգոհի եւ իրենց մասին կարելի է խոսել․․․

Բայց մեզ հետաքրքրում են ոչ թե այլ ազգերը, այլ հենց մերը։ Կարելի է չկասկածել, որ մեր ազգը պատմության ընթացքում անցել է այդպիսի առնվազն մեկ վզիկով․ պարզ է, խոսքը Մեծ եղեռնի մասին է։ Այսօր հայերի (կամ ավելի ճիշտ, նրանց, ովքեր ծագումով հայ են) թվաքանակը աշխարհում մոտավորապես նույնքան է, որքան եղեռնից առաջ․ այսինքն, թվում է թե, վերականգնվել հաջողվել է, բայց․․․ Որպեսզի ազգը (ոչ թե ծագումով այդ ազգից, այլ համապատասխան լեզվով խոսողների բազմությունը) գոյատեւի նրան անհրաժեշտ է տարածք, որի վրա այդ լեզվի կրողները կկազմակերպեն իրենց առօրյան՝ հենց այդ լեզվի հիման վրա։ Եւ ահա, եթե կենսաբանական միավորների՝ անհատների, կներեք՝ առանձնյակների մակարդակով հայ ազգը անցավ շշի վզիկով, ապա տարածքի առումով՝ ոչ․ այսօր հայ ազգը բնակվում է հինգ տոկոսի վրա այն տարածքի, որի վրա այն ձեւավորվել է։ Իսկ դա նշանակում է, որ հայ ազգը հիմա գտնվում է իր գոյությունը պահպանելու տեսակետից խիստ անբարենպաստ պայմաններում։ Կրկնում եմ՝ որպես ազգ, այլ ոչ թե՝ ժողովուրդ։ Որպես ժողովուրդ ոչ մի խնդիր չկա․ տարածքը միշտ էլ ինչ-որ մարդիկ բնակեցնելու են․ գուցե նույնիսկ «հայ» էլ կկոչվեն։ Օրինակ, այսօրվա մակեդոնացիներր սլավոններ են, ոչ թե Մեծ Ալեքսանդրի ցեղակիցները։ Կամ այսօրվա բուլղարացիները Ասպարուխի ազգակիցները չեն։ Հեռու չգնանք, այսօրվա ազերիները, ի՞նչ կապ ունեն իրանական «ազերի» ցեղի հետ, բացի անունից եւ տարածքից, որի վրա այսօր բնակվել են։ Ու եթե ինչ-որ ժամանակ հետո երբեմնի Արմենիայի տարածքում բնակվեն Էրմենիներ, դրանք հո Խորենացու կամ Տերյանի լեզվով չե՞ն խոսելու։ Գլխի ընկնո՞ւմ եք թե, որ լեզվով․․․ ԵՐԱԶների․․․

Այնպես որ ինքնախաբեությամբ չարժե տարվել․ այսօր մենք Մեծ Եղեռնի արդյունքում ձեւավորված «շշի վզիկից» դեռ դուրս չեն եկել։ Մի պահ, թվում էր, գուցե՝ հաջողվի։ Բայց ահա՛, մենք (նկատի ունեմ՝ հայախոսներս), կորցնում ենք նաեւ Արցախը, այնպես որ, շշի վզիկը մենք դեռ չենք անցել։ Նայե՛ք նկարին, որի վրա պատկերված են կենդանական աշխարհից նման օրինակներ․ դրանցից մի մասին հաջողվել է նորից ընդլայնվել, մյուսներին՝ ոչ․ նրանց թվաքանակի պատկերը նմանվել է ոչ թե շշի վզիկի, կամ՝ ավազի ժամացույցի, այլ՝ իլիկի․ նրանց ժամանակը սպառվել է։

Այսօր է լուծվում մեր հարցը․ արդյո՞ք ապագայում կարձանագրեն, որ պատմության ընթացքում մեր բաշխումը նմանվել է այդպիսի իլիկի, թե, այնուամենայնիվ, շշի վզիկի, կամ ավազի ժամացույցի, որը դեռ երկար կչափի մեր պատմության տեւողությունը։

Ռուբեն Թարումեան

21.01.2023

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back To Top