
Սա պաշտոնական ձեռնարկ չէ, այլ հեղինակի՝ տարիների դասավանդման փորձից բխած խորհուրդներ։ Պաշտոնականի կարգավիճակի բերելու համար ձեռնարկը պիտի համապատասխանեցվի մի շարք պահանջների, ինչը երբեմն պահանջում է բավական երկար ժամանակ, իսկ երբեմն էլ հակասում է որոշ պայմանականություններին։ Օրինակ, հեղինակը շարվածքում չի գործածում «և» կցագիր նշանը, այլ բացառապես «եւ» գրությունը, մինչդեռ հայոց գիրը կցագրային չէ (ի տարբերություն, օրինակ, արաբականից)։ Բանն այն է, որ «և»-ը տառ չի, այլ հենց կցագրություն է (կրճատագրություն), որ համապատասխանում է լատինական &-ին՝ «տրամաբանական «եւ»-ին՝ որը երբեք չի գործածվում որպես բառի բաղադրիչ։
Կամ․ ստորեւ շարադրված խորհուրդները վերաբերում են պաշտոնապես գոյություն ունեցող «Ճարտարապետական նախագծման հիմունքներ» առարկային, մինչդեռ ձեռնարկը կոչվում է «Ավանդական ճարտարապետական գծապատկեր»․ ես վստահ եմ, որ պաշտոնական անունը կարող է մոլորեցնել, քանի որ առաջին դասընթացը (այս բառը համապատասխանում է փոխառյալ «կուրս» եզրին) դեռ չի պարունակում նախագծման հիմունքներ, այլ, ավելի շուտ, ներկայացնում է մեր ավագ սերնդի ճարտարապետական նախագծերի կատարման գեղարվեստական հմտությունները, որոնք հիմնովին տարբերվել են համակարգչային դարում ձեւավորվածներից։
Բացի այդ ուսումնական ծրագիրը պարբերաբար փոխվում է․ հավելվում են նոր առաջադրանքներ, հեռացվում են մյուսները, իսկ այստեղ շարադրված են խորհուրդներ, որոնք կարող են օգտակար լինել ոչ միայն որոշակի տարվա ուսումնական խնդիրները լուծելիս, այլ առհասարակ՝ ճարտարապետական գործունեության ընթացքում։