ԲԱՌԵՐՏԱՌԱՐՎԵՍՏ
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ ԵՒ ԼՐԱԿԱԶՄԵՐ
Section Index
Տառատեսակներ
ՖՐՈՒՏԻԳԵՐ // FRUTIGER


Սկզբնապես Ֆրուտիգեր (Frutiger) տառատեսակը հռչակավոր շվեյցարացի տառաստեղծ Ադրիան Ֆրուտիգերը (Adrian Frutiger) նախագծել էր, որպես 1975 թ․ Ռուասսիում բացված փարիզյան Շարլ դը Գոլի օդանավակայանի տեսողական հաղորդակցումների համակարգի տառատեսակ։ Այն ուներ միակ նկարվածքը եւ կոչվում էր Ռուասսի (Roissy

Դրա հիման վրա Ֆրուտիգերը մշակեց մի ամբողջ լրակազմ, որը կոչվեց նրա անունով։ Գերմանական Stempel եւ Linotype ընկերությունները թողարկեցին Ֆրուտիգերը որպես նոր տառատեսակ 1976 թվականին՝ 5 հագեցվածությամբ, 4 թեք նկարվածքներով եւ 5 նեղ վարկածներով։

1970-ակնների կեսերին Ադրիան Ֆրուտիգերը զգաց, որ առավել հաճախ գործածվող անգծափակ գրչագրերը, ինչպիսիք են Հելվետիկան (Helvetica) եւ Յունիվերսը (Univers), այլեւս չեն բավարարում արդի պահանջներին։ Նա փորձեց անգծափակ գրչագրերի նախագծման նոր մոտեցում գտնել, պահպանելով Յունիվերսի այնպիսի առանձնահատկությունները, ինչպիսիք էին ներդաշնակությունը եւ համամասնականությունը, կիրառելով դրանք նվազ երկրաչափական անգծափակ գրչագրերին, ինչպես օրինակ Գիլլ Սանս-թ։ Նման համադրության արդյունքում ստացվեց չափազանց ընթեռնելի եւ պարզ տառատեսակ։

Քանի որ սկզբնապես Ֆրուտիգերը նախագծվում էր տեսողական նշանների համակարգի համար, ուր անհրաժեշտ էր ընթեռնելիություն հեռավորության վրա, դրանում էապես նկատելի են ելուստները եւ ընդգծված են յուրաքանչյուր գրանշանի անհատական բնութագրիչները։

Օրինակ, с եւ е տառերը ունեն բաց կառուցվածք՝ о-ից տարբերվելու համար․ G-ն նույնպես ունի բաց կառուցվածք։ В, Е, F եւ Н տառերը բավական նեղ են, քանի որ դրանք արտահայտում են ավանդական հնաշխարհիկ գրությունների դասական համամասնությունները։ Ինչպես բնորոշ է դասական անգծափակներին, իսկական շեղագրերի փոխարեն Ֆրուտիգերում կիրառվում են պարզապես թեք նկարվածքներ (oblique

Ձեւավորողները Ֆրուտիգեր տառատեսակը բավական օգտակար են գտնում, երբ ցանկանում են ստանալ շարվածքում անգծափակ տառատեսակի հյուսքաձեւն ու գույնը՝ բարձր ընթեռնելիությամբ եւ յուրաքանչյուր գրանշանի տարբերելիությամբ։ Թեեւ Ֆրուտիգեր լրակազմը նկարվածքներով ավելի քիչ է սփռված, ունենալով սոսկ 14 նկարվածք՝ 21 նկարվածք ունեցող Յունիվերսի համեմատ, Ֆրուտիգեր ընտանիքի անդամները նույնքան լավ են համադրվում իրար հետ։
 

Վերեւում․ Linotype ընկերության Frutiger տառատեսակը։
Տառատեսակի առկա վարկածները


Սկզբնապես թողարկված է Լինոթայփ (Linotype) եւ Շտեմպել (Stempel) ընկերությունների կողմից 1976 թվականին 14 նկարվածքով։

Տառատեսակի համաբանները թողարկված են տարբեր ընկերությունների կողմից՝ տարբեր անվանումներով։ Provencale (Autologic), Humanist 777 (Bitstream), Frontiera (Compugraphic), Freeborn (Scangraphic), Siegfried (Varityper

1992 թվականին ռուսական ParaGraph ընկերության տառաստեղծ Տագիր Սաֆայեվը մշակել է տառատեսակի կյուրեղագիր վարկածը PT FreeSet անվամբ՝ 4 նկարվածքով․ բաց, կիսաթավ, գերթավ եւ գերթավ թեք։ 1997-ին թողարկվել են եւս երկու նկարվածք․ բաց թեք եւ կիսաթավ թեք։ Ընդհանուր առմամբ այս տառատեսակը բնօրինակից բաց է։ Տե՛ս ստորեւ։

 
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)