Արեւն այսօր արդեն խայթող է,
Հողի խորքերն է թափանցում,
Զով օդը մեղմ ու կազդուրող է․
Շուտով կգա նոր արթնացում։
Գրչանկար դարձած ծառերը
Հետզհետե կթանձրանան,
Ջրաներկի հյութեղ գույները
Կազդարարեն գալուստ գարնան։
Ահա՜․ եկա՜վ․ անցա՜վ ձմեռը։
Հոգում՝ բերկրանք անորսալի․
Ինչ-որ մի բան արդեն փոխվել է,
Ինչ-որ մի բան դեռ կփոխվի։
Եւ կորոտա ցասմամբ երկինքը,
Շանթեր արդար կճաճանչեն,
Բյուրեղ ջրի բյուր-բյուր շիթերը
Մաքրող հոսքի կվերածվեն։
Սառույցը կլցնեն գետերը,
Եւ ցուրտը կկորչի հեռվում,
Ու կտիրեն միայն Արեւը,
Անվերջ երկինք ու ջերմություն։
2021.03