Ապագա Հայոց պետության օրհներգը

Համաշխարհային քաղաքական վերջին զարգացումներին ուշադրությամբ հետեւողների համար պարզ է, որ մեզ սպասում են լուրջ փոփոխություններ։ Եւ եթե աստված տա, եւ մեր երկիրը կարողանա հաղթահարել իր առջեւ հայտնված բոլոր խնդիրները, այն դուրս կգա այդ փորձություններից միանգամայն նորացված։ Իսկ նորացված երկրին անհրաժեշտ կլինեն նաեւ պետական նորացված խորհրդանշաններ՝ դրոշ, զինանշան․․․ օրհներգ։ Ու հենց նորացված, եւ ոչ թե՝ նոր․ ժառանգորդությունը պետք է ապահովվի։

Ինչ վերաբերում է օրհներգին, ապա սթափ դատողության դեպքում ակնհայտ է, որ այն պետք է հիմնվի Հայոց Երկրորդ հանրապետության՝ Արամ Խաչատրյանի եւ Սարմենի հեղինակած օրհներգի վրա, քանի որ այսօր Հայաստանը աշխրահի միակ պետությունն է, որի օրհներգը («Իտալացի աղջկա երգը») նվիրված է այլ ազգի ազատագրական պայքարին։ Վերջապես, դա հանճարեղ Խաչատրյանի փայլուն գործն է, եւ վերջին դարերի մեր առավել հաջողակ պետական կազմավորման օրհներգը։

Իսկ բառերն, անկասկած, պետք է միքիչ խմբագրվեն։ Իմ խմբագրմամբ բառերը կարող են հետեւյալ տեսքը ստանալ (փոխված բառերը նշված են թավով)․

Նվիրական ազատ հպարտ Հայք աշխարհ,
Բազում դարեր դժվար ճամփա դու անցար,
Քաջ որդիք քո մաքառեցին քեզ համար,
Որ մնաս դու մայր հայրենիք հայության:

Կրկներգ․
Փառք քեզ, կյանք քեզ, դրախտային Հայաստան։
Աշխատասեր, ճարտարագործ-շինարար,
Զավակներիդ սուրբ միությամբ անսասան՝
Դու ծաղկում ես եւ կերտում լույս ապագադ:

Հայկ Նահապետ մեզ հուրն անշեջ պարգեւեց,
Մեր դեմ շողաց երջանկաբեր այգաբաց,
Սարդարապատ կործանումից մեզ փրկեց
եւ տվեց մեզ նոր, պայծառ կյանք փառապանծ:

Կրկներգ

Ոչ ոք անկեղծ եղբայրի ձեռք չէր մեկնում,
Բայց կերտեցինք մենք նորացված պետություն,
Պատմական մեր փորձով դարձած իմաստուն
Հաղթորեն դեպ ապագա ենք մենք գնում:

Կրկներգ

Հարակից փակցվածքներ

2 Thoughts to “Ապագա Հայոց պետության օրհներգը”

  1. ինձ շատ է դուր գալիս Խաչատրեանի օրհներգը, բայց ես կարծում եմ, որ սկզբունքօրէն չի կարելի այն ընդունել որպէս անկախ հայաստանի օրհներգ։ մասնաւորապէս այն պատճառով, որ յաջողակ լինելը երկրորդ հանրապետութեան համարում եմ վիճելի։ օրինակ, արդե՞օք ստալինեան զտումներին մասնակցած երկիրը կարելի է յաջողուած համարել։ ընդամէնը կարծիք եմ արտայայտում, վիճաբանութեան ցանկութիւն չունեմ, եւ երեւի անիմաստ էլ է։

  2. admin

    Վիճաբանել էլ կա, վիճաբանել էլ։ Բայց բոլոր դեպքերում, միտք արտահայտելը մարդու բնական պահանջն է։ Ու նաեւ հակառակ կարծիք լսելը։ Իսկ համարել դա վիճաբանություն, թե՝ մտքերի փոխանակում՝ այլ հարց է։ Տվյալ դեպքում հարցն այն է, թե ինչպես վերաբերել իշխանության գաղափարին, եւ դրան չհնազանդվողներին, եւ ինչ է հնազանդվելը եւ ինչ է՝ չհնազանդվելը։ Առանց այս եզրերի սահմանման իրոք որ իմաստ չունի նույնիսկ մտքեր փոխանակելը։

Թողնել մեկնաբանություն