ԲԱՌԵՐՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ
ԳՈՐԾՆԱԿԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ


1. Ընդհանուր տրամաբանությունը
Գրում են կարդալու համար։ Հետեւապես կարդալը պետք է հեշտ լինի․ այսինքն, գրվածքը, նույնիսկ ամենակարճը, պետք է ընթեռնելի լինի։
Շատ հազվադեպ, կարող են լինել դեպքեր, երբ հանուն ոճի կարող է զոհաբերվել ընթեռնելիությունը (օրինակ հիմնարկության խորհրդանշանում, կամ ընդհանուր ոճում)։ Բայց դրանք բացառություններ են։ Ավելի հաճախ ճիշտ ընտրված ոճը՝ ներառյալ՝ տառատեսակը, տողամիջոցները եւ այլն, միայն նպաստում են ընթեռնելիության բարձրացմանը։ Ցավոք, դա որպես կանոն նվազեցնում է գրվածքի խտությունը․ հետեւապես՝ մեծացնում է հրատարակության ծավալը ու հետեւապես նաեւ՝ արժեքը։

2. Տառատեսակները
Որո՞նք են ընթեռնելի․ գծափա՞կ, թե՞ անգծափակ տառատեսակները։ Վեճեր եղել են միշտ, սակայն տրամաբանությունը եւ փորձը հուշում են, որ առավել հեշտ է կարդալ ծանոթ տառատեսակը։ Լավագույն ապացույցը վերջին տասնամյակների փորձն է․ երբ մետաղական տառատեսակներին եկան փոխարինելու նոր համակարգչային տառատեսակները ավագ սերնդից շատերը դժգոհում էին, որ նոր տառատեսակները, իբր անընթեռնելի են։ Խոսում էին նույնիսկ երեխաների տեսողության վրա բացասական ազդեցության վտանգի մասին։ Սակայն երիտասարդության մեջ դժգոհություն չկար, եւ վերջին տարիներին նվազել է նաեւ մեծահասակների դժգողությունը․ ընտելացել են։
Կարեւորն է, որ տառերը տարբերելի ու ճանաչելի լինեն։ Եւ սա իրոք խնդիր է հատկապես հայոց գրերի համար որոնցում գրանշանների շուրջ կեսը կազմում են միեւնույն հիմքի՝ պայտաձեւ տարրի վրա հիմնված գրանշանները, մինչդեռ, օրինակ, լատինագրում գրանշաններն ըստ ձեւերի ավելի հավասարաչափ են բաշխաված։
Հայոց տառատեսակների դեպքում ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն լատինագրի, որի դեպքում անցած դարում վերջնականապես հաղթեց հնաշխարհիկը, հայոց ավանդական բոլորգիրը չափազանց կենսունակ գտնվեց, եւ այսօր մենք կարող ենք տեսնել մեծածավալ գրվածքներ կազմված ոչ միայն լատինացված հայկական տառատեսակներով, այլեւ ավանդական բոլորգրով։ Հետեւապես հայ ընթերցողը պետք է ընտելանա առնվազն երկու գրատեսակների։ Իսկ եթե դրան ավելացնենք, որ լատինացված տառատեսակներն էլ բաժանվում են երկու խմբի (առավել լատինացված Արամյան խմբի տառատեսակներ եւ բոլորգրի ձեւերը վերարտադրողները), ապա խնդիրը էլ ավելի է դժվարանում։
Սակայն բարեբախտաբար (հուսով եմ, որ բարեբախտաբար, քանի որ սա էլ այլ խնդիրներ կարող է հետագայում հարուցել), տարբեր գրատեսակները գործածվում են տարբեր ոլորտներում։ Գրքի տառատեսակները առավելապես՝ գեղարվեստական եւ բանասիրական գրականության մեջ, իսկ այլ ոլորներում՝ լատինացվածները։ Ու հատկապես Արամյան խմբի տառատեսակները՝ առավելապես լրատվական ոլորտում։ Հետեւապես էջադրողը պետք է ճիշտ գնահատի ոլորտը եւ ընտրի ոչ միայն համապատասխան տառատեսակ, այլեւ՝ գրատեսակ։
Մինչդեռ երբեմն գրվածք կազմողը ոչ միայն չի խորանում այդ նրբությունների մեջ, այլեւ կիրառում է ի սկզբանե անընթեռնելի տառատեսակ․ օրինակ՝ զարդային տառատեսակ՝ քիչ թե շատ հոծ գրվածքի համար։ Մինչդեռ դրանք երբեմն նույնիսկ կարճ գրվածքների համար պիտանի չեն, եւ կարող են գործածվել առավելագույնը՝ առանձին տառերի, օրինակ՝ սկզբնատառերի համար։
Իսկ հոծ սյունակների համար պետք է օգտագործել սովորական շարվածքային լրակազմեր։ Ընդ որում անհրաժեշտ է ուշադրության դարձնել նաեւ տառատեսակների տեխնիկական որակի վրա՝ հպակցումների, շարվածքային համասեռությանը, իսկ կայքերի դեպքում նաեւ տառաշտկումների որակին։

3. Ընդգծումները
Ընդգծումների համար տառատեսակների լրակազմերը պարունակում են լրացուցիչ նկարվածքներ․ «թավ», «շեղ» կամ «թեք», «թավ շեղ» կամ «թավ թեք»։ Հին ժամանակներում, հատկապես՝ հայական ավանդույթում, որը կար եւ խորհրդային տարիներին, երբ հնարավորություն չէր լինում պատվիրելու եւ ունենալու ամբողջական լրակազմեր, ընդգծումները հաճախ արվում էին այլ գրատեսակով։ Օրինակ, բոլորգրով շարված գրվածքում՝ նոտրգրով, կամ՝ Արամյանով։
Այսօր այդ խնդիրը հիմնականում լուծված է, ու նաեւ հայերեն տառատեսակներից շատերը ունեն բազմաթիվ լրացուցիչ ոճային նկարվածքներ։ (Եթե իհարկե չեք որոշել էջը շարել Արիալ Արմենիանով, կամ Սիլֆայենով)։
Իսկ թույլատրելի՞ է գրվածքը շարել այդ օժանդակ նկարվածքներով։ Ընդհանուր դեպքում՝ ոչ։ Թեեւ եթե խոսքը առանձին, համեմատաբար փոքրածավալ նյութերին է վերաբերում (օրինակ՝ կարճ նորությունների սյունակին), ապա հանուն ինչ-որ ոճային խնդրի լուծման դա հանդուրժելի է։
Սակայն հիմնականում թավ եւ շեղ ոճերը պետք է թողնել ընգծումների համար։ Ընդ որում ցանկալի է ընդգծումների համար չօգտագործել «ընդգծումը» (թեեւ, ինչպես տեսնում ենք, հայոց լեզվում այդ հասկացությունները միաձուլվել են)։

4. Սյունակը
Պետք է ճիշտ ընտրել սյունակի լայնությունը․ այսինքն՝ տողի երկարությունը։ Այն կախված է տվյալ լեզվի բառերի միջին երկարությունից, ինչպես նաեւ գրվածքի բնույթից։ Գեղարվեստական, իրավաբանական, գիտական գրականությունը կարող է շարվել լայան սյունակով, իսկ նորություններին ավելի հարմար է նեղ սյունակը։
Ընթերցման ընթացքում աչքը սղոցաձեւ շարժում է կատարում։ Եթե սյունակը չափազանց նեղ է՝ աչքը հաճախ է փոխում շարժման ուղղությունը եւ հոգնում է, իսկ եթե սյունակը չափազանց լայն է՝ աչքը հաճախ կորցնում է հաջորդ տողի սկիզբը։
Որոշակի թվերի մասին դժվար է խոսել։ Հայերեն բառերը բավական երկար են, դրա համար հայերեն սյունակը ավելի լայն պետք է լինի, քան, օրինակ, անգլականը։ Շատ նեղ՝ լրատվական սյունակների դեպքում հաճախ՝ նույնիսկ տողադարձվածներում՝ բացատները երբեմն անթույլատրելի խոշոր են ստացվում՝ խախտելով շարվածքի համասերությունը (չտողադարձած եւ հարթեցված սյունակները պարզապես անթույլատրելի են)։

5. Տողամիջոցը
Սրա մասին սովորաբար գրեթե չեն էլ մտածում, իսկ եթե մտածում են, ապա միայն որպեսզի էջի վրա հնարավորինս շատ նյութ տեղավորեն։ Մինչդեռ ընթեռնելիությունը եւ նույնիսկ՝ էջի գեղեցկությունը մեծապես կախված են ոչ միայն տառատեսակից, այլ հենց այս հատկությունից։
Այն հատկապես կարեւոր է հայերեն գրվածքի դեպքում՝ ուղղաձիգ ելուստների առատության պատճառով։ Որպես կանոն անհրաժեշտ է լինում այն ավելի մեծ անել, քան լատինագիր գրվածքի եւ առավել եւս՝ կյուրեղագիր։ Դա բնականաբար, նվազեցնում է էջի տարողությունը մոտ 10—12 տոկոսով, իսկ եթե հաշվի առնենք նաեւ հայկական փոքրատառերի համեմատական լայնությունը եռաճյուղ տառերի («ա»-ի, որի հաճախությունը հայկական գրվածքում շուրջ 16% է, ինչպես նաեւ՝ «խ»-ի, «պ»-ի, «տ»-ի, «փ»-ի, «ֆ»-ի) ապա հայերեն գրվածքի տարողությունը նվազում է եւս մոտ 15—17 տոկոսով։ Արդյունքում ունենում ենք շուրջ 25%․ այսքանով հայերեն շարվածքը զիջում է լատինատառին։
Բայց սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել։ Հայերեն գրվածքի խտությունը պետք է ձգտել բարձրացնել, բայց ոչ՝ որակի հաշվին։ Դա կարող է արվել հատուկ տառաձեւերի մշակման շնորհիվ, բայց ոչ՝ տողամիջոցի նվազեցման։

6. Տառաչափը
Տառաչափը եւս մի հարաչափ է, որից կախված է գրվածքի ընթեռնելիությունը։ Եւ կրկին՝ այն հակառակ համեմատական է գրվածքի խտությանը, ուստի եւ հանգեցնում է երկընտրանքի։
Ինչպես եւ լրակազմի ընտրության դեպքում է, տառաչափը նույնպես կախված է գրվածքի բնույթից։ Երեխաների եւ մեծահասակների համար կարող են օգտագործվել մեծ կետաչափեր։ Համեմատաբար մեծ պետք է լինեն նաեւ մնայուն գրվածքների՝ գրքերի, ամսագրերի տառաչափերը, մինչդեռ կարճատեւ գրծածման համար նյութերը՝ նորությունները, տեղեկատուները, ծանոթագրությունները՝ կարող են շարվել փոքր տառաչափով։ Պետք է հաշվի առնել նաեւ հեռավորությունը, որից գրվածքը նախատեսվում է ընթերցել։
Վերջապես տառաչափը կախված է եւ տվյալ լրակազմից։ Լրակազմերը տարբերվում են ըստ գրանշանների ճանաչելիության, եւ ամենակարեւորը՝ տառաչափի եւ փոքրատառերի (տառամարմինների) հարաբերության։ Եթե տառամարմինների հարաբերական բարձրությունը փոքր է, բնականաբար, այն կպահանջի ավելի մեծ տառաչափ։

7. Լուսանցքները
Վերջապես այն, ինչը հավաքում, ավարտում է էջի հորինվածքը։ Եւ կրկին՝ սրանից հակառակ համեմատականությամբ կախված են գրվածքի ընթեռնելիությունը եւ խտությունը։ Միջնադարի վարպետները գրքերը օժտում էին հսկայական լուսանցքներով, որպես գրվածքային դաշտ օգտագործելով էջի մակերեսի հազիվ կեսը, իսկ երբեմն էլ՝ պակաս։ Դա մի կողմից ճոխության դրսեւորում էր, նաեւ՝ նպաստում էր ընթեռնելիությանը, իսկ մյուս կողմից՝ մեծ լուսանցքները պաշտպանում էին գրվածքային դաշտը՝ հեռու պահելով այն խոնավության եւ քայքայիչ այլ ազդեցություններից։
Այսօրվա գրքերում օգտագործվում է էջի մակերեսի գրեթե երեք քառորդը, իսկ երբեմն էլ ավելին։ Իհարկե, միջնադարյան չափանիչներով այսօր, որպես կանոն, չես էլ առաջնորդնվի․ անբնական կթվա։ Բայց երբ լուսանցքները գրեթե զրոյացվում են՝ դա էլ հանդուրժելի չէ։ Պետք է գտնել ոսկի միջինը, որը թերեւս հիշատակված երեք քառորդի շրջանակներում պետք է որոնել։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)