ԲԱՌԵՐՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐ
ԳՈՐԾՆԱԿԱՆ
«ԳԾԻԿՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
Գծիկների խնդիրը շարունակում է օրակարգում մնալ։ Փաստորեն այսօր բոլոր դեպքերում գործածվում է միեւնույն սովորական կարճ գծիկը, որի Յունիկոդային այլագիրն է՝ 002D։ Սա այն ավանդական գծիկն է, որը համակարգչային ոլորտ մուտք է գործել գրամեքենաներից, ուր տեղի սղության եւ գրանշանների միալայնքության պատճառով հնարավոր չէր ունենալ մեծ քանակով նշաններ։

Մինչդեռ գծիկի տեսք ունեցող տարբեր նշաններ կան՝ տարբեր գործառույթներով։ Ու թեեւ, սովորաբար ընթերցողը գլխի է ընկնում, թե տվյալ դեպքում սովորական գծիկը ո՛ր իմաստով է գործածվել, «բոլորը մեկով» փոխարինելը չի կարելի ընդունելի համարել։

Որոնք են այդ գործառույթները։ Հայոց լեզվում դիտարկվում են երեք տեսակի գծիկներ, որոնք ներկայացված են ՀՍՏ 34.001-06 ստանդարտում ընդգրկված հայերեն գրանշանների այլագրման ArmSCII-8 համակարգում։ Դրանք են․ միության գծիկը (որը գործածվում է բաղադրյալ բառեր կազմելու համար), ենթամնան եւ անջատման գծիկը։ Առաջինի համար Յունիկոդում հատուկ այլագիր չի հատկացված եւ դրա դերում ՀՍՏ 34.001-06-ում հանձնարարվում է գործածել 2010-ը (HYPHEN), որը պետք է տարբերել 002D-ից (HYPHEN-MINUS), եւ 2212-ից (MINUS SIGN)։

Ենթամնան օգտագործվում է, որպես վանկատման (տողադարձի) նշան։ Սովորաբար, պայմանականորեն այն արվում է գոգավոր (աղեղաձեւ) գծիկի ձեւով, տարբերելու համար միության գծիկից։ Ենթամնայի Յունիկոդային այլագիրն է 058A։

Վերջապես, հայերենի քերականությամբ նախատեսված է նաեւ երկար գծիկը, որը կոչվում է անջատման գծիկ։ Սա նույնպես չի ներկայացված Յունիկոդում, եւ հանձնարարվում է գործածել 2014-ը (EM DASH) (ՀՍՏ 34.001-06-ում այն անվանվում է «ուղղակի խոսքի նշան»)։ Տեսքով այն համընկնում է 2015-ին, որն էլ հենց Յունիկոդում նախատեսված է, որպես ուղիղ խոսքի նշան, մինչդեռ 2014 ունի առավելապես տպագրական դեր եւ գրվածքի առանձնացման իմաստ։ Գուցե ավելի լավ կլիներ հենց սա ընդունել մեր նշանի համար, սակայն երբ մշակվում էր ստանդարտը այնպիսի ոչ աշխատանքային մթնոլորտ էր տիրում (միայն վարչապետի հատուկ անձնական կարգադրությամբ էր հաջողվել հաստատել այս ստանդարտը), որ որեւէ մասնագիտական քննարկում անհնար էր անցկացնել․ գուցե հետագայում հնարավոր լինի մի բան փոխել, թեեւ ես դեռեւս նման առողջ քննարկումների պայմաններ չեմ տեսնում։

Սակայն այսքանով չի ավարտվում գծիկաձեւ գրանշանների գործառութային շարքը։ Այդպիսի գործառույթներից է ինչ-որ առարկաների կամ թվերի, մեծությունների միջեւ գտնվող տարածությունը՝ ընդգրկույթը (ինտերվալ, դիապազոն)․ այլ կերպ, երբ գրում ենք «այսքանից՝ այսքանը»։ Այս դեպքում իմաստ ունի գործածել ոչ երկար գծիկ, քանի որ, թեեւ այն պետք է ներկայացնի երկու առարկաների (օրինակ՝ քաղաքների) կամ թվերի (օրինակ՝ տարեթվերի) միջեւ հեռավորությունը, միեւնույն ժամանակ միավորում է այդ երկուսը, այլ ոչ թե անջատում դրանք (երկար գծիկը այդ դերում պարզապես չի էլ դիտվում)։ Տրամաբանական կլիներ այս դեպքում գործածել կարճ եւ երկար գծիկների համեմատ միջին երկարություն ունեցող գծիկ։

Այդպիսի գծիկ Յունիկոդում նախատեսված է․ դա 2013 այլագիրն է (EN DASH), որի գործառույթը Յունիկոդում սակայն չի պարզաբանվում։ Դանից բացի կա նաեւ նույն ձեւի 2012 այլագիրը (FIGURE DASH), որի գործառույթը նույնպես չի պարզաբանվում, բայց տրամաբանական կլիներ հենց սա կիրառել նախորդ իմաստով (այստեղից էլ անվանումը), մինչդեռ 2013-ը պետք է դիտել սոսկ որպես եւրոպական տպագրական ավանդույթից եկող նշան (նույնպես, դատելով անունից)։

Այսպիսով դիտարկեցինք չորս գործառույթ (ընդհանուր վերցված Յունիկոդում ներառված է վեց գծիկ՝ 2010—2015 այլագրերը)։ Յունիկոդում դիտարկված է եւս մեկ գործառույթ եւ դրան համապատասխանող այլագիր․ 2011 (NON-BREAKING HYPHEN) «չտրոհվող գծիկ»։ Սա տեղին է կիրառել այն դեպքերում, երբ անհրաժեշտ է «միության գծիկ», որը չպետք է տողադարձվի․ այլապես ընթերցողը չի կարողանա զանազանել տողադարձված եւ բաղադրյալ բառերը։ Իհարկե, կարելի է վարվել ինչպես եւ մաթեմատիկայում է ընդունված՝ տրոհվի հենց գծիկը․ այսինք մեկ անգամ այն դրվի տողի վերջում եւ կրկնվի նաեւ հաջորդ տողի սկզբում։ Սակայն այս ձեւը առայժմ չի ընդունվում հայ քերականների կողմից։ Կամ երբ տողադարձված հատվածը անիմաստ է․ օրինակ, եթե ունենք գրված «1999‑ին» եւ հանկարծ «‑ին»-ը հայտնվում է հաջորդ տողի սկզբում։ Երբեմն էլ (քանի որ հայերեն տողադարձը ստիպված ենք գրվածքի համատարած վանկատում կատարել՝ փափուկ վանկատիչի միջոցով) եթե բաղադրյալ բառը տրոհվում է հենց միության գծիկի տեղում դրանից հետո կդրվի լրացուցիչ ենթամնա․ կունենանք իրար հետեւից երկու գիծ։ Եւ ահա 2011 այլագրի գծիկը օգտագործելու դեպքում (որը տեսքով համընկնում է միության գծիկի հետ) այդ տեղում բառը չի տրոհվի։ Սրա թերությունն էլ այն է, որ արդյունքում գոյանում է բավականին երկար չտողադարձվող (չտրոհվող) «վանկ», որը կարող է վնասել սյունակի շարվածքի միագունությանը։ Բայց սա, թերեւս չարյաց փոքրագույնն է։

Մի առանձին խնդիր էլ գծիկի երկու կողմում բացատների տեղադրումն է։ Առհասարակ այն չպետք է լինի, թեեւ երբեմն «աչքն ուզում է»։ Իսկ այ կարճ գծիկը եթե երկու կողմից բաժանվում է բացատով, ստանում է երկար գծիկի «գործառութային կարգավիճակ»։ Անգլական ավանդույթում ընդունված է բացատներով եզրափակել 2013 գծիկը։
Go HomeՊատճէնաշնորհ, 1998 Novikov Design, 2005—2014 Ռուբէն Թարումեան (թարգմանութիւն)