ՀուՊ

 (Հարց-ու-Պատասխան)

  • Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել ԱրԹարումյան տառատեսակները։
Ներկայումս, ԱրԹարումյան տառատեսակներն օգտագործելու իրավունքը ձեռք բերելու համար անհրաժեշտ է կապվել հեղինակի՝ Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) հետ սույն կայքի էջերի աջ վերին անկյունում բերված հեռախոսահամարով կամ էլ․ հասցեով։ Աշխատանքներ են տարվում առգիծ վաճառքների իրագործման ուղղությամբ։ Որոշ ԱրԹարումյան տառատեսակներ կարելի է գնել MyFonts.com կայքից։
Կարող եք նաեւ պատվիրել ձեր խնդիրներին համապատասխանող տառատեսակ։

 

  • Իրավունք ունե՞մ ես գործածել ԱրԹարումյան տառատեսակները, եթե ներբեռնել եմ դրանք Համացանցի ազատ կայքերից կամ ստացել եմ դրանք խանութից գնված համակարգչում տեղադրված։
Ոչ։ ԱրԹարումյան տառատեսակների օգտագործման իրավունքը կարող է տրամադրել միայն դրանց գույքային իրավունքների կրողը կամ լիազորված անձը։ Ներկայումս որեւէ համակարգչային խանութի կամ ազատ կայքի հեղինակը չի արտոնել վաճառել կամ տարածել դրանց օգտագործման իրավունքները։ Բոլոր նրանք, ովքեր անվճար տարածում կամ օգտագործում են ԱրԹարումյան տառատեսակները, չունենալով դրա իրավումնքը պետք է գիտակցեն, որ խախտում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։

 

  • Ովքե՞ր են ԱրԹարումյան տառատեսակների իրավունքների կրողները։
ԱրԹարումյան տառատեսակների հեղինակը Ռուբեն Հակոբյանն է։ ԱրԹարումյան տառատեսակների բոլոր ոչ գույքային իրավունքները պատկանում են հեղինակին։ Տառատեսակների մեծ մասի գույքային իրավունքները նույնպես պատկանում են Ռուբեն Հակոբյանին։ Հեղինակի ստեղծած մի շարք տառատեսակներ պատրաստված են որպես ազատ, անվճար կարգով տարածվող տառատեսակներ, կամ ներառված են անվճար կարգով տարածվող տառատեսակների կազմում։ Դրանց թվին են պատկանում ArmNLS2.0 սարքավարի հետ մատակարարվող Arial AM եւ Courier AM, ինչպես նաեւ Arial AMU, Arian AMU տառատեսակները, ինչպես նաեւ հայերեն տառաշար ունեցող DejaVu տառատեսակը։

 

  • Ի՞նչ իրավունքով են հայ տառաստեղծները վաճառում հայկական տառատեսակներ, եթե հայոց այբուբենի հեղինակը Մեսրոպ Մաշտոցն է։
Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենի հեղինակն է, այլ ոչ թե այս կամ այն տառատեսակի։ Դարերի ընթացքում հայոց տառաձեւերը մշակել են բազմաթիվ հեղինակներ, սկսած Մաշտոցի գործընկեր Հռոփանոսից եւ մինչեւ մեր օրերը։ Յուրաքանչյուր տառաստեղծ յուրահատուկ, անկրկնելի ձեւով է մշակում մաշտոցյան տառերը (ինչպես խաչքարագործներն են յուրովի ձեւավորում խաչապատկերը), ներդնելով իր ջանքերը, ճաշակը, ժամանակը, ու, բնականաբար, ակնկալում է դրա դիմաց փոխհատուցում։ Տառաստեղծների այդ բնական իրավունքը հատուկ ձեւակերպված է «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում»։ Թերեւս, այդ փաստաթուղթը հեղինակային իրավունքների հետ կապված ոլորտի կարգավորման լավագույն ձեւը չի ներկայացնում, սակայն առայժմ այդպիսին է գործող օրենքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *