Նոր տարի

Կրկին եկավ երեսունմեկը։
Կրկին կյանքից հեռացավ մեկը՝
Հիվանդ հոգնած մի հին տարի։
Աստված նրան թող ողորմի
Եւ հիշատակը վառ պահի։
Հոսում է, փրփրում գինի,
Ծնվում նոր մանուկ տարի․
Եւ թող այն երջանիկ լինի։

Մինչ կտոնեն ծնունդը այդ,
Մանկիկը կքնի անդարդ
Եւ նա Հունվար ամսվա վերջին
Կասի բառերն իր առաջին։
Փետրվար, Մարտ ամիսներին
Կանգնած է դեռ կյանքի շեմին։
Երջանկություն կակնկալի
Նա արեւից ջերմ Ապրիլի։
Սակայն Ապրիլ, Մայիս, Հունիս՝
Իր երազածը չեն տալիս,
Իսկ Հուլիսին, Օգոստոսին,
Նա ճանաչում է կյանքը սին,
Մնում է չորս տխուր ամիս,
Երբ էլ ապրելն էլ չի գալիս։
Սակայն քանի դեռ կան օրեր,
Կան նաեւ քիչ թե շատ հույսեր,
Եւ սպասումներ․ ոչ այս կյանքից,
Այլ դեռ գալիք իր ժառանգից։
Անցավ արդեն եւ Սեպտեմբեր,
Եւ Հոկտեմբեր, եւ Նոյեմբեր։
Վերջին ամիսն է․ Դեկտեմբեր․․․

Կրկին եկավ երեսունմեկը։
Կրկին կյանքից հեռացավ մեկը՝
Հիվանդ հոգնած մի հին տարի։
Աստված նրան թող ողորմի
Եւ հիշատակը վառ պահի։
Հոսում է, փրփրում գինի,
Ծնվում նոր մանուկ տարի․
Թող երջանիկ լինի, բարի՛։

31.12.1991

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *