Գիլգամեշ

(Աղյուսակ 11-ի սկիզբը)

Թարգմանություն Ի․ Դյակոնովի ռուսերեն եւ արեւմտահայերեն թարգմանությունների հիման վրա։

Եւ ասում է Գիլգամեշը հեռավոր Ութնափիշտին
— Քեզ նայում ու զարմանում եմ, նախնի դու իմ թանկագին։

Երկուսիս հասակը նույնն է,
Երկուսիս էլ ուժը նույնն է,
Եւ երկուսս էլ հոգնած
Հանգստանում ենք պառկած։
Քեզ ինչպե՞ս է հաջողվել
Աստվածներին հմայել,
Եւ հաստատվել վերեւում՝
Անմահների կաճառում։

Եւ տալիս է պատասխանն իր Ութնափիշտին հեռավոր․
— Լսիր, կասեմ քեզ գաղտնիքը աստվածների մեր հզոր։

Գիտես Շուրիպակը, քաղաքը հայտնի,
Փռված ափերին փառահեղ Եփրատի
Շատ հին է քաղաքն այդ, եւ միշտ հաջողակ
Ապրել է տաքուկ մեծ դիցաց թեւի տակ։
Բայց մի՛ օր նրանք հույժ հոգնած աշխարհից
Մաքրել ցանկացան այն բոլոր մարդկանցից։
Վճիռ կայացրին աստվածները, ահեղ․
Բերել աշխարհին սոսկալի ջրհեղեղ։
Այնտեղ էր Անո՛ւն, եւ Էնլիլը վարպետ,
Նինուրտը բանբեր, եւ Էննուգը ջրպետ,
Եւ Էան լուսաչ իրենց հետ էր նույնպես
Եւ ուխտն այդ նրանց բոլորի հետ կապեց։
Բայց գործը դաժան էր եւ Էան տրտում
Գաղտնիքն այդ շուտով խրճիթին է հայտնում։

«Ա՛յ խրճիթ, խրճիթ, ա՛յ դու պատ, դու պատ,
Լսի՛ր դու խրճիթ, հիշի՛ր, ա՛յ դու պատ,
Բար-Տուտու որդի, շուրուպպակեցի,
Քանդի՛ր տունը քո, դու նավ կառուցի՛ր,
Լքի՛ր լիությունը, քո կյանքը հոգա՛․
Հոգին քո փրկի՛ր, ոսկիդ պետք չի գա,
Ծախիր ունեցածդ, ու նավ կառուցի՛ր,
Եւ ինչ շնչավոր է` դու նավը բարձի՛ր։
Այդ նավը պիտի քառանկյուն կառուցես,
Երկայնքը ու լայնքը կանես հավասար
Արձակ Օվկիանի պես ծածկով կծածկես,
Որ մեծ տապանին քո ելնի որպես սար»։

Սարսափ ինձ պատեց, երբ նրան լսեցի,
Եւ Էա Տիրոջն իմ այսպես ասացի․

«Քո խոսքը, ո՜վ Տեր իմ, պիտի ես հարգեմ․
Ինչպես ասացիր, ճիշտ այդպես էլ կանեմ։
Սակայն երբ նավի կառուցումը սկսեմ,
Ազգին, մեծերին դա ինչպե՞ս բացատրեմ»։

Եւ Էան բացեց իր բերանն ու ասաց,
Եւ ինձ, ծառային իր, ծածուկ շշնջաց․

«Իսկ դու այսպիսի պատասխան տուր նրանց․
«Գիտեմ, որ Էնլիլն, ինձ ատում է անսանձ․
Այլեւս ես ձեր քաղաքում չեմ ապրի
Ոտքերս հողից Էնլիլի կկտրեմ։
Իմ տեր Էայի մոտ՝ Օվկիանը դեպի
Կողմերն այս թողած անհապաղ ես կիջնեմ։

Իսկ նա ձեր գլխին հորդ անձրեւ կբերի ի վերուստ։
Թռչունների գաղտնիքները այդօր կիմանաք։
Թաքստոցները ծովի ձկների դուք այդօր կիմանաք,
Իսկ երկրում ամենուր ուր նայեք կլինի հունձ հարուստ։

Առտու մի տարափ կտեղա, իսկ գիշեր՝
Անձրեւ ձեր աչքով կտեսնեք հացաբեր»»։

—–

Ու հենց որ բացվեց նրբին փայլը այգի,
Ու հենց որ իմ կոչը երկիրը լսեց,
Թողած իր գործերը, արտեր ու այգի,
Ամբողջ ժողովուրդը ինձ մոտ հավաքվեց։
Բոլոր այրերին լծեցի ես գործով՝
Տները քանդում են, պարիսպը փշրում։
Մանկիկը տիկով փայտի խեժ է բերում,
Ուժեղը պիտույք է կրում զամբյուղով։

Հինգ օրում հիմնեցի ես իրանը․
Դրեցի կանգնակներ, թեքաններ։
Հղկեցի ողնուցի մեծ գերանը,
Տաշեցի կողերի տախտակներ։

Մեկ երրորդ տասնորդի երեսով էր,
Տախտակամած հարթակի,
Հարյուր քսան կանգունի նավակող էր,
Հարյուր քսան կանգունով եզրակի։

Ուրվագիծ քաշեցի,
Գծագիր գծեցի ․
Վեցը հարկ ես նավում շինեցի,
Յոթ մասի բաժնեցի,
Պատերով հատեցի,
Ինը խուց ներքեւում արեցի,
Ջրահոլ մեխեցի,
Նավաղեկն ընտրեցի,
Հանդերձանքն լավագույն դարսեցի։
Երեք չափ քարի ձյութ հնոցում ձուլեցի
Երեք չափ շողուն խեժ ես այնտեղ լցրեցի,
Երեք չափ ընտրիր յուղ դրա մեջ հալեցի։

 

Ցավոք, այս դեպքում նույնպես առայժմ այսքանն է։ Եթե հնարավոր լինի, եթե գտնվեն նրանք, ովքեր կնպաստեն, որ ամբողջ վեպը թարգմանվի այս ոգով, թերեւս կկարողանամ շարունակել։-)))

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն