Պատը, որը կառուցել է․․․ օրենսդիրը

Անօգուտ օրենքներից թուլանում են օգտակար օրենքները։
Շարլ Մոնտեսքյո

Պատկերացրեք, որ ձեզ պետք է կառուցել քարե պարսպի վեց մետր երկարությամբ հատված։ Ոչ թե առանձնատուն, կամ քսան հարկանի շենք, կամ կամուրջ՝ Հրազդանի վրայով, կամ վերնախավային (էլիտար), ասենք, «Արամազդի» թաղամաս, այլ ձեր եւ ձեր հարեւանի հողամասերի միջեւ ցանկապատի բացակայող մի հատված։

Ինչի՞ց սկսել․․․ Բնականաբար․․․ թույլտվությունից։

Ճիշտ է, ձեր պապերը բազմիցս կառուցել են նման «հատվածներ» եւ առանց որեւէ թույլտվության։ Նույնիսկ արնախում Հովսեփի օրոք։ Հաստատ, դուք էլ եք կառուցել։ Բայց հիմա այլ է։ Հիմա իրավական երկիր է։ Ուրեմն այնպես չէ, որ ահա․ բերեցիր քարը, ավազը, ցեմենտը․ սկսեցիր, ու չորս-հինգ օրից ամեն ինչ պատրաստ է։

Ո՛չ իհարկե․ կարգ կա, կանոն։ Վերջապես՝ 400 000 դրամ (թե՞ ավելի) տուգանք է սահմանված՝ անօրինական շինարարության համար։ Մի խոսքով, թույլտվություն է պետք, նախագիծ, պետտուրք, հաստատում, վերահսկում եւ այլն․․․

Կասեք, թե այդ վեց մետրի համար ինչու է պետք նախագի՞ծ։ Որ ամեն ինչ առանց այդ էլ պարզ է․ ի վերջո քո բարձրագույն շինարարական կրթությունը, պապերդ․․․ Բայց ինչպե՞ս կարելի է առանց նախագծի։ Առավել եւս, որ հո Արամազդի թաղամաս չէ՞, ուրեմն դժվար էլ չէ։

Կասեք, թե ինչու համար է վերցվում պետտո՞ւրք։ Դե-եե․․․ ինչպես կարելի է անվճար։ Գոնե մի բան պետք է անենք պետության համար (դե, պետությունն էլ, եթե հիշում եք, հենց մենք ենք, որ կանք․ ինչո՞ւ չմուծենք․ պարզապես մեր մի՛ գրպանից դնում ենք մյուս գրպանը, այդպես չէ՞)։ Թե չէ ընդամենը եկամտահարկ ենք մուծում, ավելացված արժեքի հարկ, հողի հարկ, աղբահանության հարկ, անշարժ գույքի հարկ, շարժական գույքի հարկ, կուտակային պարտադիր, երեխաների համար «ֆոնդի» գումար, մի երկու մանր-մունր ուրիշ վարձեր ու գիտենք, թե վե՞րջ, մեր պարտքը կատարե՞լ ենք Հայրենիքի (թե՞ պետության) առաջ։ Չէ, անհրաժեշտ է։ Ի վերջո, բա վերահսկող տեսուչները չվարձատրվե՞ն իրենց գործի համար։ Իսկ գործն այդ, ինչպես կտեսնենք, քիչ էլ չէ։ Եւ եթե կառույցդ մեծ չէ, ընդամենը մի երկու-երեք հարյուր քառակուսի մետր է, պետտուրքն այդ նվազագույն չափի է․ ընդամենը 75 հազար դրամ։ Եթե չեք հիշում, Հայաստանում նվազագույն աշխատավարձը կազմում է 50 հազար դրամ (թե՞ սխալվում եմ)։ Այսինքն ընդամենը մեկ ու կես ամսվա աշխատավարձով կարող եք պետտուրքը վճարել։

Մի խոսքով, կարգը կարգ է։ Ճիշտ է, խնդրո առարկա «կառույցը», որպես այդպիսին մակերես չի զբաղեցնում, եւ այն ճիշտ կլիներ գծամետրով չափել, այլ ոչ թե քառակուսի մետրով։ Եթե չհաշվել, իհարկե, պատի հիմքի մակերեսը, այսինքն՝ 0.18 մետրը  բազմապատկած 6-ով։ Այն է, մոտ 1 քառակուսի մետր (ավելի ճիշտ՝ 1.08)։ Բայց ինչու չհաշվել․ 1.08-ը 300-ից փո՞քր է․ փոքր է (մեր մեջ ասած՝ 0.01-ն էլ է 300-ից փոքր)։ Ամեն ինչ ճիշտ է։ Ուրեմն 75 հազար։

Այժմ քայլ առ քայլ։

Բայց նախ՝ disclaimer՝ այն է, հրաժարում՝ պատասխանատվությունից

Քայլերի ստորեւ բերված հաջորդականությունը մոտավոր է, բերված է հիշողությամբ եւ չի կարող օգտագործվել որպես ուղեցույց՝ այլոց համար․ սույն նյութի հեղինակը պատասխանատվություն չի կրում այն անձանց կրած վնասների, եւ բաց թողնված օգուտի համար, ովքեր դիտել են այս նյութը, որպես ուղեցույց։

Նախ գնում եք թաղապետարանի համապատասխան բաժինը, ուր ներկայացնում եք դիմում այն մասին, որ ցանկանում եք կառուցել վեց մետրանոց պատ, ձեր հողամասի սեփականության վկայականը եւ ձեր հարեւանի գրավոր համաձայնությունը, հաստատված թաղային լիազորի կողմից։

Ձեզ տալիս են մի ձեւաթուղթ, որը կոչվում է «ճարտարապետահատակագծային առաջադրանք» (վեց մետրանոց պատ կառուցելու համար)։ Հավանաբար ենթադրվում է, որ հենց այդ փաստաթղթի համաձայն պետք է կատարվեն բոլոր աշխատանքները։

Հետո գտնում եք նախագծելու արտոնագիր ունեցող նախագծող (վեց մետրանոց պատի համար)։ Վերջնական նախագիծը ներկայանում է որպես շուրջ 20 (կրկնում եմ տառերով՝ քսան) էջ պարունակող ալբոմ, որը ներառում է, մասնավորապես․

  • նախագծողի արտոնագիրը,
  • վերոհիշյալ «առաջադրանքը»,
  • ձեր անձնագրի պատճենը,
  • պայմանագիրը վերոհիշյալ նախագծողի հետ,
  • վերոհիշյալ նախագծողի երախշավորագիրն այն մասին, որ իր կատարած աշխատանքը համապատասխանում է օրենսդրությանը, կարգին ու կանոնին,
  • վերոհիշյալ նախագծողի երախշավորագիրն այն մասին, որ այն կկատարի իր իսկ նախագծած կառույցի (հիշեցնեմ՝ վեց մետրանոց պատի) շինարարության հեղինակային (!) վերահսկողությունը,
  • սեփականության վկայականը,
  • թաղամասի հատակագիծը 1։200 մասշտաբով,
  • հողամասի հատակագիծը 1։500 մասշտաբով,
  • նույնը՝ 1։100 մասշտաբով,
  • կառույցի (եթե չեք մոռացել՝ վեց մետրանոց պատի) հատակագիծը,
  • կառույցի ճակատը եւ կտրվածքը (sic!, այդպես),
  • հիմքերի եւ մետաղական մասերի
  • եւ այլն․․․

Դրանից հետո նույն բաժին եք ներկայացնում այդ նախագծի ալբոմը, 75 000 դրամը համապատասխան հաշվին փոխանցելու մասին կտրոնը։ Մանրուքները բաց եմ թողնում…

Դրա դիմաց դուք վերջապես ստանում եք բաղձալի շինարարական թույլտվությունը, որի համաձայն կառույցը (վեց մետրանոց պատը) պետք է իրագործվի 40 օրվա ընթացքում։ Իսկ եթե ուշացնե՞նք․ մարդ էս էլի․ հիվանդանալ կա, ֆինանսական խնդիրներ եւ այլն։ Այդ դեպքում պետք է գնաք թաղապետարանի նույն բաժին եւ դիմում գրեք ժամկետը փոխելու մասին։ Հետո մի քանի որից հետո ստանաք ժամկետի փոփոխման մասին փաստաթուղթ․․․ Այլապես՝ տուգանք։ Ճիշտ է, թվում է, թե կառույցը ձեզ է պետք, ինչո՞ւ է պետությանը դրա իրագործումը հուզում։ Բայց դե, էս նավի վրա կարգ ու կանոն պիտի լինի՞, թե՞ ոչ․․․ Էդպես եք անում, որ ամբողջ քաղաքը կիսակառույց շինություններով լցված է։ Իսկ հետաքրքիր է, բոլորը տուգանքները վճարե՞լ են, թե դեռ պիտի վճարեն…

Բայց դա էլ դեռ ամենը չէ։ Թվարկածից բացի դուք ստանում եք․․․ շինարարության վարման մատյան, որը պետք է լրացնի ապագա կառուցողը ու նաեւ մեկ այլ փաստաթուղթ, որը կարգավորում է այն հարցը, թե ինչպես դուք պետք է կազմակերպեք շինհրապարակը, դրա ցանկապատը, ինչ նկարներ դրա վրա փակցնեք, ապահովեք շինհրապարակից դուրս եկող մեքենաների անիվների լվացումը եւ այլն․․․

Իսկ մատյանը ունի շուրջ 20 էջ, այդ թվում․ կազմ, որի վերեւում նշված գրությունը հայտնում է, որ սույն մատյանը հաստատված է ՀՀ Քաղաքաշինության նախարարության այսինչ հրամանով, տիտղոսաթերթ, գլխացանկ, մատյանի վարման հրահանգ, օբյեկտի հիմնական ցուցանիշները (հզորությունը), նախագծային փաստաթղթերի գրանցում, ներմուծվող նյութերի գրանցում, ամենօրյա աշխատանքների գրանցում, ծածկված աշխատանքների գրանցում, տեխնիկական հսկողությունների գրառումներ եւ այլն եւ այլն․․․

Դրանից բացի դուք ստանում եք մի ձեւ, որը պետք է տանեք եւ ներկայացնեք Քաղաքաշինության նախարարության տեսչությանը, հայտնելու համար, որ դուք սկսում եք շինարարությունը։ Այլապես՝ տուգանք․․․

Այժմ, վեց մետրանոց պատը կառուցելու գործընթացը սկսելուց մոտ մեկ ամիս անց դուք արդեն կարող եք․․․ ոչ․ եթե կարծում եք, թե կարող եք սկսել կառուցումը, ապա՝ սխալվում եք։ Ինքներդ դա անել չեք կարող, որքան էլ դրա մասնագետը լինեք, եւ որքան էլ չնչին լինի այդ գործը։ Նախ դուք պետք է գտնեք շինարարական աշխատանքներ կատարելու արտոնագիր ունեցող կազմակերպություն։ Ի դեպ, դա այդքան էլ հեշտ բան չէ․ հիշո՞ւմ եք, խոսքը վեց մետրանոց պատի մասին է, իսկ իրեն հարգող կազմակերպությունների պատվերները սկսվում են, նվազագույնը, բնակելի տներից, կամ գոնե՝ ավտոտնակներից․․․ Բայց դե, մեր համացանցային դարում ով փնտրում է՝ գտնում է։ Միայն թե տեղավորվեք 40 օրվա ժամկետում, այլապես, եթե չեք մոռացել՝ տուգանք․․․

Բնականաբար, դուք պետք է կնքեք այդ կազմակերպության հետ պայմանագիր, որ նա կկառուցի ձեր ուզածը որոշակի ժամկետում։ Իսկ եթե խախտի՞ ժամկետը։ Դժվար է ասել։ Բայց առավել հավանական է, որ դուք միեւնույն է կտուգանվեք, սակայն ունենալով ձեր ձեռքին պայմանագիրը, կկարողանաք մտնել դատարան, եւ ռեգրեսի կարգով հետ ստանալ այն գումարը, որը վճարել եք որպես տուգանք (հիշեցնում եմ՝ վեց մետրանոց պատը ժամկետում չկառուցելու համար)։

Դրանից բացի դուք պետք է ունենաք պայմանագիր այդ, կամ այլ կազմակերպության հետ, տեխնիկական վերահսկողություն կատարելու համար, որի մասին փաստաթուղթը նույնպես պետք է ներկայացվի ուր որ պետք է։

Վերջապես, շինարարական կազմակերպության ներկայացուցիչները գալիս են եւ աչքը չեք հասցնի թարթել՝ ձեր երազած կառույցը իրագործված է․ ընդամենը մի չորս-հինգ օրում։

Հուռա-ա-ա՜։ Վե՞րջ։ Ո՛չ, սա վերջն է առաջին սերիայի․․․

Դուք դեռ պետք է ստանաք Ավարտական Ակտը․․․ Հիշո՞ւմ եք Քաղաքաշինության տեսչությունը, որի մասին մի պահ ասվեց։ Այժմ այդ եւ այլ ատյաններին պետք է ավետիս ուղարկեք, որ ձեր վեց մետրանոց պատը կառուցված է սահմանված ժամկետում եւ որակով։

Նախ ձեր շինարարական կազմակերպությունը կտա ձեզ արձանագրություն գործն ավարտելու մասին։ Այն դուք պետք է ներկայացնեք երեք հասցեներով․ թաղապետարան, քաղաքապետարան եւ քաղաքաշինության տեսչություն։ Կարող է հարց առաջանալ, իսկ ինչո՞ւ պետք է կառույցի տերը զբաղվի այդ ամենով․ եթե պետությանը, ի դեմս վերոհիշյալ ատյանների, դա պետք է, թող դրանց ներկայացուցիչները ինքնուրույն կատարեն այդ ամբողջ թղթավարությունը։ Պատկերացնո՞ւմ եք, որ օրինակ, դուք պարտավորված լինեք, ձեր անձնական ավտոմեքենայով ուղեւորություն կատարելուց հետո պետավտոտեսչությանը տեղեկանք ներկայացնել, որ դուք երթեւեկության կանոններ չեք խախտել, ոգելից խմիչքների չեք օգտագործել եւ հոգեբուժարան չեք այցելել։ Չնայած․․․ լավ գաղափար է․ պետք է տեղեկացնել օրենսդիրներին․․․ պատկերացնո՞ւմ եք, կարգը խախտելու դեպքում (իսկ խախտողներ կլինեն) որքա՜ն տուգանքներ կհոսեն բյուջե․․․

Եւ այսպիսով, դուք երեք հասցեներով ներկայացնում եք տեղեկանքն այն մասին, որ շինարարությունն ավարտված է։ Եւ եթե թաղապետարանի դեպքում դա, կարծես թե, շարունակություն չի ստանում, ապա նույնը չի կարելի ասել մյուս երկուսի դեպքում։

Ձեզ տրվում է այսպես կոչված 2-րդ ձեւը, այն է «Ակտ՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի», որում որպես հանձնաժողովի նախագահ, պարզվում է, որ պետք է հանդես գաք հենց դուք՝ կառուցապատողդ։ Այսինքն, ըստ այդ փաստաթղթի, դուք ընդունում եք ձեզ համար իրագործված կառույցը։ Սակայն այդ հանձնաժողովում, որի նախագահը լինելու պատիվ եք ստանում, ընդգրկվում են․․․  հենց այն կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր նախագծել եւ իրականացրել են կառույցը։ Այսինքն նրանք, փաստորեն մասնակցում են իրենց իսկ իրականացրած կառույցի ընդունմանը։ Այ այդպես․․․ ու դրանց բոլորի կնիքները, դուք պետք է, ինչպես ասում են, «հավաքեք»։ Այսինքն եւս մեկ անգամ ուխտագնացություն կատարեք բոլոր նախորդ հասցեներով։ Կարծում եմ ավելորդ է ասել, թե այդ ամենը որքա՜ն ժամանակ է պահանջում, քանի որ համապատասխան անձինք պետք է իրենց տեղերում լինեն, ազատ լինեն եւ այլն։  Ապա անհրաժեշտ է ստանալ նաեւ Քաղաքաշինության տեսչության ստորագրությունը։ Դրա համար դուք տանում եք այդ 2-րդ ձեւի պատճենը Քաղաքաշինության նախարարություն, հանձնելով այն ընդհանուր բաժին, որից հետո տեսուչը անձամբ համոզվելուց հետո, որ կառուցվածը համապատասխանում է նախագծին եւ օրենքին, դնում է իր ստորագրությունը եւ դուք կարող եք արդեն ստանալ եւս մեկ կնիքով հարստացած 2-րդ ձեւը Քաղաքաշինական տեսչությունից, որը սակայն․․․ պարզվում է, որ այն տեսչությունը չէր, որի հետ դուք մինչ այժմ շփվում էիք, այլ գտնվում է մեկ այլ հասցեով՝ Քաղաքաշինության նախարարության շենքում․․․

Ինչեւէ, կնիքը ստացված է, եւ այսուհետ դուք կարող եք գնալ Քաղաքապետարան եւ դիմում տալ՝ ավարտական ակտ ստանալու համար (նախկինում, եթե հիշում եք, դուք արդեն տեղեկացրել էիք, որ շինարարությունն ավարտված է)։

Իսկ երբ դիմումը տալիս եք «մեկ պատուհանում», պարզվում է որ իրենց տեսուչները (սրանք արդեն այլ տեսուչներ են՝ նախորդների հետ կապ չունեն), պետք է տեղում ստուգեն կատարված աշխատանքները (ինչը, հանուն արդարության նկատեմ, որ միանգամայն տրամաբանական է), եւ ձեզ առաջարկվում է գալ մեկ շաբաթ անց, իմանալու համար ի՞նչը․․․ ձեր «թեկնածուին»։ Այո-այո՝ թեկնածուին։ Անփորձ մարդը կարող է կարծել, թե մասնակցում է ինչ-որ ընտրությունների։

Մեկ շաբաթ անց դուք կարող եք ծանոթանալ ձեր թեկնածուին։ Սակայն դրա համար դուք պետք է դեռ մուտք գործեք քաղաքապետարանի շենք, ուրեմն ձեզ անհրաժեշտ է անցագիր․․․ Դե, պարզ է, կարեւորագույն պետական հաստատություն է․ այստեղ շրջում են պետական գաղտնիք հանդիսացող փաստաթղթեր, որոնց պատճեններն ունենալու համար հարեւան պետությունների հատուկ ծառայությունները աշխատում են օր ու գիշեր։

Դրա համար դուք պետք է «մեկ պատուհանի» հատուկ սարքից ձեր հերթը եւ խնդիրը նշող կտրոն վերցնեք, ապա զանգահարեք ձեր թեկնածուին, որը կտեղեկացնի «մեկ պատուհանի» աշխատողին, որ ձեզ իրոք սպասում է։ Ընդ որում, պարզվում է, որ այդ աշխատողը իրավունք չունի զանգահարել այդ թեկնածուին․ դա պիտի անեք հենց դուք, եւ եթե, ասենք, մոռացել եք նրա համարը, ձեր գործը միքիչ էլ կհետաքրքրանա։

Բայց ոչ, ամեն ինչ բարեհաջող է ընթանում․ ձեզնից վերցնում են ձեր անձնագիրը (թեեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետով արգելվում է անձնագիրը վերցնելը կամ գրավ ընդունելը), փոխարենը ձեզ տալիս են անցագիր ու հետն էլ՝ մի էլեկտրոնային քարտ, որով դուք կարող եք անցնել անցակետի սարքը։ Ճիշտ է, այդ սարքը երբեմն չի բացում պտտաձողը, բայց դե դա մանրուք է․․․

Եւ ահա դուք քաղաքապետարանի շքեղ հարդարված պատերի ներսում եք։ Հատակը պսպղում է մաքրությամբ, իսկ հավաքարարները շարունակում են է՛լ ավելի փայլեցնել այն։ Նույնիսկ զուգարանի տեղը չեք կարողանում գտնել․ ոչինչ, քիմիական ո՛չ մի արտանետում, բացի համապատասխան նշանից չի հուշում, թե որտեղ այն կարող է լինել․․․

Եւ անցնելով միջանցքների փոքրիկ լաբիրինթոսում վերջապես գտնում եք ձեր թեկնածուին․․․

Ուրեմն վերադառնանք մեր գործին։ Դուք արդեն զգալի փորձ եք կուտակել նախորդ ուխտագնացության ընթացքում, եւ գիտակցում եք, որ ձեր ներկայացրած փաստաթղթերը հաստատ թերի են։ Ձեզ միայն հետապնդում է զուտ սպորտային հետքրքրություն․ որո՞նք են այդ թերությունները։ Պարզվում է, որ քաղաքապետարանը հեշտացրել է ձեր եւ ձեր թեկնածուի գործը․ ի տարբերություն թաղապետարանի, որի աշխատողները ձեռքով, պատահական թղթի վրա են գրում ներկայացվելիք փաստաթղթերի ցուցակը, այստեղ նախապես տպված ցանկ կա։ Այն բաղկացած է 8 կետից, որոնցից 2-րդն իր հերթին բաղկացած է յոթը կետից․ ա-ից՝ է, իսկ դ կետն իր հերթին՝ չորս ենթակետերից, որոնցում թվարկված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց մեծ մասը, բարեբախտաբար, դուք արդեն ունեք։

Մնում են միայն մանրուքներ։ Պարզվում է, որ այսինչ պաշտոնյան դնելով կնիքը, մոռացել է ստորագրությունը, իսկ մյուսը՝ դնելով ստորագրությունը, չի գրել իր ազգանունը (թեեւ ինձ միշտ զարմացրել է այդ «ստորագրություն» հասկացությունը․ մի՞թե ստորագրություն չէ մարդու կողմից, իր իսկ ձեռքով գրված ազգանունը, այլ դեռ անհրաժեշտ է մի լրացուցիչ անընթեռնելի խզբզոց)։

Դրանից բացի, պարզվում է, անհրաժեշտ են նաեւ կառույցի (վեց մետրանոց պատի) լուսանկարները՝ բոլոր կողմերից։ Փառք աստծո, հիմա լուսանկարելու համար բավական է միջին կարգի մի հեռախոս ունենալ։ Բայց պետք է այցելեք տպագրության կենտրոն, եւ ընդամենը մեկ դոլարին համարժեք դրամով ձեր լուսանկարները կտպվեն։

Բայց ավելի շատ զարմացնում է 6-րդ կետում շարադրված մեկ այլ պահանջ․ անհրաժեշտ է «Տեղեկանք կառուցապատված օբյեկտի մակերեսի արտաքին չափերի մասին», տրված նախագծի հեղինակի կողմից (ներկայացնել օբյեկտի բոլոր հարկերի արտաքին չափերով մակերեսների հանրագումարը մեկ թվով)։ Հա-ա-ա․․․ Ախր ինչպե՞ս չափենք վեց մետրանոց պատի «բոլոր հարկերի» մակերեսները․․․ Թեեւ կա է՛լ ավելի հետաքրքիր մի հանգամանք․ չէ՞ որ մյուս կետերի համաձայն դուք արդեն ներկայացրել եք կառույցի ճաշտարապետաշինարարական նախագիծը․ նրանում հաստատ այդ թվերը կան։ Բայց դե, հասկանալի է․ ո՞վ զահլա ունի բացելու այդ գծագրերը։

Սակայն ինչի՞ համար են անհրաժեշտ այդ չափերը։ Ահա՜-ա-ա թե ինչի համար․ պարզվում է, բաղձալի Ավարտական Ակտը ստանալու համար անհրաժեշտ է․․․ եւս մի մուծում, որը տվյալ դեպքում կազմում է․․․ (ի՞նչ եք կարծում, որքա՞ն)․ այո․ 75 հազար դրամ։

— Մի րոպե։ Այդ ինչպե՞ս թե։ Չէ՞ որ 75 հազար դրամն արդեն մուծվել էր։ — Այո, կպատասխանեն ձեզ, — բայց դա շինարարական թույլտվություն ստանալու համար էր, իսկ սա՝ Ավարտական Ակտի համար է։ — Բայց չէ՞ որ շինարարությունը սկսելուց սովորաբար ենթադրվում է, որ այն պետք է ավարտվի (այլապես, եթե հիշում եք՝ տուգանք է նախատեսված)։ — Այդպիսին է Կարգը։ Մի խոսքով՝ մեռնեմ օրենքին․․․

Քաղաքապետարանի ներսում տաք է, եւ աշնանային ցրտից հետո չես էլ ուզում հեռանալ այնտեղից։ Բայց պետք է․ անձնագիրը պետք է ետ վերցնել․․․ Ու նաեւ՝ հավելել բացակայող փաստաթղթերը։

Իսկ հաջորդ այցելության ընթացքում ստանում եք բարի լուր․ ընդամենը տասն օրվա ընթացքում կարող եք ստանալ Ավարտական Ակտը եւ գնալ․․․ Ո՞ւր, տո՞ւն, ձեր հարազատների գի՞րկը։ Ոչ։ Կարող եք գնալ Կադաստր, ներկայացնելու համար այնտեղ թե՛ Ավարտական Ակտը, եւ թե՛ շինարարական թույլտվության ԲՆԱԳԻՐԸ․ պարզվում է բնագիրը պետք է ներկայացվի միայն ու միայն Կադաստր․ այլ ատյանները բավարարվում են դրա պատճեններով․․․ Ի դեպ, շինարարական աշխատանքների վարման մատյանը, կարծես թե մնում է ձեզ․ որպես հիշատակ։

Հա․․․ Ինչու եմ այս ամենը գրե՞լ։ Որ չմոռանամ հաջորդականությունը․ գուցե ցանկություն առաջանա պատի հաջորդ հատվածը կառուցելու, եւ անելու դա օրինական կարգով։ Թե՞ չէ։ Կարծում եք չի՞ առաջանա…

Ամփոփենք։ Հայաստանի Սահմանադրության Հոդված 17-ի համաձայն «Ոչ ոք չպետք է ենթարկվի … անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի»։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը պնդում է, որ «Ոչ ոք չպետք է ենթարկվի… անմարդկային կամ արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի:» Իսկ ի՞նչ է շարադրված ամբողջ այս գործընթացը, եթե ոչ նվաստացում։

Իհարկե, կարող են առարկել, որ «օրենքը բոլորի համար է», «բոլոր դեպքերը հնարավոր չէ նախատեսել» եւ այլն, եւ այլն․․․

Այն, որ «օրենքը բոլորի համար է», կասկածից վեր է, սակայն որպեսզի մարդը ցանկություն ունենա հետեւել դրան պատիժն ու տուգանքը քիչ են։ Պետք է նախ, որ այդ օրենքը տրամաբանական լինի, այսինքն, որ ի՛նքն այդ օրենքը Բնության օրենքից բխի, այլ ոչ թե հակասի դրան։ Այլապես, ինչպես նկատել է հայտնի ֆրանսացին, որի արտահայտությունը բերված է բնաբանում, նման չակերտավոր «օրենքները» մարդուն հաստատապես հեռացնում են օրինապաշտությունից։

Իսկ ինչ վերաբերում է «բոլոր դեպքերին», ապա բոլոր դեպքերը կարիք էլ չկա նախատեսել․ բավական է ճիշտ դասակարգել այդ դեպքերը, եւ օրենքում դիտարկել արդեն բոլոր այդ դասերը։ Իրոք, մի՞թե պարզ չէ․ որքան փոքր են կառույցները, այնքան ավելի մեծ թիվ կկազմեն դրանք։ Ստացվում է, որ վերեւում շարադրված անհեթեթ եւ ստորացուցիչ կարգը վերաբերում է երկրում իրականացվող կառույցների մեծագույն մասին։ Կամ հակառակը, գուցե այդ կարգը ստորացուցիչ չլիներ, եթե վերաբերեր երկրում իրագործվող կառույցների աննշան թվին, որոնք կառուցում են խոշոր պատվիրատուներ, շինկազմակերպություններ, ում համար նկարագրված գործընթացը առօրյա մանր զբաղմունք է։

Ի՞նչ կարելի էր անել։ Առնվազն, ինչ վերաբերում է պետտուրքերին, դրանք գոնե կարող էին համամասնական լինել․ կախված լինեին կառույցի նախագծային արժեքից։ Երեւի դա կարող էր լինել այդ գնի, դիցուք՝ 5-ից 10-ը տոկոսը․ գուցե՝ ավել, գուցե՝ պակաս։ Բայց բոլոր դեպքերում, վեց մետրանոց պատի դեպքում, այն չէր կազմի դրա արժեքի 100 տոկոսին մոտ գումար։ Ինչո՞ւ պետք է քաղաքացին որպես պետտուրք վճարի իր կառույցի գնին համարժեք գումար, մի՞թե դա «անմարդկային կամ նվաստացնող» չէ։

Իսկ նվաստացնելու համար պետք է դատ պահանջել։ Սակայն, տվյալ դեպքում, կարծում եմ, տուժողը ոչ այնքան մարդն է, որքան առողջ դատողությունը։ Որը սովորաբար երբեք որպես հայցվոր կամ տուժող դատարանում չի հայտնվում։ Այն էլ՝ մեր դատարաններում։

Հ․ Գ․ Այս հոդվածը ես հրապարակում եմ, որպես բաց նամակ մեր երկրի օրենսդրությանն առնչվող առաջին դեմքերին․ Նախագահին, Վարչապետին, Ազգայն Ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին։ Ես պահանջում եմ շինարարական գործընթացը կարգավորող օրենքներն ու ենթաօրենսդրական ակտերը հայտարարել անընդունելի, մարդու իրավունքները խախտող եւ վերանայել դրանք։ Ինձ կբավարարի վերոթվարկյալ պաշտոնյաներից գոնե մեկի պաշտոնական նամակը, որով նա ՀՍՏԱԿՈՐԵՆ կընդունի այդ օրենսդրության անմարդկային եւ ապօրինի լինելը եւ կխոստանա սկսել դրա վերանայման գործընթացը։ Կարծում եմ, հանուն նրա, որ քո հայրենիքում հաստատվեն մարդու արժանապատվությունը հարգող օրենքներ, արդեն վճարված 150 հազար դրամը մեծ գումար չէ։ Որպեսզի քանդվի այն պատը (հաստատապես ավելի, քան վեց մետրանոց), որը կառուցել է օրենսդիրը քաղաքացիների եւ օրինականության միջեւ։

Այլապես, չի բացառված, որ դիմեմ դատարան, պահանջելով կրած բարոյական վնասի դրամական փոխհատուցում։

Ռուբէն Թարումեան

06.12.2014

Հ․Գ․ Ինչպես պարզ է դառնում տարեթվից, ես դատարան չեմ դիմել (հո խելքս հացի հետ չե՞մ կերել)։ Բայց հիմա իմ այս նյութ ուղղում եմ նոր իշխանություններին։ Ո՞վ գիտի, մեկ էլ տեսար։ Չէ… հազիվ թե… Չեմ հավատում…

Հ․Հ․Գ․ Ահա եւ արդյունքը։ Քաղաքապետարանից ստացվեց այսպիսի պատասխան․
Հարգելի քաղաքացի, Խնդրում ենք դիմումում նշել Ձեր խնդիրը և պահանջը՝ պահպանելով դիմումների համար սահմանված ձևաչափը: Դիմումի օրինակելի ձևաչափը կարող եք ներբեռնել նաև www.yerevan.am կայքից:
Առցանց Մեկ պատուհան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *