Հնգածովքի վեկտորային քարտէզ-հիմք 1.0

Map

Մի գրող դիպուկորեն նկատել է, որ հայերը կարող են ժամերով ներընկղմվել պատմական քարտեզների մեջ։ Իսկ Հնգածովքը աշխարհի հենց այն հատվածն է, որը կազմում է հայ ազգի կենսական շահերի գոտին, որտեղ ընթացել ու ընթանում է հայ ազգի կյանքը։ Եւ հենց այս տարածաշրջանը պատկերող քարտեզները առավել հոգեհարազատ են մեզ, հայերիս։ Սակայն, հակառակի պես, երբ անհրաժեշտ է լինում կազմել հերթական պատմական մի քարտեզ՝ լինի դա Սարգոն Բ-ի մ․ թ․ ա․ 714 թվականի արշավանքի երթուղին, թե՝ Պեւտինգերյան քարտեզի հայաստանյան հատվածի վերականգնումը, պարզվում է, որ համապատասխան քարտեզային հիմք մենք չունենք։

Եւ մի գեղեցիկ օր անձամբ բախվելով նմանօրինակ խնդիրներին ես հասկացա, որ անհրաժեշտ է ստեղծել այդպիսի մի հիմք։ Բնականաբար, այն պետք է լինի վեկտորային, շերտավոր, որպեսզի յուրաքանչյուր հետազոտող եւ հեղինակ ներառնի իր քարտեզի մեջ իրեն անհրաժեշտ տեղեկությունը։

Որպես քարտեզի հիմք վերցրեցի Ս․ Երեմյանի՝ Հայկական պետությունը Տիգրան Մեծի ժամանակաշրջանում 1979 թվականի  քարտեզը, որն իրականացրել էր քարտեզագիր Պ․ Պողոսյանը։ Դրա առանձին հատվածները ճշտեցի խորհրդային ռազմական քարտեզների եւ համացանցային որոշ տվյալների համաձայն։ Նաեւ հավելեցի տեղանքի ընդհանուր պատկերը։ Իհարկե, նախընտրելի կլիներ ռազմական քարտեզներից ստեղծել մի ընդհանրական հիմք, եւ դրանից ելնելով կազմել վեկտորային քարտեզը։ Իսկ է՛լ ավելի լավ կլիներ պարզապես պատվիրել մի որեւէ մասնագիտացված հիմնարկի պատրաստել նման հիմք։ Ես, ի դեպ, դիմեցի ռուսական մի այդպիսի հիմնարկի, որից հայտնեցին, որ ինձ անհրաժեշտ տարածքային ընդգրկմամբ եւ մանրակրկտությամբ քարտեզը կարժենա մոտ 800 հազար ռուբլի։ Մեր հայկական քարտեզագիրները գուցե եւ ավելի համեստ գին ասեին, բայց վճարո՞ղն ով է։ 

Ես հասկացա, որ պետք է գործի անցնել, եւ կազմեցի այստեղ զետեղված քարտեզ-հիմքը, որը յուրաքանչյուրը կարող է օգտագործել ազատորեն եւ անվճար։ Անշուշտ այն կատարյալ չէ, սակայն պատմական կամ քաղաքական քարտեզներ կազմելու համար, կարծում եմ, բավարար է։

Եւ հետո, սա առաջին վարկածն է․ ես նախատեսում եմ շարունակել մշակման աշխատանքը, եւ արդիացված նմուշները կզետեղվեն այստեղ։ Քարտեզը իրագործվել է CorelDraw X6 ծրագրով։ Այսինքն հենց սա է հիմնական վարկածը։ Նաեւ զետեղում եմ մի տարբերակ առանց տեղանքի (որը տասնապատիկ ծանրեցնում է նիշքը), ինչպես նաեւ Adobe Illustrator-ի վերածված վարկածը (նույնպես առանց տեղանքի)։ Այս վերջինը տրամադրվում է առանց սխալների շտկման, որոնք անխուսափելի են ձեւաչափը փոխելուց, բայց ոմանց կարող է եւ օգտակար լինել։ Բնագիր նիշքում գրվածքները ճիշտ դիտելու համար ներբեռնեք եւ տեղադրեք Արիան ԱՄՅու անվճար տառատեսակների ընտանիքը՝ arian.am կայքից։ Վրիպակներ եւ անճշտություններ նկատելու դեպքում խնդրանք՝ տեղեկացնել հեղինակին post@tarumian.am էլ․ հասցեով։

downloadՆերբեռնել CorelDraw X6 վարկածի ամբողջական տարբերակը

downloadՆերբեռնել CorelDraw X6 վարկածի առանց տեղանքի (թեթեւ) տարբերակը

downloadՆերբեռնել AI վարկածը առանց տեղանքի

Վայելե՛ք։

Հարակից փակցվածքներ

3 Thoughts to “Հնգածովքի վեկտորային քարտէզ-հիմք 1.0”

  1. Կարեն Թոխաթյան

    Ապրես:
    Լավ կլիներ տեղադրեիր նաև Corel-ի նախորդ վերսիաներով, շատերը չունեն CorelDraw X6

    1. admin

      Հաջորդ վարկածից։-)))

  2. admin

    Ինչպես նշել էի, AI վարկածը ստացված է CDR-ից ինքնաբար՝ CorelDraw-ի արտադրիչով, ինչի արդյունքում այն ոչ լրիվ է համապատասխանում բնագրին (ի վերջո՝ պատճեն է)։ Մասնավորապես՝ գրությունները հաճախ հայտնվում են անսպասելի տեղերում։ Թյուրիմացություններից խուսափելու համար AI վարկածից ես հեռացրեցի ժամանակակից երկրների անունների շերտը (բայց թողեցի դրանց սահմանները)։ CDR-ը մնացել է անփոփոխ։

Թողնել մեկնաբանություն