«Ասիա» բառի ստուգաբանությունը

Զեկույց «Հայաստանի քաղաքակրթական ավանդը Մետաքսի ճանապարհի
պատմության մեջ»
միջազգային գիտաժողովում

 

Մետաքսի ճանապարհը, լինելով ավելի շատ ոչ թե մայրուղի, այլ՝ առեւտրա-քաղաքական նախագիծ, ճյուղավորվելով եւ մի ամբողջ ցանց կազմելով ընդգրկել է ամբողջ Ասիա աշխարհամասը, ունենալով իր փաստացի ավարտը՝ դրա արեւմտյան ծայրամասում՝ Փոքր Ասիա թերակղզում։ Եւ հետաքրքիր է պարզել այդ աշխարհամասի անվան ծագումը։

«Ասիա» տեղանունը հայտնի է հնագույն հունական գրականությունից։ Դեռեւս՝ Հոմերոսի «Իլիականում» հիշատակվում է Ασιος հերոսը, որը համարվում է Ասիա տեղանվան անձնավորումը։ Բառի համար առաջարկվել են տարբեր ստուգաբանություններ։ Երկար ժամանակ ընդունելի էր համարվում դուրս բերումը սեմական (ասուրական) ասու՝ «արեւելք» բառից։ (Եւ հակառակը՝ Եւրոպա անունը բխեցվում էր աքադ․ erebu՝ «արեւմուտք» բառից։ Սակայն եթե երկրամասն այդպես են անվանել հույները, ապա ինչո՞ւ են անվանել օտար բառով։ Իսկ եթե այդպես են անվանել սեմականները, ապա ինչո՞ւ են այդ անունը տվել իրենցից դեպի հյուսիս-արեւմուտք գտնվող երկրին (քանի որ հնում ասելով Ասիա հասկանում էին միայն Փոքր Ասիան, կամ նույնիսկ դրա՝ Էգեյան ծովին հարող տարածքը)։ Իհարկե, չի կարելի բացառել, որ ասորեստանցիները այնքան լավ էին պատկերացնում աշխարհի քարտեզը, որ բաժանելով մայրցամաքները արեւելյան եւ արեւմտյան հատվածների, այդպես էլ դրանք անվանել են, անկախ Ասորեստանի նկատմամբ դրանց դասավորության, իսկ հույներն էլ պարզապես ընդօրինակել են այդ բաժանումը։ Թեեւ սա քիչ հավանական է թվում, քանի որ օրինակ Բաբելական հայտնի հնագույն քարտեզից դատելով, այն դարերում դեռես մայրցամաքների մասին պատկերացումները չափազանց մոտավոր էին։

(Որոշ հեղինակների այն կարգի առաջարկները, ինչպիսին են այս բառը ռուսական այբուբենի առաջին տառի аз անվանումից, կամ անգլերեն ace «առաջնակարգ վարպետ» բառից բխեցնելը, այստեղ չեն դիտարկվում։)

Սակայն երբ բացվեցին Խեթական պետության մայրաքաղաքի Խաթուսասի գրապահոցները, հայտնի դարձավ Փոքր Ասիայի արեւմտյան մասում գտնվող երկրամասերից մեկի խեթա-լուվիական անվանումը՝ Ասսուվա (որը մոտավորպես տեղորոշվում է հետագա Հռոմեական կայսրություն Ասիա մարզի տարածքում)։ Եւ ենթադրվեց, որ հենց սրանից է բխում Ասիա անվանաումը։ Սա, իհարկե տրամաբանական վարկած է։ Բայց «Ասիա» եւ «Ասսուվա» բառերը միայն հիմքով են համընկնում եւ այս անգամ արդեն պահանջվում է գտնել «Ասսուվա» անվան ծագումը։ «Ասսուվա» բառը ձեւով համընկնում է պատկերագրական լուվիերենի «ձի» բառի հետ ու, թերեւս կարող է ստուգաբանվել, որպես «ձիերի երիկիր»։ Սակայն Փոքր Ասիայի մյուս՝ արեւելյան ծայրամասում հայտնի է մեկ այլ երկիր՝ Իսուվա, որը կազմությամբ քիչ է տարբերվում նախորդից, եւ նույնպես կարող է վիճարկել «Ասիա» անվան նախաձեւը լինելու պատիվը։ Դրանից բացի տարածաշրջանում կան «աս» բաղադրիչով բազմաթիվ այլ տեղանուններ․ հազիվ թե դրանք բոլորը նշանակեն «ձիերի երկիր»։ Ու նաեւ չբացատրված է մնում «Փոքր Ասիա» (Asia Minor) անվանումը, որն, ինչպես գիտենք, հույների համար հենց Ասիան էր։ Այդ անվան «փոքր» մակդիրը հայտնի է առնվազն 410 թվականից՝ Պողոս Օրոզիուս Իսպանացու «Երկ ընդդեմ հեթանոսների» (Historiae adversum paganos) աշխատությունից․ «Ասիա մարզը, կամ, թե ճիշտ ասեմ՝ Փոքր Ասիան, բացառությամբ արեւելյան մասի, որը կից է Կապադովկիային եւ Սիրիային, բոլոր կողմերից շրջապատված է ծովով․ հյուսիսից՝ Էուքսինյան Պոնթոսով, արեւմուտքից՝ Պրոպոնթդայով եւ Հելեսպոնթով, հարավից՝ Մեր ծովով․ այնտեղ է գտնվում Օլիմպոս լեռը։»

Համարվում է (Ջ․ Թոմսոն, Հին աշխարհագրության պատմություն, 1948), որ հենց Օրոզիուսն է առաջինը գործածել այս եզրը։ Սակայն, քանի որ Օրոզիուսը խոսում է այդ անվան ճիշտ կամ սխալ լինելու մասին․ «կամ, թե ճիշտ ասեմ» (uel, ut proprie dicam) տրամաբանական է կարծել, որ նա պարզապես նախընտրում է արդեն իսկ գոյություն ունեցող տարբերակներից մեկը։ Մյուս կողմից, Օրոզիուսը գործածելով «փոքր» մակդիրը, դրանով հակադրում է այն ամբողջ մեզ հայտնի Ասիա մայրցամաքին, ինչը բնական է Ե դարի հեղինակի գիտելիքների տեսակետից։ Սակայն եթե «փոքր» մակդիրը ավելի հին պատմություն ունենար (Ալեքսանդրի արշավանքներից շուտ ծագած), երբ հույները դեռ չէին պատկերացնում արեւելյան ամբողջ մայր ցամաքի չափերը, ապա այն կարող էր արդարացված լինել, միայն եթե գոյություն ունենար նաեւ «մեծ» Ասիա։

Առհասարակ, «փոքր» եւ «մեծ» երկրամասեր շատ են հայտնի։ Նույն տարածքում հայտնի եւ Մեծ եւ Փոքր Փռյուգիաները, կա Մեծ եւ Փոքր Հունաստան, Լեհաստան, Ռուսաստան եւ այլ։ Վերջապես, Մեծ եւ Փոքր Հայք։ Կա կարծիք (օրինակ՝ Օ․ Տրուբաչով), որ դա արտացոլում է ոչ թե տվյալ երկրի չափերը կամ անվանողների սնափառությունը, այլ վերաբնակեցման հաջորդականությունը, երբ վերաբնակիչներն իրենց հայրենիքը դիտում են, որպես «փոքր», «կորիզ», մինչդեռ հայրենիքն ընդարձակող նոր հողերը, որպես «մեծ»։ Սակայն ի տարբերություն նշված եւ այլ օրինակների Ասիա երկրանունը ցեղանուն չէ, որ ենթարկվի նման օրինաչափությանը։ Ճիշտ է, երբեմն ամբողջ Ասիան հակադրելով Փոքր Ասիային այն անվանում են «Մեծ» (հատկապես մեր օրերում), սակայն թվում է, որ հնում նույնպես գոյություն է ունեցել «փոքր» եւ «մեծ» Ասիաների հակադրում, միայն թե Մեծ ասելով հասկացել են ոչ ամբողջ Ասիան։ Այսպես ունենք Բարդուղիմեոս Անգլացու «Իրերի հատկությունների մասին» հանրագիտարանը, որը թեեւ շատ ավելի ուշ՝1250 թ․ գործ է, բայց որում Աղվանքի մասին խոսելիս հեղինակն այն անվանում է «Մեծ Ասիայի» գավառ։ Քանի որ իր հանրագիտարանը կազմելիս նա հիմնվել է հին հեղինակների տեղեկությունների վրա (այդ թվում եւ Օրոզիուսի), չի կարելի բացառել, որ «Մեծ Ասիա» հասկացությունը նույնպես զգալիորեն հին է։ Եւ ահա հատկանշական է, որ Բարդուղիմեոս Անգլացին «Մեծ Ասիա» հասկացությունը գործածում է «Ասիա» հասկացության կողքին, հետեւապես՝ չի նույնացնում ամբողջ Ասիայի հետ։ Եթե այդպես է, ապա ո՞րն է Մեծ Ասիան։ Ոմանք համարում են, որ «Մեծ Ասիա» ասելով նկատի են ունեցել Միջագետքը, ոմանք՝ պարսկական պետությունը։ Փորձենք վերլուծել։

Կրկնենք, որ քննարկվող տարածաշրջանում «մեծ» եւ «փոքր» հատվածներով հայտնի է նաեւ մեր երկիրը։ Ընդ որում, ի տարբերություն Մեծ եւ Փոքր Փռյուգիաների, որոնք երկուսն էլ գտնվում են Փոքր Ասիայի սահմաններում, Մեծ եւ Փոքր Հայքերը տեղադրված են այնպես, որ Փոքր Հայքը գտնվում է հենց Փոքր Ասիայում, իսկ Մեծ Հայքը՝ դրա պայմանական սահմանից (բերված քարտեզում պատկերված է ուղիղ սեւ գծով) դուրս՝ Ասիայի հիմնական հատվածում։ Եթե սա պատահական չէ, ապա «Մեծ Ասիան» էլ պիտի կապվի «Մեծ Հայքի» հետ։
AsiaMinor

«Ազգ»

Նախ անդրադառնանք «Հայք» բառի ստուգաբանությանը։ Ինչպես հայտնի է, այն առաջարկվում է բխեցնել մի շարք հայտնի տեղանուններից․ խեթ․ Hatti, բիայն Hate, ասուր Hati (Պ․ Ենսեն, Ի․Դյակոնով), խեթ․ Hayaša (Ն․ Մարտիրոսյան, Գ․ Ղափանցյան), բիայն Etiuni (Հ․ Կարագյոզյան, Ա․ Պետրոսյան)։ Յուրաքանչյուր տարբերակն ունի իր խնդիրները, սակայն դրանց բոլորի, առնվազն արտաքին նմանությունն ակնհայտ է, եւ կարելի է ենթադրել, որ ճիշտ են բոլոր այս վարկածները միաժամանակ, եւ դրանք բոլորը ունեն միասնական նախաձեւ՝ այսինքն գալիս են այդ տարածքների միասնության ժամանակաշրջանից, որի իմաստը կարող է վերականգնվել որպես «Հայրենիք[1]» (Ի․ Գարշին)։ Կարելի է հիշել նաեւ հայ․ Հարք «հայրեր» (Խորենացի)։ Շարադրվող վարկածի շրջանակներում հետաքրքիր է Hayaša՝ «Խայասա» անվանումը։ Hayaša երկիրը սովորաբար տեղորոշում են Ճորոխ գետի ավազանում՝ մինչեւ Եփրատ՝ Մեծ Հայքի Բարձր Հայք, Տայք եւ Գուգարք նահանգների տարածքում։ Իսկ –aša վերջավորությունը սովորաբար տեղանվանակերտ ածանց է համարվում։ Թերեւս այն կարող է համապատասխանեցվել լուվիական պատկանելության ածանցին (հարաբերական ածականի՝ մոտավորապես ինչպես հայ․ -ական․ օրինակ՝ Բաղասական, Վասպուրական եւ այլն), կամ «երկիր» իմաստով (ինչպես անգլ․ land

Սակայն թերեւս այն այլ ծագում ունի։ Նկատենք, որ այն հիշեցնում է հայ․ ազգ եւ ազն բառերի հիմքը։ Արմատական բառարանն այս բառը հղելով Պոկոռնիին փոխառված է համարում պահլ․ ազգ «ճյուղ» բառից, որը ծագում է հնխ․ azgho «ճյուղ» բառից։ Սակայն սա շատ տարօրինակ է իմաստի տեսակետից։ Աճառյանը, որ հաճախ իմաստային ավելի աննշան շեղումների դեպքում է մերժում ստուգաբանությունները, ընդունում է այս մեկը, որը շատ հեռավոր առնչություն ունի «ազգ» հասկացության հետ։ Մյուս կողմից հարակից հայ․ ազն բառը Աճառյանն առհասարակ թողնում է չստուգաբանված։ Մինչդեռ ակներեւ է այս երկու բառերի իմաստային եւ կառուցվածքային նմանությունը, որը հազիվ թե պատահական լինի։ Նաեւ նմանություն է նկատվում հայ․ ազգ եւ ռուս․ язык «լեզու, ազգ» բառերի միջեւ, որից կարելի է դուրս բերել դրանց ընդհանուր <ձայնավոր><ս/զ> կառուցվածքային բանաձեւը՝ «կապ, միություն, դաշինք» իմաստով։ Թեեւ պետք է նկատել, որ այս բառերի ստուգաբանության հետ կապված լուրջ խնդիրներ կան, որոնք այս զեկույցի շրջանակներից դուրս են[2]։ Եթե այս ենթադրույթը ճիշտ է, ապա Hayasa կազմված է երկու արմատից․ Hay «հայ» եւ as(a) «ազգ», միասին՝ «հայազգ», այն է՝ «հայ դաշինք, միություն»։

Այժմ հիշենք, որ Hayasa տեղանունը խեթական գրվածքներում ներկայանում է մեկ այլ անվամբ եւս՝ Azzi։ Սակայն այս բառը կրկին համապատասխանում է <ձայնավոր><ս/զ> բանաձեւին, հետեւապես կարող է նշանակել հենց «դաշինք»։ Այսինքն, եթե առաջինը նշանակում է «հայ դաշինք», ապա երկրոդը՝ պարզապես «դաշինք»։ Մոտավորապես, ինչպես մեր օրերում այսելով Նահանգներ, հասկանում ենք հատկապես Ամերիկայի Միացյալ Նահանգները, եւ ոչ թե, օրինակ՝ Հնդկաստանի նահանգները։

Պետք է, իհարկե, հաշվի առնել այն, որ Azzi բառի z հնչյունն այսօր պայթաշփական է համարվում․ հավանաբար՝ ց (կամ ինչու ոչ ծ՞) (թեեւ Ֆրիդրիխը որոշ դեպքերում դրա, որպես z ընթերցման հնարավորության հարցը անորոշ է թողնում․ տե՛ս И. Фридрих, Краткая грамматика хеттского языка, М. 1952, էջ․ 51)։ Բայց, եթե ենթադրում ենք տվյալ բառի հայկական բնույթը կարելի է հնարավոր համարել պայթաշփականի եւ շփականի զուգահեռ գործածությունը։ Այսպես, ունենք սայր—ծայր զույգը, որը, հավանաբար ներկայացնում է միեւնույն արմատը։ Վերջապես, կարելի է վերականգնել այս z հնչյունի հնխ․ ձայնեղ քմայինը, որը հայերենում տալիս է ս (օրինակ հնխ․ aǵ հայ․ աս` «ասել») բայց նաեւ ծ (օրինակ՝ հնխ․ méǵa > հայ․ մեծ)։ Հետեւապես, z-ի երկու ընթերցումներն էլ չեն հակասում շարադրվող վարկածին։ Եւ նույնիսկ հակառակը․ շարադրվող վարկածը կարող է որպես լրացուցիչ փաստարկ դիտվել այդ հնչյունի վերականգնման համար։

Մեծ Խաթի

Ներկայումս պատմագիտության մեջ ընդունված է, որ մ․թ․ա․ 1190 թվականի շրջանում «ծովի ժողովուրդների» հարվածներից Խեթական կայսրությունը կործանվեց։ Սակայն հայտնի է նաեւ, որ մ․թ․ա․ 1110 թվականին Ասորեստանի Թգլատպալասար Ա-ը արշավելով դեպի հյուսիս-արեւմուտք բախվել էր Կարքեմիշի եւ Մելիդի իշխաններին, որոնց նա անվանել էր «Մեծ Խաթթի»-ի թագավորներ։ Համարում են, որ դրանք մեծ կայսրության բեկորներն էին՝ այսպես կոչվող Նոր խեթական թագավորությունները, որոնցից յուրաքանչյուրն իրեն սնապարծորեն համարում էր մեծ կայսրության ժառանգորդը։ Բայց Թգլատպալասարի Ա-ի հաղորդման ամենակարեւոր տեղեկությունն այն է, որ այդ ժամանակ Եփրատի եւ Ամանոսի միջեւ եղել է «Մեծ Խաթի» կոչվող պետություն (կամ նրա մասը), որի անունից հանդես են եկել նշված իշխանները, անկախ նրանից, թե սնափառությունն էր ստիպում իրենց որպես Մեծ Խաթիի արքա ներկայանալ, թե՝ քաղաքական նկատառումները։ Սակայն վերեւում նշվեց, որ «Խաթի» անվանումից կանոնավորապես հետեւում է «Հայ-ք» անվանումը։ Հետեւապես կարող ենք ասել, որ Թգլատպալասար Ա-ը ընդհարվել է, ոչ թե «Մեծ Խաթի»-ի, այլ «Մեծ Հայք»-ի կառավարիչների հետ, որի տարածքն այն տարիներին՝ հասել է Միջերկրական ծովի հյուսիս-արեւելյան ափերին, ի տարբերություն «Աշխարհացույց»-ից հայտնի Է դարի վիճակի[3]։

Սակայն Մեծ Հայքի առնվազն մի հատվածը հայտնի էր հավաքական Խայասա՝ «Դաշինք» անվանումով։ Ընդ որում, եթե պատահական չէ Մեծ Հայքի կենտրոնական մասում գտնվող Ազա գյուղանվան եւ բիայնական գրվածքներից հայտնի յազա ցեղանվան նմանությունը –asa բաղադրիչի եւ Azzi բառի հետ, ապա «Դաշինք» բաղադրիչով շրջանները տարածված են եղել ոչ միայն փոքրասիական մասում, այլեւ՝ Մեծ Հայքի տարածքում։ Եւ կարելի է ենթադրել, որ Hayaša, կամ Azzi  անվանումը կարող էր տարածվել ոչ միայն Մեծ Հայքի Խեթական պետությանը հարող մասի, այլեւ ամբողջ երկրի վրա։ Հետեւապես «Մեծ Խաթի»/«Մեծ Հայք» անվանումը կարող էր ունենալ եւս մի համարժեք անվանում՝ «Մեծ Ազզի»՝ «Մեծ Դաշինք» իմաստով։ Եւ ահա որոշ հիմնավորությամբ վերականգնված հենց այս անվան մեջ կարելի է տեսնել Բարդուղիմեոս Անգլացու Մեծ Ասիա երկիրը, որը մենք սկզբում որոնում էինք։

Սակայն քանի որ եղել են երկու տարածք՝ արեւելյան եւ արեւմտյան, եւ եթե արեւելյան մասը կրում էր «Մեծ Ազզի»՝ «Մեծ Դաշինք» անվանումը, ապա արեւմտյան մասը, ուր հետագայում գտնվում էր Փոքր Հայքը, տրամաբանորեն պիտի կոչվեր «Փոքր Դաշինք»՝ «Փոքր Ազզի», որից էլ արդեն հեշտությամբ կարող էր ծագել Ասիա՝ «դաշինքի երկիր» իմաստով երկրանունը՝ «փոքր» մակդիրով։ Ինչ վերաբերում է «փոքր» եւ «մեծ» մակդիրների իմաստին, ապա թերեւս, «Հայք» հասկացության դեպքում այն իրոք կարող է ծագած լինել հայերի տեղափոխությունից իրենց «փոքր» հայրենիցքից դեպքի նորը՝ «մեծը», մինչդեռ «Ասի(ա)» (ոչ ցեղական) անվանումն արդեն փոխառել է այդ մակդիրները։ Իհարկե, հնարավոր են եւ այլ տարբերակներ, որոնք դուրս են այս զեկույցի շրջանակներից։

Իսկ Ասուվա եւ Իսուվա երկրանուններում՝ շարադրված վարկածի շրջանակում նույնպես կարելի է տեսնել աս արմատը՝ «դաշինք» իմաստով։ Այս երկրանունների երկրոդ մասը թերեւս սեռական հոլովի -վա վերջավորությունն է, որն առկա է խեթերենում, բայց նաեւ հայերենում՝ հատկապես տեղանունների հոլովման դեպքում, օրինակ․ լոռվա, գյումրվա, եւ այլն։

Վերջապես, փորձենք գնահատել, թե որ ժամանակաշրջանում կարող էր գոյանալ այս Ասիաների անվանումը։ Գրավոր շրջանում այս տարածաշրջանը արդեն ներկայանում է ոչ թե երկու միասնական ազգ-դաշինքների տեսքով, այլ որպես մանր, միմյանց հետ, անվերջ բախումների վիճակում գտնվող երկրների խումբ։ Ինչպես նկատեցինք, աս-ը որպես արմատ պարունակում էին ոչ միայն երկրների, այլեւ առանձին բնակավայրերի անունները։ Դա կարող է նշանակել, որ երբեմնի մեծ ազգ-դաշինքները արդեն տրոհվել էին փոքր իշխանությունների եւ քաղաք-պետությունների։ Փոքր դաշինքի կենտրոնական իշխանությունը պարբերաբար ստիպված էր լինում ենթարկեցնել Արծավա, Ասսուվա, Խիլաքու եւ մյուս երկրկները։ Արեւելյան՝ Մեծ դաշինքը, թվում է ավելի երկար է պահպանել միասնությունը, որի արտահայտությունն է դեռեւս Թգլատպալասարի օրոք այդ երկրների՝ բազմաթիվ իշխանների կողմից միասնաբար պաշտպանվելը։ Սակայն ավելի ուշ արդեն Բիայնական դարաշրջանում այս «դաշինքի» ներսում նույն կերպ Բիայնական կենտրոնը մշտական առճակատման մեջ էր Խաթեի, Ծուպայի, Էթիունիի հետ։ Առնվազն փոքրասիական մասում արդեն առկա էին բազմաթիվ լեզուներ․ երբեմն ազգակից, ինչպես խեթերենը, լուվիերենը, պալայերենը, երբեմն՝ ոչ, ինչպես խաթերենը, խուռիերենը եւ այլն։ Բոլորովին տարբեր լեզվախմբերի եւ նույնիսկ ընտանիքների պատկանող բնակչությամբ այս տարածքները կարող էին միասնական անուններ ունենալ թերեւս միայն դրանց լեզվական (ազգային) միասնության օրոք։ Տվյալ դեպքում դա կարող էր լինել Հնդեւրոպական (գուցե նույնիսկ՝ նոստրատիկ) միասնության տրոհումից առաջ, որն սկսել է նախախեթական լեզվի անջատումից։ Ռասսելի, Գրեյի եւ Աթկինսոնի տվյալներով դա կարող էր լինել մոտ մ․թ․ա․ Է հազ․ կեսերին։ Թերեւս, որոշ ժամանակ՝ գուցե 1—2 հազարամյակի ընթացքում այն պահապանել է միասնությունը, եւ ապա տրոհվել է։ Սակայն դեռ պետք է հաշվի առնել ժողովուրնդների տեղաշարժերը, փոխազդեցությունները։ Եւ ակնհայտ է, որ նախագրային այսպիսի հեռավորությունների մասին ոչ մի հաստատ բան արդեն հնարավոր չէ ասել։

 

Ամփոփում․

«Ասիա» երկրանունը առաջարկվում է ստուգաբանել խեթական եւ հայկական հիմքի վրա (զուգահեռներով սլավոնական եւ գերմանական լեզուներում), որպես «ազգի/դաշինքի երկիր», ծագումնաբանական կապ տեսնելով «ազգ», «ազն» եւ «Ասիա» բառերի արմատների միջեւ։ «Փոքր Ասիա», այն է՝ «Փոքր ազգ/դաշինք» հասկացությունն ըստ այդմ, գոյացել է դեռեւս նախախեթական դարաշրջանում եւ հակադրվել է «Մեծ Ասիա»-յին՝ «Մեծ ազգ/դաշինք» իմաստով, համապատասխանելով այն ժամանակվա «Փոքր Խաթի/Հայք» եւ «Մեծ Խաթի/Հայք» հասկացություններին։

 

Резюме

Этимология термина «Азия»

Предлагается этимология хоронима «Азия» на хеттской и армянской языковой основе (с параллелями в славянских и германских языках) в значении «страна союза» усматривая соответствие корней слов «соЮЗ» и «АЗия». Предполагается, что понятие «Малая Азия», в значении «Малый союз» сформировалось в дохеттскую эпоху и противопоставлялось «Великой Азии», в значении «Великий союз», соответствуя понятиям того времени «Малая Хате/Айк/Армения» и «Великая Хате/Айк/Армения».

 

Summary

Etymology of the term “Asia”

The toponym “Asia” is suggested to be considered, etymologically, on the basis of Hittite and Armenian — with parallels in Slavic and Germanic — languages as a “country of Nation/Alliance”. Accordingly, the notion of “Asia Minor”, that is “Minor Nation/Alliance”, traces back to the pre-Hittite era, as opposed to “Greater Asia” in the sense of “Great Nation/Alliance”, corresponding to the one-time notions of “Hate/Hayk/Armenia Minor” and “Great Hate/Hayk/Armenia”.

 

Ռուբեն Հակոբյան (Թարումյան)

22.11.2011



[1] Արդյո՞ք սա հետքը չէ հնդեւրոպական նախահայրենիքի ինքնանվան։

[2] Язык բառի արդեն ավանդական դարձած ստուգաբանությունը ենթարդրում է բարդ հնչյունափոխությունների շարք, կապված «լիզել» բառի ազդեցության հետ, որոնք առաջին հայացքից հակասում են շարադրվող վարկածին։ Համարվում է, որ հնխ․ dģhṷā-ից առաջացած եւ «լեզու» նշանակող բառերը ստացել են ներկայիս տեսքեր, կրելով հնխ․ leig՚h-ից առաջացած «լիզել» իմաստով բառերի ազդեցությունը։ Սակայն չի բացառվում նաեւ մեկ այլ արմատի գոյությունը «կապ» իմաստով, որը ձեւի նմանության պատճառով որոշ լեզուներում շփոթվեր «լեզու» նշանակող բառերի հետ։ Այսպես, Ֆասմերը ենդարում է, որ այս բառի «ազգ» իմաստի համար առկա է պատճենում լատ․ lingua-ից, որը պահպանվել է Հարավային Ֆրանսիայի Languedoc երկրանվան մեջ, ու թեեւ Դվորեցկու բառարանը այդ իմաստը չի տալիս, բայց սա կարող է հենց այդ բառերի ձեւերի նմանության արդյունքը լինել։ Այդ արմատը՝ яз ռուսերենում շատ տարածված է․ օրինակ՝ уза «կապ», вязь «հյուս», узел «հանգույց», союз «միություն», изба «գերանակապ տուն», թերեւս, այս վերջինի շարքից են նաեւ գերմ. Haus, անգլ․ house, գոթ․ razn «տուն»։ Հայերենում այն տեսնում ենք նաեւ ազատ (ազ+հատ՝ «անկապ», այս բառն ըստ Արմատական բառարանի նույնպես փոխառյալ է՝ պահլ․ azat բառից), հյուս, հյուսն, թերեւս նաեւ ուս, որպես «մարմնի եւ ձեռքի կապ»  (Աճառյանը այլ ստուգաբանություն է տալիս հնխ․ omso-ից, թեեւ խոստովանում է, որ հայ բառը շատ է հեռացել նախաձեւից) եւ ազդր, որպես «մարմնի եւ ոտքի կապ» (Աճառյանը հղելով Հյուբշմանին բխեցնում է հնխ․ sákthi ձեւից, «որի դեմ հայը ձայնավորի շրջմամբ եւ բաղաձայնների թրթռացումով հանում է azgdh եւ g կրճատելով՝ azdh»)։ Այս ենթադրույթի շրջանակներում հայերեն ազգ եւ ազն բառերը ներկայացնում են նույն իմաստը «միություն, դաշինք»՝ տարբեր աճականներով։ Թերեւս այս շարքից է նաեւ հուն․ πελασγοι՝ պելասգ ցեղանունը, որպես սպիտակամաշկ/սեւամաշկ, կամ պայծառ/խավար երկրի (գուցե՝ Բա՞լու, պալայացինե՞ր) ազգ (հույների ժողովրդական ստուգաբանությամբ՝ πελαργός՝ պելարգոս «արագիլ»՝ «սեւ-սպիտակ թռչուն» իմաստով)։ Այս վերջինը հետաքրքիր մեկնաբանությունների տեղ է բացում, կապված Խորենացու Զարմայր արքայի՝ «եթովպական» (պետք է չշփոթել ներկայիս եթովպացիների հետ՝ հին հույների համար դա պարզապես ցորենամաշկ (կամ գուցե հակառակը՝ սպիտակամաշկ, «փայլուն») մարդկանց մասին է․ գուցե «Էթիուակա՞ն»՝ Ա․ Պետրոսյան) զորքով Տեւտամոսից՝ Պրիամոսին օգնական ուղարկվելու տեղեկության վերաբերյալ։ Այս Տեւտամոսին ասորեստանյան արքա են համարում, բայց կար եւ Թրոյական պատերազմի գործող անձ՝ Տեւտամոս, որը պելասգ էր։ (Հետաքրքիր է նաեւ հենց Զարմայր անունը, որում կարելի է տեսնել նույն բանաձեւը զ + ար (փայլուն, սպիտակ, հավանաբար՝ հնխ․ H2erǵó– արմատից, որից է հայ․ արծաթ «փայլուն». -ի անկումը ինչպես գալլ․ ariant) + մայր («մութ, սեւ»)։ Արդյո՞ք սա պատահականություն է)։

[3] Այս դատողությանը կարող է հակասող թվալ այն փաստը, որ Թութմոս Գ-ի արձանագրություններում հիշատակվում է «Մեծ Խեթա» երկիրը, որը Թութմոսին նվերներ ընծայեց ի նշան համերաշխության եւ որը սովորաբար նույնացվում է խեթական կայսրության հետ։ Սակայն այդ ժամանակահատվածում Թուդհալիա Բ-ի կողմից առաջնորդվող Խեթական պետությունը դեռ նոր էր սկսում ելնել խորը ճգնաժամից, որն սկսել էր դրանցից շուրջ մեկ դար առաջ՝ Խանտիլի Ա թագավորի օրոք։ Իսկ Եգիպտոսի եւ Խեթական պետության միջեւ գտնվում էր մի ամբողջ երկիր ու հազիվ թե այդ պահին Խեթական պետության համար նման դիվանագիտական քայլի կարիք լիներ։ Մյուս կողմից դրանց միջեւ ընկած երկիրը հենց այն երկիրն էր, որը հետագայում հայտնի էր որպես բիայն Hate, ասուր Hati երկիրը, որն ինչպես ասվեց, Թգլատպալասար Ա-ը անվանել էր «Մեծ Խաթի»։ Եւ ավելի հավանական է, որ հենց սա՛ էր այդ «Մեծ Խեթան», որը հիշատակվել էր Թութմոսի տարեգրությունում, եւ որը նվերներ էր ընծայել նրան։ Ու թերեւս հենց այս «Խեթա»-յից էր այն ազգը, որն Աստվածաշնչում հանդես է գալիս «քետացիներ, խեթիմ», անվանմամբ (որպես Պաղեստինին անմիջական հարեւանը), այլ ոչ թե Խեթական պետության ներկայացուցիչները։ Թերեւս նման նույնացման պատճառը մի՛ կողմից երկու երկրների անվան նմանությունն է, իսկ մյուս կողմից այն, որ ի վերջո Խեթական պետությունը ունեցավ անմիջական հարաբերություններ Եգիպտոսի հետ եւ ապա բախվեց նրա հետ Քադեշի ճակատամարտում, թեեւ դա եղավ շուրջ երկու դար անց՝ արդեն Ռամսես Բ-ի եւ Մուվաթալի Բ-ի օրոք։ Բայց այդ ժամանակահատվածում Խեթական կայսրությունն արդեն նվաճել էր անդրամանոսյան այդ երկիրը։ Մյուս կողմից, ըստ Ի․ Դյանկոնովի․ «․․․окрестные народы впоследствии обозначали как «хеттов» (хатти, хате) не один какой-нибудь народ, а все вообще население бывшей Хеттской державы, и даже шире — всех районов между Евфратом и Средиземным морем» (И. М. Дьяконов, Предыстория армянского народа, Ереван, 1968)։ Իսկ եթե ելնել այն պնդումից, որ Թութմոսը իրոք նկատի ուներ Խեթական կայսրությունը, ապա կրկին հնարավոր է, որ «Մեծ» մակդիրը վերաբերում է այնուամենայնիվ «Մեծ Խաթիին», որը (կամ գուցե դրա մասը) փարավոնն այդպիսով դիվանագիտորեն Խեթական կայսրության մաս է ճանաչում, որի դիմաց ստանում է նվերներ՝ այս դեպքում իրոք՝ շնորհակալ խեթերից։

 

Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն