Աջակցում

Սիրելի բարեկամներ։
Արդեն շուրջ մեկ տարի է, ինչ ես գրեթե ավարտել եմ (սեւագիր վիճակով) երկու աշխատություն՝ պատմական աշխարհագրության ոլորտից․ «Հայքի ճանապարհները ըստ Պեւտինգերյան քարտեզի», որում նույնացված են Ե դարի հռչակավոր քարտեզի՝ Հայկական բարձրավանդակում եւ հարակից տարածքներում տեղորոշվող 300‑ից ավելի տեղանուններ եւ «Ամիդ-Տիգրանակերտ-Դիարբեքիր», որը մասամբ նախորդի շարունակությունն է կազմում եւ որում բերված են Տիգրանակերտ մայրաքաղաքի եւ այժմյան Դիարբեքիրի նույնության ապացույցներ։ Առաջին գրքի նախնական ծավալը մոտ 350 էջ է, երկրորդինը՝ մոտ 200։

 

Այժմ ես փորձում եմ միջոցներ հայթայթել այդ աշխատությունների հրատարակման համար։ Նախ եւ առաջ միջոցներ են անհրաժեշտ դրանց գիտական խմբագրման համար, ինչպես նաեւ անգլերեն թարգմանության եւ տպագրության։ Դե, ու, կարծում եմ, ես էլ, որպես հեղինակ, արժանի եմ վարձատրման։-)))

Եւ ահա, ես խնդրում եմ նպաստել այդ գործին։ Փաստորեն, սա այն է, ինչ հիմա ընդունված է անվանել crowdfunding, բառով, որը հայերեն, թերեւս, կարող է մոտավորապես թարգմանվել՝ հանրանպաստում։ Սակայն այն եղանակները, որոնք տարածված են աշխարհում առայժմ մի շարք պատճառներով կիրառելի չեն մեզ մոտ։ Եւ ես որոշեցի փորձել այս տարբերակը։ Եթե ցանկություն ունեք նպաստելու այս եւ մյուս իմ ծրագրերին, խնդրում եմ, կապվեք ինձ հետ։

Ի դեպ մի գաղափար ունեմ․ ստեղծել հայագիտական հետազոտություններին նպաստող Հիմնադրամ, նպաստելու համար այն ԳԻՏԱԿԱՆ հետազոտություններին, որոնք չափազանց կարեւոր են, բայց որոնք պետական խողովակներով չեն աջակցվում։ Եւ ահա, եթե իմ այս գրքերի համար միջոցներ հայթայթելը հաջողվի, ես մտադիր եմ ընդլայնել այս դրամահավաքի ծրագիրը, դարձնելով այն մշտական գործող հիմնադրամի հիմքը։

Կանխավ շնորհակալություն