Տառաստեղծի համառոտ տեղեկատու

Այստեղ ներկայացված են տառարվեստին առնչվող հիմնական եզրերը՝ դրանց լատինագիր և ռուսերեն համարժեքներով։ Եզրերի մշակումը գտնվում է շարունակական մշակման ընթացքում, եւ դուք կարող եք մասնակցել այդ գործընթացին՝ առաջարկելով եզրերի ձեր տարբերակները։ Հայոց գրի հետ կապված հասկացություններն ու եզրերը, հատկապես՝ ավանդական, հաճախ կիրառվում են ամենատարբեր, երբեմն հակասական իմաստներով։ Ստորեւ մենք ներկայացնում ենք դրանցից կարեւորագույնները՝ հնարավորինս կանոնարկված եւ այն իմաստով, որով դրանք գործածված են մեր կայքում։
  • Հայկական ավանդական գրատեսակները
  • Հայկական ժամանակակից գրատեսակները
  • Գրանշանների կառուցվածքային տարրերը
  • Այլ եզրեր

  • ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

    Գրելու արագությունից կախված յուրաքանչյուր գրային համակարգի նշաններ ստանում են ձեւաորման որոշակի կանոնական աստիճաններ սկսած հիմնական (կոթողային) ձեւից, մինչեւ սղագրական։ Այս ընթացքի որոշ ատիճաններ կարող են դիտվել, որպես հիմնական, մյուսները՝ որպես անցումային։ Սրանց գործածումը չունի որոշակի ժամանակային, տեղային կամ ոճային սահման։ Նոր գրատեսակների հանդես գալուց հները չեն վերացել եւ շարունակել են գործածվել, թեեւ սահմանափակ տիրույթում։ Հայոց գիրը նույնպես անցել է այդ ուղին։ Կանոնարկված ավանդական աստիճաններն են երկաթագիրը, բոլորգիրը եւ նոտրգիրը։ Առանձին դաս են կազմում զարդագրերը, տառերի՝ տարբեր կերպ ոճավորված իրագործումները․ ծաղկագիր, մարդագիր, գազանագիր, թռչնագիր եւ այլն։

    Երկաթագիր

    Այսպես է կոչվում հայոց գրի հիմնական տեսակը։ Անվանումը հստակ բացատրություն չունի։ Թերեւս պատճառն այն է, որ քարի վրա երկաթե հատիչով արձանագրություններն իրագործվում են գրի հիմնական՝ կոթողային, այսինքն՝ հենց այս ոճով։ Եւրոպայում սրան մոտավորապես համապատասխանել է uncial, իսկ Ռուսաստանում՝ устав գրատեսակները։ Եղել է մատենագրության հիմնական գրատեսակը մինչեւ Ժ—ԺԱ դդ․, երբ դուրս է մղվել բոլորգրով։

    Բոլորգիր

    Տեղեկույթի ստեղծման ծավալներն ու տարածման արագությունն ավելացնելու պահանջն անդրադարձավ տառերի ձեւի վրա։ Դրանք աստիճանաբար դառնում էին ավելի կլորավուն (բոլոր), օժտվում վեր եւ վար տարածվող մասնիկներով, որոնց շնորհիվ տառերն առավել ճանաչելի էին դառնում եւ բարձրանում էր գրվածքի ընթեռնելիությունը։ Արագագրական այս նոր աստիճանում կանոնարկված գրատեսակը ստանցավ բոլորգիր անվանումը, թեեւ հետագա մշակման արդյունքում այս գիրը կորցրեց այդ կլորավորությունը՝ ստանալով երկրոդական բեկվածություն, սակայն անվանումը պահպանվեց։ Մեզ հասած հնագույն նմուշը գրված է 981թ․։ Եվրոպայում սրան մոտավորապես համապատասխանել է semi-uncial, իսկ Ռուսաստանում՝ полуустав գրատեսակները։ Ժամանակակից հայոց գրի տարածված գրեթե բոլոր տեսակները բոլորգրի հետագա մշակման արդյունք են։

    Նոտրգիր

    Ձեւավորվել է արագագրության է՛լ ավելի մեծացած պահանջներից եւ լայնորեն տարածվել է ԺԶ—ԺԸ դարերում։ Հետագայում՝ հատկապես ԺԸ—ԺԹ դդ․, տպագրության տարածումից հետո նոտրգրի օրինակով ստեղծված տառատեսակները օգտագործվել են հիմնականում որպես ընդգծող կամ ծանոթագրությունների տառատեսակ։

    Երբ գրվածքի (հատկապես՝ բոլորգրով կամ նոտրգրով իրագործված) առանձին բառեր՝ անուններ, նախադասության առաջին բառեր եւ այլն սկսեցին շեշտել երկաթագիր տառերով (մասնավորապես՝ դրանց ընթեռնելիությունն ապահովելու նպատակով), վերջիններս ստացան գլխատառ (capitalis, заглавная) կամ մեծատառ (majuscule, upper case, большая, прописная) անվանումը, իսկ առաջինները՝ փոքրատառ (minuscule, lower-case, малая, строчная)։

    Ձեռագիր

    Արագագրական հաջորդ այս կանոնը, որը, սակայն, չի համարվում ավանդական, ձեւավորվել է ԺԷ—ԺԸ դարերում եվրոպական դպրոցի ազդեցությամբ։ Ձեռագրի տառաձեւերը մշակված են հատուկ արագագրության պահանջներից ելնելով․ տառամասնիկները համապատասխանեցված են գրչի առավել սահուն, գալարաձեւ ընթացքին, սահմանված են գրանշանների ագիներ եւ այլն։ Չհաշված հատուկ սղագրական համակարգը՝ սա ամենաարագ գրատեսակն է։ Սովորաբար ձեռագրի հատուկ կանոն լինելը չի էլ գիտակցվում, այնքան այն բնական եւ սովորական է թվում։

    Զարդագիր

    Հայզոց տառերը ոճավորվել են ամենատարբեր հնարքներով, սկսած երկրաչափական եւ բուսական տարրերով մշակելուց եւ վերջացրած կենդանական աշխարհի տարբեր ներկայացուցիչների պատկերներից կազմելով։

    Շղագիր, շյուղով գրված։ Հարթ գրանյութի՝ մագաղաթի բացակայության պայմաններում առօրյա պետքերի համար գրում էին մոմապատ տախտակների՝ պնակիտների վրա՝ շյուղով՝ սրածայր մետաղյա կամ փայտյա ձողով, որի հակառակ՝ հարթ ծայրով հարթեցնում՝ ջնջում էին գրվածը։ Սրածայր շյուղի հետքը բոլոր ուղղություններով նույն հաստությունն ուներ, ի տարբերություն գրչի հետքի։ Շնորհիվ դրա շղագիրը սովորաբար ավելի ճիշտ է վերարտադրում գրանշանի ձեւի բնորոշ հատկությունները՝ գրույթը։ Հետագայում այդպես էին կոչվում նաեւ թանաքով իրագործված գրվածքները, եթե գրչի սրածայրության պատճառով գծերը հավասար լայնություն էին ունենում բոլոր ուղություններով։ Հաճախ շղագիրն ու գրչագիրը դիտվում են որպես հատուկ գրատեսակներ, մինչդեռ սրանք սոսկ գրչարհեստի դրսեւորումներ են։

    Գրչագիր, գրչով գրված։ Գրիչը պատրաստվում էր եղեգնից կամ փետուրից եւ մի ուղղությամբ թողնում էր ավելի լայն հետք, իսկ ուղղահայաց ուղղությամբ՝ բարակ։ Ըստ գրչի պահված դիրքի՝ լայն կարող էին ստացվել ուղղաձիգ կամ հորիզոնական գծերը։ Հայկական ավանդույթում (ի տարբերություն, օրինակ՝ արաբականի) սովորական էր առաջին տարբերակը։ Երկրորդ տարբերակը, սակայն, ավելի հարմար էր արագ գրելու համար, եւ այդ տարբերակով գիրը վերածվում էր նոտրգրի։


    ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ

    Ներկայումս հայկական տպարվեստում գործածվող տառատեսակները զգալի մասը համապատասխանեցված է լատինական տպարվեստի սկզբունքներին եւ հայկական տառատեսակները կառուցվում են լատինականների ոճական սկզբունքներով։ Այս գործընթացը սկսվել էր դեռեւս ԺԹ դարի կեսերից, երբ իր առաջին գործերը ստեղծեց հայ նշանավոր տառաստեղծ Ճանիկ Արամյանը։ Այն շարունակվեց խորհրդային տարիներին, եւ հատկապես մեծ թափ ստացավ մեր օրերում՝ համակարգչային տառաստեղծության ասպարեզ գալու արդյունքում։ Անկան այդ երեւույթի մեր գնահատականից այն այսօր կատարված փաստ է։

    Արդյունքում, այսօր առավել տարածված գրատեսակը բոլորգրի ժամանակակից մշակումն է, լատինական տառատեսակների մնորոշ լրացուցիչ ոճերով, որոնք պատմականորեն զարգացել են հիմնական ուղիղ ձեւից։ Այսպես, է՛լ ավելի արագ գրելու արդյունքում տառերի կանոնական ձեւերին հաղորդվում էր որոշակի թեքություն եւ հավելվում էին կապակցող գծեր (կամ դրանց նշույլներ)։ Հետագայում այս կարգի գրատեսակները նույնպես կանոնարկվեցին՝ ստանալով թեք (oblique, slanted, наклонный) անվանումը, եթե հաղորդվում էր միայն թեքություն եւ շեղ, շեղագիր (չշփոթել շղագրի հետ) (cursive, italic, курсив) անվանումը, եթե տառաձեւերին հողրդվում էր նաեւ լրացուցիչ նրբագեղություն, հավելելով դրանց ավարտական ագիներ։ Վերջապես, գրվածքի առանձին բառեր շեշտելու համար դրանք իրագործվում էին նույն տառատեսակի ավելի թավ (սեւ, հաստ) տարբերակով։ Այսպիսով ժամանակակից հայկական շարվածքային (ոչ զարդային) տառատեսակը սովորաբար ներկայացվում է չորս տարբերակներով (ոճերով, նկարվածքներով)՝ ուղիղ, շեղ, թավ եւ թավ շեղ։

    Միեւնույն ժամանակ, բավականին ամուր են նաեւ բոլորգրի ավանդական տարբերակների դիրքերը, որոնք այսօր ընդունված է դասել այսպես կոչված «գրքի» տառատեսակների թվին։ Երբեմն սրանք նույնպես փորում են իրագործել վերոհիշյալ չորս ոճային տարբերակներով, թեեւ սա սխալ մոտեցում է եւ հաջող արդյունքների չի հանգեցնում։ Լավագույն դեպքում կարող է գոյություն ունենալ «գրքի» տառատեսկակի «թավ» տարբերակը։

    Ստորեւ բերված են արդի հայ տպարվեստում կիրառվող հայկական բոլորգրի հիմնական երկու գրատեսակները՝ շեղ եւ թեք ոճերով։ Սրանցից յուրաքանչյուրը կարող է ունենալ ձեւափոխման ընդարձակ դաշտ՝ ըստ սեւության, խտության եւ համամասնությունների։
    «Գրքի» գրատեսակը
    Ժամանակակից գրչագիր
    Ժամանակակից թեք գրչագիր
    Ժամանակակից շեղ գրչագիր
    Ժամանակակից շղագիր
    Ժամանակակից թեք շղագիր


    ԳՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԸ

    Ստորեւ բերված են գրանշանների կառուցվածքին վերաբերող հիմնական հայերեն եզրերը, ինչպես նաեւ, որտեղ դա հնարավոր է, նաեւ անգլական եւ ռուսական տարբերակները։
    Ա. Հիմնագիծ, Base line, Линия шрифта Բ. Միջնագիծ, Փոքրատառերի գիծ, Տառամարմնի գիծ, Mean line, Midline, Median, Линия строчных знаков Գ. Մեծատառերի գիծ, Cap line, Линия прописных знаков Դ. Փոքրատառերի վերին ելուստների գիծ, Ascent, Ascender line, Линия верхних выносных элементов Ե. Տողի վերին եզր, Em line, Верхняя граница кегельной площадки Զ. Փոքրատառերի ստորին ելուստների գիծ, Descent, Descender line, Линия нижних выносных элементов Է. Տողի ստորին եզր, Em line, Нижняя граница кегельной площадки Ը. Տառաչափ, Կետաչափ, Size, Point size, Em, Кег(е)ль Թ. Փոքրատառերի բարձրություն, Տառամարմնի բարձրություն, x-height, Высота (рост) строчных знаков Ժ. Մեծատառերի բարձրություն, Cap height, Высота (рост) прописных знаков Ի. Եզրակ (վերին եւ ստորին), Shoulder, Заплечико Լ. Տողամիջոց, Leading, Linespace, Интерлиньяж Խ. Տողի բարձրություն, Line height, Высота строки Ծ. Տառամիջոց, Letterspace, Fit, Character Fit, Ап(п)рош, Межбуквенный просвет Կ. Լուսանցք, Կիսամիջոց, Side bearing, Полуапрош Հ. Հպակցում, Ծոցավորում, Kerning, Кернинг Ձ. Նոսրացում, Letter-spacing, Tracking, Разрядка Ղ. Զանցում, Overshoot, Перелет, Свисание Ճ. Գրանշան, Երես (տպատառի) Character, Face, Очко литеры Մ. Տառահարթակ, Character Area, Кегельная площадка 1. Ճյուղ, Հիմնական մասնիկ, Stem, Stroke, Основной штрих, Штамб 2. Լուծ, Կապակցող գիծ, Hairline, Shoulder, Соединительный штрих 3. Ծայրատ, Գծափակոց, Засечка, Serif, Сериф 4. Միակողմ ծայրատ 5. Ծայրատ, Գծափակոց, Կանթաձեւ (հայկական) ծայրատ 6. Ծայրատ, Գծափակոց, Չորսուաձեւ (հայկական) ծայրատ 7. Վերին ելուստ, Ascender, Верхний выносной элемент 8. Ստորին ելուստ, Descender, Нижний выносной элемент 9. Բիբ, Counter, Eye, Внутрибуквенный просвет 10. Բացք, Counter, Eye, Внутрибуквенный просвет 11. Ձվարդ, Oval, Овал 12. Կիսաձվարդ, Բլթակ, Bowl, Полуовал 13. Երեք քառորդ ձվարդ 14. Տարբերիչ նշան, Accent, Diacritic, Диакритический знак 15. Կտուց, Beak, Вертикальная засечка 16. Լծակ, Arm 17. Ագի, Terminal, Концевой элемент 18. Խթան, Spur 19. Ոլորք, Spine 20. Հանգույց 21. Կամար, Լուծ 22. Ելուստ, Arm 23. Ունկ 24. Թաթ 25. Կցագրություն, Ligature, Лигатура 26. Կաթիլ, Ball, Drop, Каплевидный элемент 27. Հաստուկ, Stress, Наплыв


    ԱՅԼ ԵԶՐԵՐ

    Ամպերսանդ, Ampersand, Амперсанд — Լատինական տպրավեստում հատուկ նշան (&), որը համապատասխանում է հայերեն «եւ» կցագրությունը։ Անգլերենում նշանակում է «and», իսկ անունը «and per se and» արտահայտության աղավաղման արդյունք է, որը թարգմանվում է «եւ-ը որպես եւ»։ Գծային ձեւը արդյունք է լատինական «et» («եւ») կցագրության, ճիշտ նույն կերպ, ինչպես առաջացել է հայերեն «եւ» կցագրությունը, որ ներկայանում է, որպես «ե» + «ւ»։ Հնագույն հայտնի նմուշներից է մ․թ․ա․ 75 թ․ հռոմեական ձեռագրերից մեկը։

    Բառամիջոց կամ Բացատ, Space, Пробел — Բառերի միջեւ հեռավորությունը

    Գրակոս, Գրյուն, Glyphe, Глиф — Գրի տարրը։ Միեւնույն վերացական գրույթը կարող է ներկայանալ բազմաթիվ նույնարժեք տարբերակներով, որոնք գրույթի հետ նույն հարաբերությունների մեջ են, ինչպես հնչյունը եւ հնչույթը։

    Գրույթ, Grapheme, Графема — Գրավոր խոսքի միավորը (այբբուբենում՝ տառը, վանկագրում՝ վանկը, բառագրում՝ առանձին գաղափարագիրը), որը ճանաչելիորեն տարբերվում է տվյալ գրային համակարգի մյուս միավորներից։ Միեւնույն գրույթը կարող է ներկայանել տարբեր կերպ (ոճ, գրակոս), սակայն պիտի մնա ճանաչելի՝ անկախ տառատեսակից, ձեռագրից եւ այլն։

    Երկգիր, Digraph, Digram, Диграф, Диграмма, Составная буква — Բաղադրյալ գրանշան, որ բաղկացած է երկու տառերից։ Գործածվում է արտահայտելու համար տվյալ այբուբենում բացակայող հնչույթները։ Օրինակ՝ լեհական CZ [Շ], անգլերեն ZH [Ժ] կամ հայկական ՈՒ (= «Ո» + «Ւ»)։

    Լրակազմ, Ընտանիք, Family, Гарнитура — Մեկ կամ մի քանի կետաչափերով եւ նկարվածքներով (ոճերով) տառատեսակների լրակազմ, որոնք ունեն ոճային ընդհանրություններ եւ ունեն գրանշնանների միեւնույն կազմ՝ գրակազմ։ Լրակազմում սովորաբար ընդգրկված են լինում տառթվային, կետադրական եւ հատուկ նշաններ։ Լինում են նաեւ ամբողջովին ոչ այբբենական գրանշաններից բաղկացած լրակազմեր, օրինակ՝ քարտեզագրական, երաժշտական նշաններից կամ զարդային տարրերից բաղկացած։ Հաճախ շփոթվում է «տառատեսակ» հասկացության հետ։ Վերջինս սահմանում է տվյալ ընտանիքի որոշակի անդամի հատկությունները, օրինակ՝ թավ կամ շեղ, մինչդեռ լրակազմը սահմանում է մի քանի տառատեսակի համաձայնեցված ոճը։

    Կետաշտկում, Hinting, Хинтинг — Կետավորման ընթացքում գրանշանի եզրագծի շտկում հատուկ հրամանների հավելմամբ՝ ցածր տարլուծմամբ արտածող սարքերով դիտելիս առավել հստակ ձեւեր ստանալու նպատակով։ Կարող է կատարվել ինքնաբար՝ տառաստեղծական ծրագրի հատուկ հրամանով, կամ՝ ձեռքով։ Վերջինս ապահովում է բարձրագույն որակ, սակայն չափազանց աշխատատար է։

    Կետավորում, Rasterisation, Растеризация — Եզրագծային ձեւաչափով պատկերների վերածումը կետային պատկերների՝ տպագրելու, տեսագրելու կամ կետապատկերի ձեւով պահելու նպակակով։

    Կցագիր, Ligature, Лигатура — Գրանշան, որը մեկ կամ ավելի գրույթների միաձուլման արդյունք է։ Միաձուլումը կարող է կատարվել տպագրության ընթացքում երկու գրանշանների առավել լավ հպակցման նպատակով (օրինակ՝ լատինական ff, fi, ffi, հայկական վն, մն, մե եւ նման այլ կցագրությունները, նոր գրանշանների ստեղծման համար՝ ինչպիսիք են որոշ եւրոպական այբուբենների երկբարբառների տառերը æ, œ, ß կամ նախատպագրական շրջանում արագագրության արդյունքում գոյացած նշանները, ինչպիսիք են ամպերսանդը կամ հայկական եւ-ը։ Երբեմն միաձուլման արդյունքում ելից գրանշանների ձեւը փոխվում է աննշան, երբեմն ելից տառերը անճանաչելի են դառնում։

    Հնչույթ, Phoneme, Фонема — Հնչյունային (բանավոր) խոսքի վերացական միավորը։ Այբբենական գրային համակարգերում համապատասխանում է տառին։ Ինչպես եւ տառը, տվյալ հնչույթը իրականության մեջ ներկայանում է հնչյունային տարբերակներով, որոնք սակայն, հնարավոր է ճանաչել եւ նույնացնել, որպես միեւնույն հնչույթի ներտարբերակներ։

    Հպակցում, Ծոցավորում, Kerning, Кернинг — Տառամիջյան հեռավորությունների փոփոխում՝ առավել հավասար եւ ընթեռնելի տող ստանալու նպատակով։ Հպակցումները կազմում են հպազույգեր (Kerning pairs, Кернинговые пары)։ Կախված տվյալ տառատեսակում ընդունված ոճի կարող են անհրաժեշտ լինել մի քանի տասնյակից՝ հարյուրավոր հպազույգեր։

    ՈւղտաԳիր, Medial capitals, InterCaps, CamelCase, ВерблюжийРегистр — Ուղտագիրը հայերենում ուղիղ ձեւ չի համարվում, թեեւ երբեմն կիրառվում է եւրոպական ապրանքանիշների հայացումներում։

    Տաբերիչ նշան, Диакритический Знак, Accent — Հատուկ նշաններ, որոնք հավելվում են տառերին, դրանց հնչույթային նոր արժեք հաղորդելու (ըստ էության՝ նոր տառ ստեղծելու) նպատակով։ Լայնորեն կիրառվում են ամենատարբեր գրային համակարգերում։ Որպես տարբերիչ հաճախ կիրառվում են կետադրական եւ այլ ծառայողական նշանները․ կետը, գծիկը, ալիքը, օղը, ագին, տանիքը, բութը, շեշտը, ապաթարց եւ այլն։ Հայոց այբուբենում տարբերիչ նշաններ չեն գործածվում, սակայն կիրառվում են՝ հայոց բարբառներին հատուկ հնչույթների արտապատկերման, ինչպես նաեւ այլ լեզուների հնչույթները հայոց այբուբենի տառերի միջոցով ներկայացնելու նպատակով։

    Փոքր Մեծատառեր, Small capitals, Small caps, Капитель — Տպարվեստում՝ գրատեսակ, որի փոքրատառերը իրագործված են, որպես փոքրացված մեծատառեր։ Պետք է հիշել, որ փոքր մեծատառերը հատուկ գրատեսակ են ներկայացնում։ Դրանց ճիշտ իրականոցումը պահանջում է, որ մեծատառերը ոչ թե պարզապես փոքրացված լինեն, այլ հատուկ կերպով իրագործվեն (լինեն փոքրատառերից միքիչ բարձր եւ ավելի լայնոտ), այլապես դրանք մեծատառերից սպիտակ կստացվեն։ Սովորաբար այս հանգամանքը հաշվի չեն առնում։