Ոսկի միլիարդի մասին

Հրապարակվել է «Լրագիր» թերթում, 2022 թվականի փետրվարի 21-ին։

Թագավարակային խարդախության նպատակները բացատրելու համար (ովքեր գիտակցում են, որ գործ ունենք իրոք խարդախության, այլ ոչ թե ինչ-որ նոր, մինչ այդ գոյություն չունեցած հիվանդության հետ) առաջարկում են տարբեր բացատրությունները։ Դրանք այս կամ այն կերպ կապվում են ընթացող համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ։ Ոմանք դրանում տեսնում են արտադրական նոր կացութաձեւի անցման միջոց, ոմանք՝ շուկաների եւ տնտեսական ոլորտների վերաբաշխման միջոց, ոմանք՝ քաղաքական վերնախավերի համար պատրվակ, «քավության նոխազ», որի վրա կարելի է բարդել ընտրողների կենսամակարդակի անկումը, նաեւ պատրվակ, որը կարդարացներ սղաճը՝ պայմանավորված տրիլիոնավոր դոլարների «տպումով»՝ ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար, եւ, վերջապես, ամենապարզ բացատրությունը․ որոշ ազդեցիկ անձանց կողմից հարուցված շուկայագիտական քայլ՝ պետական բյուջեները «սղոցելուն» ուղղված։

Թերեւս, թվարկված բացատրություններից յուրաքանչյուրը այս կամ այն չափով իր ներդրումն ունի։ Սակայն կա եւս մեկը, որը էապես տարբերվում է վերոթվարկյալներից, թեեւ, նույնպես կապվում է դրանց հետ։ Խոսքը, այսպես կոչված «ոսկի միլիարդի» մասին է։ Սովորաբար ասելով «ոսկի միլիարդ» հասկանում են «զարգացած» երկրների բնակչությունը, ի տարբերություն, «զարգացող» երկրների բնակչության։ Բայց կա այդ եզրույթի մեկ այլ իմաստ եւս, հիմնված այն պնդման վրա, որ, իբր, երկրագնդի էկոլոգիական հնարավորությունները կարող են ապահովել միայն 1 միլիարդ (կամ միքիչ ավել) մարդու գոյությունը, եւ մարդկանց թվի հետագա աճը կարող է կործանել երկրագնդի բնությունը, ու, հետեւապես, բնակչության թիվը պետք է կրճատել, սահմանափակելով այն 1 միլիարդով։ Այսինքն, իբր, այս «համաճարակով» ուզում են կրճատել աշխարհի բնակչությունը։

Այս վերջին գաղափարը սովորաբար դիտում են, որպես «դավադրության տեսության» դրույթներից մեկը։ Նախորդ հոդվածներում ես մի քանի անգամ արտահայտել եմ իմ վերաբերմունքը, այսպես կոչված, «դավադրության տեսություն» հասկացության մասին։ Բայց նկատեմ, որ բուն «կովիդը» ոչ մի կերպ չի կարող լինել բնակչության նվազեցման միջոց, քանի որ նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն, դրանով պայմանավորված մահացությունը զիջում է բազմաթիվ այլ օդակաթիլային վարակներին։ Այլ հարց է, թե ինչ հետեւանքների կարող են բերել պարտադրված «պատվաստումները», բայց դրանք կարող են նկատելի դառնալ միայն տարիների ընթացքում։ 

Այստեղ ես ուզում եմ ընթերցողների ուշադրությունը գրավել աշխարհի բնակչության կրճատման ծրագրերի (գոյություն ունեցող, թե՝ չունեցող) բոլորովին այլ հետեւանքների վրա։ Կրկնում եմ, ես չեմ խոսում այն մասին, թե նման ծրագրեր գոյություն ունեն, թե՝ ոչ, այլ այն մասին, թե դա ինչի կարող է հանգեցնել։ Առաջին հայացքից թվում է, թե իրոք, բնակչության շարունակվող աճի դեպքում մարդկությունը կարող է պարզապես ոչնչացնել մոլորակի պաշարները, ինչը, ի վերջո, կբերի նաեւ մարդկության վերացմանը։ Սակայն, ներկայումս աշխարհում դիտվում են ժողովրդագրական կայունացման բացահայտ նշաններ, եւ եթե դրանք իրական լինեն, ապա խնդիրը առհասարակ կվերանա։

Բայց այնուամենայնիվ, եթե աշխարհի բնակչությունը կրճատվի, ինչի՞ դա կարող է հանգեցնել։  Թվում է, որ եթե այսօրվա արտադրական միջոցները, գիտությունը, արտադրաձեւերը կիրարկվեն ավելի փոքր բազմության համար ապա մարդիկ ավելի բարեկեցիկ կլինեն։ Սակայն դա մոլորություն է։ Դեռ մի կողմ թողնենք բարոյական կողմը, որ միլիարդավոր մարդիկ, ստացվում է, ստեղծել են այդ ամենը՝ գիտությունը, արվեստը, արհեստը եւ այլն, բայց պիտի հեռանան կյանքի թատերաբեմից, որ իրենց ժառանգները դրանք վայելեն։ Ոչ, խնդիրը ավելի խորն է։ Հասկանալու համար պետք է պարզել․ իսկ ինչի՞ հաշվին են առհասարակ ստեղծվել այն բարիքները, որոնք հիմա կազմում են մեր երկրային քաղաքակրթության էությունը։ Եւ իրոք, ինչո՞ւ են հնարավոր դարձել վիրաբուժության, էլեկտրոնիկայի կամ քիմիայի երբեմն հեքիաթային թվացող ձեռքբերումները։ Պատասխանը տնտեսության «կապիտալիստական» բնույթի մեջ է (փակագծերում նկատենք, որ այսպես կոչված «սոցիալիստական» տնտեսությունը իր խորքում նույն էությունն ունի, պարզապես այն ներկայանում է, որպես մեկ միասնական, յուրատեսակ «պետություն-ընկերություն»)։ Իսկ դրա զարգացման շարժիչ ուժը շուկաների շարունակական ընդլայնումն է։

Եւ իրոք, եթե շուկան փոքր է, ապա նեղ մասնագիտացումների անհրաժեշտություն չի լինում։ Օրինակ, եթե մի գյուղում վարպետը պատրաստում է, ասենք, բահ, ապա նա պատրաստում է դրա ե՛ւ փայտե կոթը, ե՛ւ երկաթե թիակը ե՛ւ մեխը, որով միացվում են առաջին երկու մասերը։ Նա, այսպես ասենք, «բահագործ» է, մինչդեռ առանձին «կոթագործ», «թիագործ» եւ «մեխագործ» գյուղին պետք չեն։ Նրանք եթե նույնիսկ լինեն, ապա ո՞ւմ պիտի վաճառեն իրենց արտադրանքը։ Ա՛յ եթե նրանք դուրս գան «արտաքին» շուկաներ եւ սկսեն վաճառել իրենց արտադրանքը հարյուրավոր այլ գյուղերում, նրանք կկարողանան խորանալ մասնագիտան իրենց նեղ ոլորտներում եւ ոչ միայն կսկսեն արտադրել բացառապես կոթեր, թիակներ ու մեխեր, այլեւ կսկսեն պատրաստել դրանք ավելի ու ավելի բարձր հմտությամբ, քանի որ այլ բան ու գործ նրանք չունեն։ Իսկ եթե շուկաներն է՛լ ավելի ընդլայնվեն, նրանք կկարողանան արտադրել յուրաքանչյուր արտադրանքի ենթաձեւեր՝ տարբեր ձեւերի եւ տարբեր նյութերից։ Իսկ հետո նույնիսկ գուցե գոյանան նոր, է՛լ ավելի նեղ մասնագիտություններ․ «մեխագործեր», «պտուտակագործեր» եւ այլն։

Ճիշտ նույն ձեւով են գոյացել բոլոր այն նեղ մասնագիտությունները, առանց որոնց չէին ստեղծվի ժամանակակից ավտոմեքենաները, ինքնաթիռները կամ խելախոսները․ դրանք չէին լինի, եթե իրենց արտադրող ընկերությունների շուկաները չունենային գլոբալ՝ միլիարդավոր չափեր։ Եւ այսօրվա համաշխարհային ճգնաժամի հիմքը հենց դրանում է․ այլեւս շուկաները չեն կարող աճել, որովհետեւ երկրագունդը սահմանափակ է, եւ սահմանափակ է գնորդների թիվը․․․ Նույնիսկ՝ Չինաստանում ու Հնդկաստանում․․․

Այժմ պատկերացնենք, որ աշխարհի բնակչության թիվը սկսել է նվազել։ Հնարավոր կլինի՞ նույն այն ապրանքների արտադրությունը, որոնք մենք տեսնում ենք այսօր շուկայում։ Որոշ ժամանակ՝ այո․ քանի դեռ կան այն նեղ մասնագետները, որոնք անհրաժեշտ են այդ ապրանքները ստեղծելու կամ նորոգելու համար։ Սակայն եթե շուկաները փոքրանան, դրանք արդեն չեն կարողանա աշխատատեղեր ապահովել նեղ մասնագետների համար։ Արդյունքում երիտասարդներն արդեն չեն ուզենա զբաղվել մի գործով, որը չի ապահովելու իրենց ապրուստը։ Որոշ ժամանակ դեռեւս մնացած տարեց մասնագետները ավելի բարձր վարձով մի կերպ կկրեն իրենց ուսերին նվազող շուկան, սակայն իրենցից հետո դրանով զբաղվողներ այլեւս չեն լինի եւ բարդ համակարգերը դուրս կգան արտադրությունից։ Շուկաների հետագա կրճատման դեպքում հերթը կգա ավելի ցածր մակարդակի մասնագետների հերթը (որոնք նեղ մասնագետներ կդիտվեն նոր պայմաններում), եւ այդպես շարունակ։ Ճիշտ է, գրականությունը դեռ պահելու է գիտելիքները, սակայն շատ շուտով չեն գտնվելու մասնագետներ, որոնք կհասկանան, թե ի՞նչ է գրված այդ գրքերում։

Արդյունքում, որոշ հապաղմամբ, բայց անշեղորեն արտադրությունն ու գիտությունը սկսելու են հարմարվել շուկաների նոր չափին։ Գիտության մեջ ընդունված է հունարեն հիստերեզիս ὑστέρησις «հապաղում» եզրույթը։ Այդ երեւույթը նկատվում է գիտության ամենատարբեր ճյուղերում՝ ֆիզիկայում, կենսաբանությունում, նաեւ՝ տնտեսագիտությունում։ Մասնավորապես, այս վերջին ոլորտում այն դիտվում է գործազրկության մակարդակի պահպանման մեջ, շուկաների գրավման եւ այլն։ Եւ, ինչպես տեսնում ենք նաեւ՝ աշխատանքի բաժանման մակարդակի մեջ։

Սրանից հետեւում է, որ եթե ինչ-ինչ պատճառներով (բնական, թե արհեստական՝ էական չէ) մարդկանց թվաքանակը իջնի 1 միլիարդի մակարդակի, այսինքն այնքան, որքան եղել է նապոլեոնական դարաշրջանում, ապա երկու-երեք սերունդ հետո մենք կունենանք քաղաքակրթություն՝ նապոլեոնական դարաշրջանի արտադրական մակարդակով։ Երբ ավտոմեքենաների փոխարեն մարդիկ շրջում էին ձիերով, շոգեքարշն ու շոգենավը նոր էին հայտնագործվել, իսկ արհեստական լուսավորության ձեւերը սահմանափակվում էին ջահերով, մոմերով ու ճրագներով։ Եւ վերականգնելու համար այժմյան մակարդակը մարդկությանը անհրաժեշտ կլինի այն երկու հարյուր տարին, որն անցել է Նապոլեոնի օրերից, մինչեւ որ աշխարհի բնակչությունը կրկին հասնի 8 միլիարդի։ Գուցե մի փոքր պակաս, եթե պահպանված լինի գրականությունը։ Բայց Ալեքսանդրիայի գրադարանի օրինակը հուշում է, որ այդ հավանականությունը այնքան էլ մեծ չէ․․․


Հարակից փակցվածքներ

Թողնել մեկնաբանություն