Ինչի՞ 1600-ամյակն ենք մենք տոնում

Այս տարի տոնում ենք հայոց գրերի 1600-ամյակը։ Նախատեսվում են տարբեր միջոցառումներ. երթեր, դասախոսություններ, մրցույթներ, եւ այլն։ Սակայն մի կողմ թողնելով այս ամենը խոսենք այն մասին, թե հասկանո՞ւմ ենք այրդյոք մինչեւ վերջ, թե ի՞նչ ենք տոնում։
Եւ այսպիսով, հայոց գրերի 1600-ամյակ։ Այլ կերպ, հայոց գրերը ստեղծվել են 405 թվականին։ Այդպե՞ս է։ Բոլոր նրանց համար, ում համար հայոց գրերի ստեղծման պատմության հետ ծանոթությունը սահմանափակվում է դպրոցական դասընթացի տեղեկություններով, դա իրոք այդպես է։ Սակայն բանասիրական եւ պատմագիտական տեսակետերից սա այնքան էլ ակնհայտ չէ։ Տարբեր ուսումնասիրողներ հիմնավորել են տարբեր տարեթվեր։ Օրինակ Ադոնցը գտել է, որ հայոց գրերի գյուտը կատարվել է 382-ից 392թթ., իսկ Գ. Տեր-Մկրտչյանն ավելի հիմնավոր է համարել 412-ից 416 թթ.։ Աճառյանը գրերի գյուտը հստակ տեղադրել է 404 թ., իսկ Աբրահամյանը՝ 406-ին։ Կան եւ այլ կարծիքներ։ Սակայն սա չէ կարեւորը. ի վերջո, քանի որ մենք չունենք այդ իրադարձության հստակ վավերական վկայություն (ինչպես, օրինակ, Երեւանի հիմնադրման դեպքում), պետք էր ընդունել առավել հավանական տարեթիվը եւ տոնել այն, ինչը եւ արվել է, եւ ես հիշեցնում եմ այս տարակարծությունների գոյությանը սոսկ նրա համար, որպեսզի բոլորս հասկանանք. հայոց գրերի ծագման հարցում կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնց մասին սովորաբար լռում են։
Օրինակ, եթե նման անորոշություն կա այս տարեթվի դեպքում, կարող է հարց առաջանալ. արդյո՞ք առհասարակ հի՛նգերորդ դարում է ստեղծվել հայոց գիրը, թե՞ սա էլ է սոսկ մի հարմար վարկած, որով քողարկվում են ինչ-որ այլ հանգամանքներ։ Կռահեցի՛ք, դա իրոք այդպես է. հայոց գրերի ստեղծման պաշտոնական շարադրանքը շրջանցում է նախամաշտոցյան գրերի խիդիրը։ Կամ, այլ կերպ. կարող է լինել այնպես, որ գրերի գյուտի տարեթիվը որոշելիս մենք սխալվում ենք ոչ թե տաս-տասնհինգ տարով, այլ տաս-տասնհինգ դարով։
Հարցից անտեղյակ հայի համար դա կարող է անհեթեթություն թվալ. չէ՞ որ դպրոցից բոլորիս է հայտնի, որ հայոց գրերը 405 թ. ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։ Սակայն դպրոցում մեզ նաեւ այլ հետաքրքիր բաներ են սովորեցրել. օրինակ՝ Լենին պապիկի մասին... Հետո՞ ինչ։ Սակայն հենց դպրոցական դասընթացները հայտնում են ինչ-որ Դանիելյան գրերի մասին։ Հայտնում են, ու տեղնուտեղը կոծկում այդ հարցը։ Չէ, դա դասագրքերի մեղքը չէ. այդ հարցը կոծկվում է արդեն իսկ մեր պատմիչների գրվածքներում։ Սակայն էությունը դա չի փոխում. պարզ է, որ մեզնից ինչ-որ բան են ուզում թաքցնել։ Ընդ որում՝ արդեն 1600 տարի։ Սակայն առաջներում հայտնի էր շատ ավելին։ Օրինակ, միջնադարում առանձնապես չէին կասկածում, որ Մաշտոցից առաջ ինչ-որ հայոց գրեր (սակայն անկատար) եղել են, եւ Մաշտոցը սոսկ կատարելագործել է եղած համակարգը։ Եւ նույնացնում էին դրանք նույն այդ Դանիելյան գրերի հետ։ Անհայտ էր միայն, թե ո՞ր տառերն է նա ավելացրել։ Ոմանք կարծում էին, որ դա ձայնավոր 7 տառերն էին մյուսներն այլ կարծիք էին հայտնում։ Ըստ ոմանց նախամաշտոցյան այբուբենը ունեցել է 17 տառ, ըստ մյուսների՝ 22, 24, 29 տառ։ Եւ միայն 20-րդ (՜) դարում՝ Աճառյանի «Հայոց գրերը) աշխատությունից հետո վերջնականապես հաստատվեց այն կարծիքը, որ Դանիելյան կոչված գրերը կապ չունեն Մաշտոցի գրերի հետ, որոնք վերջինս ստեղծել է ինքնուրույն։ Ի՞նչ է մնում ասել. փառք ու պատիվ, եթե մեկ գրքով հաջողվեց այն, ինչ չէր հաջողվում անել ավելի քան մեկ ու կես հազարամյակի ընթացքում։
Ինչ խոսք, Աճառյանի օրոք եղել են, ե՛ւ ներկայումս էլ կան նախամաշտոցյան գրերի գոյությունը ընդունող մասնագետներ, ինչպիսիք են Գարագաշյանը, Հարությունյանը, իսկ մեր օրերեում, օրինակ՝ Աշոտ Աբրահամյանը։ Հենվելով հայ եւ ոչ հայ աղբյուրների տեղեկությունների, ինչպես նաեւ բանասիրական եւ լեզվաբանական վերլուծությունների վրա նրանք ապացուցում են եւ ապացուցում են, որ նախամաշտոցյան հայ գիր եւ գրչություն եղել է։ Շեշտեմ, որ խոսքը տառային գրի՝ այբուբենի մասին է։ Մեր նախնիները հայերեն են գրել կիրառելով նաեւ այլ գրային համակարգեր, մասնավորապես, հնչյունային վանկագիր գրեր՝ նկարային արտաքին ձեւով։ Ցավոք, առայժմ չեն հայտնաբերվել այդ գրով իրագործված ծավալուն գրություններ, սակայն եղած փոքրածավալ նյութն էլ հնարավորություն է տվել որոշ մասնագետների (Հովհաննես Կարագյոզյան, Արտակ Մովսիսյան) առանձին վերծանություններ կատարել եւ գալ եզրակացության, որ դրանք գրված են հայերեն։ Այնպես որ հայերեն պատկերագրության գոյությունը կարելի է ապացուցված համարել։ Սակայն պաշտոանական տեսակետը շարունակելով Աճառյանի մոտոեցումները շարունակում է հերքել նախամաշտոցյան ցանկացած հայերեն գրի գոյությունը. «Մեսրոպից առաջ հայերեն գրականություն ենթադրելը, որ իբր թե ջնջեց Լուսավորիչը՝ այրելով բոլոր հայերեն գրեքերը, ամիտ հեքիաթ է միայն»։ Ահա սա է ներկայիս հայ բանասիրության բավականին ոչ գիտականորեն ձեւակերպված դիրքորոշումը։
Իսկ ներկայումս հայոց տառաձեւերի ծագման ուսումնասիրումն առահասարակ արգելակվել է։ Գիտությունը ղեկավարող մարմինները չեն խրախուսում այդ ուղղությամբ զբաղվելը։ Այն մնում է սոսկ սիրողների զբաղմունքի առարկա, որոնք լավագույն դեպքում ի վիճակի են կատարել սիրողական, այսինքն՝ ոչ գիտական ուսումնասիրություններ։ Կրկնում եմ. լավագույն դեպքում։ Քիչ չեն նաեւ հայոց գրերի վերաբերյալ այնպիսի դատողությունները, որոնք ավելի ճիշտ է զառանցանքներ անվանել, քան նույնիսկ սիրողական ուսումնասիրություններ։ Մե՛կը փորձում է այբուբենի մեջ հայտնաբերել ինչ-որ ծածկագիր, պարզում է, որ ԱՐԱՐԱՏ բառի տառերի թվային արժեքը ներկայացնում է այդ լեռան բարձրությունը. ընդ որում՝... մետրերով արտահայտված, մյո՛ւսը նրանում հայտնաբերում է քիմիական տարրերի քողարկված պարբերական համակարգը, մեկ ուրիշը՝ հավանաբար, հայրենասիրության մասին տարօրինակ պատկերացումից դրդված հայտարարում է, թե հայոց գրերը ստեղծվել են 10 հազար տարի առաջ, այսինքն մի ժամանակ, երբ ոչ միայն դեռ ոչ մի լեզվի գրային համակարգ (համենայն դեպս՝ տառային) գոյություն չի ունեցել, այլեւ հենց հայ (կամ որեւէ այլ) ազգի մասին այդ ժամանակներում խոսելը՝ թյուրիմացություն է։ Բայց այս վիճակը կարծես թե այնքան էլ չի հուզում գիտության ղեկավարներին։ Սկսում ես մտածել, որ այդպիսի «գյուտերի» գոյությունը նույնիսկ ձեռնտու են իրենց, քանի որ ցանկացած կարծիք, որը չի համընկնում պաշտոնականի հետ կարելի է հեշտությամբ դասել վերոհիշյալների շարքին եւ վարքաբեկել։
Օրինակ, ներկայումս Գիտությունների ակադեմիայի մակարդակով հայտարարված է գիտաժողով, նվիրված գրերի գյուտի 1600-այակին։ Եւ որո՞նք են քննարկվող հիմնախնդիրները։ Դրանք չորսն են. Հայոց գրերի գյուտը եւ հայոց մշակույթը, Հայոց գրերի գյուտը եւ Հայոց եկեղեցին, Մեսրոպ Մաշտոցը եւ հայ թարգմանական գրականությունը, Ազգային գրերի դերը ազգային մշակույթի զարգացման գործում։ Ահա այսպիսի «կոմսոմոլական» թեմաներ՝ այնքան ծանոթ ոճով. «Հոկտեմբերյան մեծ հեղափոխության դերը հայ մշակույթի զարգացման գործում»։ Իսկ թե ինչպես է կատարվել այդ հեղափոխությունը, քանի մտավորական է գնշակահարվել, քանի տաճար է քանդվել, այդ մասին ոչ մի խոսք. ՏԱԲՈՒ։ Այո. ո՛չ մի խոսք հայոց գրերի ստեղծման բուն խնդրի վերաբերյալ. այն փակված է համարվում։ Հենց այդպես. Մաշտոցը երազ տեսավ, ինչ որ ձեռք քարի վրա գրեց տառերը եւ մենք այբուբեն ունեցանք։ Վերջ։ Էլ ի՞նչ գիտություն-միտություն։
Բայց հնում էլ առանձապես գովելի վիճակ չէր։ 20-րդ դարի առաջին կեսի ընթացքում (երբ դեռ որոշ չափով խնդիրը ուսումնասիրվում էր) գրված աշխատությունները նույնպես գրեթե սիրողոակն մակարդակի վրա էին։ Քննության կետնրոնում էին հայոց տառաձեւերի ստատիկ վիճակը, գրեթե անտեսվում էր տառերի բնականոն, բարեշրջական ձեւափոխությունների հնարավորությունը՝ գրչարհեստի ազդեցության տակ։ Ուսումնասիրողները լինելով, որպես կանոն, բանասերներ կամ պատմաբաններ, եւ ծանոթ չլինելով տառարվետսի կանոններին, հաճախ ձեւաբանական աժրեք էին վերագրում գրանշանների առանձին վայելչագրական տարրերին, օրինակ՝ արդի տպատառերի գծափակոցներին։ Հնագույն այլ գրային համակարգերի հետ հայոց տառերը համեմատելիս կրկին դատում էին ըստ գրանշանների արտաքին նմանության։ Բոլորովին ուշարդություն չի դարձվել այլ ազգերի դեպքում գրեր ստեղծելու գործընթացների հետ համեմատությանը։ Ուսումնասիրությունների ամենասիրված խնդիրը եւղել է, օրինակ, Կորյունի այն տողերի մեկնությունը, ուր նա նորաստեղծ գրանշաններին տալիս մի շարք հատկանիշներ. նրբագույն եւ լայնագույն, կարճ եւ երկար, առանձին եւ կրկնավոր։ Եւ յուրաքանչյուրն իր պարտքն է համարել սեփական անապացուցելի ենթադրությունն անել, թե այդ ո՛ր հատկանիշների մասին է խոսքը. ըստ մեկի, դա տառերի երկար եւ կարճ մասնիկներն են, ըստ մյուսի՝ երկար եւ կարճ ձայնավորենրը եւ այլն։ Նման հեղինակների մոտ հաճախ կարելի է գտնել այն կարգի մտքեր, թե Մաշտոցը մասնիկներ է վերցրել տարբեր այբուբեններից «թ՛ե մեկից եւ թ՛ե մյուսից, ընտրելով նրանց միջից իրեն հարմար երեւացածները, փոքրիկ փոփոխություն մտցնելով նրանց մեջ» (Աճառյան)։ Իսկ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը ուսումնասիրողներից ոմանք բացատրում են այլ գրային համակարգերից տարբերվելու(՜՜՜) ձգտումով, կարծես թե Մաշտոցը ստեղծում էր մի ինչ-որ գաղտնագրության համակարգ: Նման բան կարող է գրել միայն գրի էությունը եւ գործառույթը վատ պատկերացնող մարդը։ Մյուս կողմից, նույնիսկ աղաղակող փաստերը չեն քննարկվում, համարվելով զուգադիպություններ, եթե դրանցից հետեւում է, թե հայոց ներկայիս Մաշտոցյան կոչված տառերը կարող են ավելի հին արմատներ ունենալ։ Տրամաբանությունը անբեկանելի է։ Ցույց տվեք, ասում են նախամաշտոցյան գրերի ապացույց։ Ցույց ես տալիս։ Պատասխան։ Սա թյուրըմբռնման արդյունք է։ Այսօր հայտնի են տասից ավելի ապացույցներ, սակայն դրանք հերքվում են ստալինյան տրամաբանությամբ. ապացույցներն այդ ոչինչ չարժեն, քանի որ նման բան լինել չի կարող։
Սակայն ընթերցողը կարող է հարցնել. «Իսկ իրոք, ի՞նչ փաստարկներ կան հոգուտ նախամաշտոցյան գրի գոյության»։ Ինչպես ասվեց, համենայն դեպս պատկերային հայոց գրի (որը թերեւս կարելի է նույնացնել մեհենագրի եւ «նշանագիրք իմաստնոց» ցուցակների որոշ գրանշանների հետ) գոյության փաստն արդեն կարիք չկա ապացուցել. դրա գոյությունն արդեն ոչ միայն ակնհայտ է, այլեւ արված են վերծանման առաջին քայլերը։ Սակայն, հավանաբար, այս գիրը իր բարդության պատճառով հազիվ թե գործածված լիներ պաշտոնական ոլորտում եւ կենցաղում։ Ինչ վերաբերում է հայալեզու գրին առհասարակ (այդ թվում եւ՝ այբբենական), ապա որպես փաստարկ կարելի է բերել հետեյալ չորս կարգի հիմնավորումները.
ա. գրի ծագման եւ զարգացման ընդհանուր օրինաչափությունները,
բ. պատմական վկայությունները,
գ. առկա նմուշները,
դ. ձեւաբանական վերակառուցումները։
Սկսենք առաջին խմբից։ Գիրը, որպես համամարդկային երեւույթ, ունի իր գոյացման եւ զարգացման օրինաչափությունները, որոնք պիտի գործեն նաեւ հայոց գրի դեպքում (Հակառակ պնդումը պարզապես կնշանակի հայոց գրի ուսումնասիրման գիտական եղանակների մերժում. նույնն է, ինչ հայտարարել ինչ-որ հատուկ հայկական բշկության կամ մաթեմատիկային գոյության մասին)։ Օրինաչափություններից այդ վկայակոչենք այստեղ երկուսը։
Առաջինը կարելի է ձեւակերպել, որպես գրի եւ պետականության փոխկապակցվածություն։ Այլ կերպ ասած, պետականությունն անհնար է առանց գրի, եւ որրեւէ պետություն չի կարող իրագործել իր գործառույթը՝ կառավարումը, առանց գրի, ընդ որում՝ ազգային մեծամասնության լեզվով։ Նույնիսկ համայնական կյանքով ապրող ցեղի առաջնորդին անհրաժեշտ է որեւէ կերպ ամրակայել եղած սննդի, կայքի, անասունների, մարտունակ անդամների թվի մասին տեղեկությունները։ Ամեն ինչ մտապահելն անհնար է, եւ գրի առաջացումն անբաժան է պետական կառուցվածքների գոյացումից, քանի որ հէնց այդ պահից է առաջանում տնտեսական, իրավաբանական, վարչական, գաղափարախօսական գործարքների արձանագրման, պահպանման եւ մեծ տարածությունների վրա հաղորդելու անհրաժեշտությունը։
Թեեւ, պետական գործառույթի իրագործման ընթացքում գրի վճռորոշ դերը կարող է չափազանցված թվալ, սակայն դժվար չէ նկատել, որ ամենահնագույն պետականությունները՝ եգիպտական, միջագետքյան, չինական՝ ասպարեզ են գալիս արդեն իսկ գրով հանդերձ։ Ճիշտ է, հակառակ կարծիքը նույնպես գոյություն ունի։ Եւ սովորաբար բերում են Ինքերի կայսրության օրինակը։ Սակայն սա թյուրիմացության արդյունք է։ Հայտնի է, որ ինքերը տեղեկությունը պահելու նպատակով գործածում էին հանգուցակիր պարաններ՝ կիպու։ Այսինքն պարզապես իրենց գիրը մեզ համար անսովոր տեսք ուներ, կարելի է ասել որ այն «եռաչափ» էր, ի տարբերություն մեր «երկչափ» գրի, բայց միեւնույն է այն կար։ Երբեմն էլ որպես օրինակ փորձում են հնագիտական տվյալներով հայտնի մշակույթներ ներկայացնել որպես «ոչ գրաչանաչ» պետություններ։ Բայց սա է՛լ ավելի թույլ փաստարկ է, քանի որ հենց գրի բացակայությունը անհնար դարձնում այդ կազմավորումների ներքին կառուցվածքի ուսումնասիրումը եւ գնահատումը. որքանով ենք կարող դրանք պետություն համարել։
Վերջապես յուրաքանչյուրը կարող է կատարել մի պարզ մտային գիտափորձ։ Պատկերացնենք, որ երկրի ղեկավարող ատյանը որեւէ բան է կարգադրում։ Ինչպե՞ս կարող է այդ կարգադրությունը հասնել կատարողներին, ինչպես ասում են՝ տեղերում։ Կարգադրությունը կարող է արվել բանավոր, սակայն այդ դեպքում, կա՛մ, բոլոր նրանք, ում այն ուղղված է պիտի հավաքվեն միեւնույն տեղում, կամ՝ բոլոր տեղեր պիտի ուղարկվեն այդ կարգադրությունը իմացող մունետիկներ։ Սակայն, առաջին դեպքն անհնարին է, եթե պետության չափը չի սահմանափակվում մեկ բնակավայրով, իսկ երկրորդ դեպքում ենթադրվում է, որ մունետիկները պիտի անսխալ հիշեն կարգադրության ամբողջ բովանդակությունը, եւ հետո տեղ հասնելուն պես կարողանան ապահովել այնտեղ գտնվող գոնե մեկական անձի կողմից այդ բովանադակության հիշելը, քանի որ իրենք պիտի վերադառնան՝ հաջորդ կարգադրություններն ստանալու համար։
Դեռ մի կողմ թողնելով նման պաշտոնյաների անհրաժեշտ քանակի եւ ընդհանուր այդ գործընթացի դանդաղության հարցը, պետք է նկատել դրա մեկ այլ թերությունը. ծայրագույն ոչ վավերականությունը։ Նույնիսկ եթե պատկերացնենք, որ բոլոր ուղարկվողները ազնիվ են եւ միտումնավոր չեն աղավաղի կարգադրությունը, նրանք կարող են պարզապես սխալվել, իսկ տեղերում այդ կարգադրությունները յուրացնողները լրացուցիչ սխալներ թույլ տալ («փչացած հեռախոսի» սկզբունքով)։ Բայց դեռ դա էլ ոչինչ է համեմատ նրա, որ անհնար կլինի պահպանել այդ կարգադրությունները, ուստի եւ անհնար կլինի ստուգել դրանց կատարման ընթացքը։
Կարող է առարկություն հնչել, որ գիրն, իհարկե, անհրաժեշտ է, բայց կարելի է գրել նաեւ օտար լեզվով, եւ նախամաշտոցյան գրի մերժողները չեն մոռանում հիշել պատմիչների հաղորդած այն տեղեկությունը, որ հայոց արքունիքում գրում էին հունարեն եւ պարսկերեն։
Օտարալեզու գիրն, իհարկե, կհեշտացնի կարգադրությունների հաղորդման եւ պահման խնդիրը, սակայն կառաջանան նոր բարդություններ։ Մասնավորապես, բանավոր խոսքի վերարտադրման վավերության խնդիրն այս դեպքում փոխարինվում է օտարալեզու գրավոր խոսքի՝ ժողովրդի լեզվով բանավոր թարգմանության վավերության խնդրով։ Դեռ չհաշված, որ պիտի առկա լինեն բավարար թվով երկլեզվյա անձինք, որոնք հավասարաչափ կտիրապետեն երկու լեզվի. ե՛ւ օտար (տվյալ դեպքում՝ պաշտոնական) լեզվին ե՛ւ ժողովրդի մեծամասնության լեզվին, քանի որ նրանք պիտի գրեն մի՛ լեզվով եւ կարողանան բանավոր թարգմանեն այն ժողովրդի լեզվով։ Այնսպես, որ եթե նույնիսկ կիրառվում է որեւէ օտարալեզու գիր, նրա կողքին միեւնույն է պիտի լինի որեւէ գիր՝ ժողովրդի լեզվով։
Այսպիսով, պարզ է դառնում, որ պետականությունն ու գիրն իրոք անբաժանելի են մեկը մյուսից։ Եւ քանի որ ոչ ոք չի կասկածում, որ Մաշտոցից առաջ հայոց պետություն (այսինքն պետություն, որի բնակչության հիմնական մասի լեզուն հայերենն էր) եղել է, ուրեմն ստիպված ենք հաշտվել այն մտքի հետ, որ նախամաշտոցյան հայ գիր չէր կարող չլինել, այսինքն՝ եղել է։
Երկրորդ օրինաչափությունը հետեւյալն է. «գիրը հետեւում է պետական գաղափարախոսությանը»։ Օրինակները շատ են։ Այսպես, թուրքերը ընդունելով իսլամը հրաժարվեցին իրենց հին գրից՝ հոգուտ արաբական (իսլամի) գրի, հետո ընդունելով դեմոկրատիա՝ անցան լատինագրի։ Ադրբեջանցիները մինջանկյալ ընդունեցին կոմունիզմ՝ ու նաեւ դրա սուրբ գրքերի (ռուսական) գիրը, եւ դրանից հետո միայն անցնելով դեմոկրատիայի՝ որպես պետական գաղափարախոսության՝ լատինագրի։ Կարելի է բերել եւ այլ օրինակներ։ Դրանից հետեւում է, որ եթե իրոք հայոց գրի ստեղծումը կապված լիներ քրիստոնեության ընդուման հետ, ապա այն պիտի լիներ հունական գրի հիմա վրա եւ կունենար հունական գրի տեսք։ Այդպես եղավ ղպտիների դեպքում, գոթերի դեպքում, վերջապես՝ ռուսների, որոնց տառերի կեսից ավելին համընկնում են հունական տառերի հետ։ Վերջապես, այն կարող էր ասորական գրի հիմքով ստեղծվել, եւ արդյունքում հիմա մեր տառերը կունենային ճիշտ ասորական գրի տեսք, ինչը չի դիտարկվում։ Իսկ մեր դեպքում, ստացվում է, որ Հայաստանն ընդունում է քրիստոնեություն, իսկ որպես գիր՝ սուրբ գրքի գրի հետ կապ չունեցող գրային մի համակարգ։ Դա, պարզապես, հանցագործություն կլիներ, եւ նման փորձն իսկ կատարած անձն անկասկած դաժանորեն կպատժվեր։ Դա նշանակում է, որ եթե նման փաստ կա, ապա այն պիտի չափազանց լուրջ հիմք ունենա։
Կորյունի գիրքը տալիս է դրա բացատրությունը։ Ինչպես հիշում ենք հայոց գրերի անհրաժեշտությունը Մաշտոցը հիմնավորում էր քարոզչական անհրաժեշտությամբ։ Ժողովուրդը հեռու էր քրստոնեական քաղափարներից եւ, ըստ էության՝ զրադաշտական էր (քրիստոնյաների լեզվով ասած՝ կռապաշտ էր), ինչը եւ պարզել էր Մաշտոցը Գողթան գավառ կատարած իր այցելության արդյունքում. քրիստոնեությունը ընդունում էր միայն կառավարիչը։ Պարզ էր, որ պետք էր շտապել, այլապես տեղի կունենար ապստամբություն եւ վերադարձ ավանդական կրոնին. այն է՝ զրադաշտությանը։ Եւ իրոք. ընդամենը կես դարից պակաս էր մնում մինչեւ Ավարայրի ճակատամարտը, որի գաղափարական հիմքը՝ քրիստոնեական հավատի պաշտպանությունն էր։ Այնպես որ որպես հայոց այբուբեն ոչ հունական գիրն ընդունելը կարող է ունենալ այն բացատրությունը, որ պարզապես ժամանակ չկար նոր գրին անցնելու, եւ պետք էր ընդունել այն գիրը, որն ամենից լայն էր տարածված երկրում։ Իրոք։ Նոր գրին անցնելը պահանջում է որոշակի ժամանակ։ Մեր ժամանակներում գրային համակարգը փոխող պետությունների օրինակը (Ադրբեջան, Ուզբեկստան) ցույց է տալիս, որ դրա համար անհրաժեշտ է գոնե մի տասը տարի։ Դա դեռ այն պայմաններում, երբ կան արագընթաց փոխադրամիջոցներ ու կապուղիներ, որոնք օգնում են տարածել նոր գիրը ամբողջ երկրում, պատրաստել ուսուցիչներ։ Հին Հայքում, որը շուրջ կես միլիոն քառակուսի կիլոմետրի տարածք ուներ, ընդ որում՝ լեռներով ու ձորերով կտրատված, եւ չկային այսօրվա կապի միջոցները անհամեմատ ավելի շատ ժամանակ կպահանջվեր նոր գիրը տարածելու համար. առնվազն՝ քսան տարուց ոչ պակաս։ Մի կողմից այդքան ժամանակ նախաձեռնողները չունեին, մյո՛ւս կողմից՝ Կորյունը վկայում է, որ այդ ժամանակը պետք էլ չի եկել. նոր գրի տարածումը կատարվել է ակնթարթորեն։ Իսկ դա նշանակում է, գիրն այդ իր հիմքում նոր չի եղել։
Պատմական վկայությունները բազմաթիվ են, սակայն, ինչպես ասվեց վերեւում, պաշտոնական դիրքերից արժանանում են միեւնույն գնահատականին։
Երկու օրինակ միայն։ Վարդան պատմիչը ընդունում է, որ Դանիելյան գրերը հայերեն են եղել եւ գրում է, որ Լեւոնի ժամանակ գտնվեց մի դրամ, որի վրա այդ գրերով գրված էր հայ կռապաշտ թագավորի անունը։ Միքայել Չամչյանը (ըստ Աճառյանի, եւ վերջինս էլ նրան համակարծիք է) չի ընդունում այդ հիմնավորումը, հետեւյալ տրամաբանությամբ. «Եթե այդ տառերը հայերեն էին, ինչպիսի՞ տառեր էին, որ Վարդանը կարողացավ կարդալ թագավորի անունը. եթե Մեսրոպյան գրերի նման էին, ուրեմն եւ Մեսրոպյան գրեր էին, իսկ եթե նրանցից տարբեր էին, հապա ինչպե՞ս կարողացավ Վադանը կարդալ»։ Պարզապես, չգիտես ինչ ասես, տեսնելով նման դատողություներ։ «Եթե Մեսրոպյան գրերի նման էին, ուրեմն եւ Մեսրոպյան գրեր էին»։ Այն պարզ միտքը, որ այդ գրերը, որոնք ինքը Չամչյանը Մեսրոպյան է կոչում կարող են Մեսրոպից առաջ ստեղծմած լինել, իր մտքով չի էլ անցնում, քանի որ իր տրամաբանական կաղապարից դուրս է։ Տառադարձելով հայտնի զավեշտը՝ Հայոց գրերը ստեղեծել է Մեսրոպը։ Եթե կան ապացույցներ, որ դրանք ստեղծել է այլ անձ, անցեք նախորդ պնդմանը։
Մեկ այլ օրինակ։ Հույն Փիլոստրատոս պատմիչը հաղորդում է մի դեպք (2–3 դարեր), երբ Պամփիլիայում բռնել են մի հովազի, որի ոսկի մանյակի վրա գրված է եղել հայերեն գրերով «Նյուսիա աստծուն՝ Արշակ թագավորից»։ Ինչպես կարելի է հերքել ա՛յս փաստարկը։ Մարդը պա-ա-արզ գրել է, «հայերեն գրերով»։ Այսինքն Մաշտոցից առաջ հայոց գրեր եղել են։ Բայց եթե ուզում ես հերքել կհերքես։ Մի քննադատ (Հյուբշման) ասում է, թե գրվածը շատ անորոշ է։ Այդ ո՞ր Արշակի մասին է խոսքը։ Երեւի խոսքը որեւէ Պարթեւ թագավորի մասին է, իսկ գիրն էլ, հետեւապես, եղել է պահլավերեն. պարզապես ականատեսը սխալվել է։ Այն, որ հայոց Արշակ թագավոր նույնպես եղել է, նախըտրվում է չհիշել։ Մեկ այլ քննադատ (Աղայան) ասում է. հավանաբար գրվածքը եղել է արամեական տառերով, իսկ ականատեսը շփոթել է «արամեերեն» եւ «արմեներեն» բառերը։ Մի խոսքով, ով գրում է նախամաշտոցյան գրերի գոյության մասին սխալվում է, ով դրանց գոյությունը ժխտում է, ճիշտ է գրում։ Եւ նման կարգի դատողությունները գիտություն են կոչվում։
Ինչ վերաբերում է առկա նմուշներին, ապա դրանք, իհարկե, անբավարար են (այլապես խնդիր էլ չէր լինի)։ Բայց եւ չի կարելի ասել, որ չկան բոլորովին։
Նախ եւ առաջ դրանք ժայռապատկերների վրա պատահող նշաններն են, որոնք երբեմն չափազանց նման են առանձին հայկական տառերի։ Ավանդական տեսակետն այդ նմանությունը կարող է համարել պատահական, քանի որ ժայռապատկերներն առհասարակ թվագրվում են մ. թ. ա. 1–3 հազարամյակներով, սակայն քանի որ մենք խոսում ենք դրանց ձեւերի նախամաշտոցյան ձագման մասին, ապա ամեն ինչ փոխվում է։ Ինչ խոսք այս ասպարեզի ուսումնասիրությունները դեռեւս հեռու են հուսալի լինելուց։ Հաճախ կաղում է դրանց գիտական մեթոդաբանությունը, իսկ երբեմն էլ դրանք իրենցից, պարզապես, գիտականակերպ զառանցանքներ են ներկայացնում։ Սակայն դա չի կարող հիմք լինել մերժելու համար ժայռապատկերների հետագա ուսումնասիրությունների արդյունքում նախամաշտոցյան գրի գոյության ապացույցների հայտնաբերման հնարավորության։
Նմուշների մեկ այլ խումբ կարող են ներկայացնել «նշանագիրք իմաստնոց» ցուցակների որոշ գրանշանները։ Դրանցից մի մասն, ինչպես ասվեց, զուգահեռներ են գտնում Արարատյան թագավորության շրջանի մի շարք գրային հուշարձաններում, որոնց համար արդեն առաջարկվել է հայերեն վերծանություն։ Մյուս մասը, ինչպես ցույց է տվել Աճառյանը, հայոց տառերից բախկացած փակագրություններ են։ Աճառյանի համար սա բավարար հիմք էր դրանք Մաշտոցյան համարելու համար, մինչդեռ, կրկին, եթե խոսում ենք դրանց ձեւերի նախամաշտոցյան ձագման մասին, ապա դրանց նմանությունը հայոց տառաձեւերին արդեն չի կարող դիտվել, որպես փաստարկ՝ Մեսրոպի կոմղից ստեղված լինելու համար։
Նմուշների եւս մի խումբ կարելի է համարել հայոց այն տառերի ձեւերը, որոնք (հատկապես որոշ գրատեսակներում) համընկնում են նախամաշտոցյան շրջանի այլալեզու գրային համարկարգերի նույնարժեք գրանշաններին։ Բայց սա արդեն, ավելի մոտ է հաջորդ՝ չորրորդ կարգի ապացույցներին, այն է՝
Ձեւաբանական վերականգնումներ։ Գրելու արհեստը եւ գրչության դպրոցները (հատկապես գրանշանների մասնիկների իրագործման հերթականությունը) ազդում են գրանշանների ձեւերի փոփոխման վրա։ Միեւնույն գրչարհեստի ազդեցությունը պիտի օրինաչափ, զուգահեռ փոփոխությունների հանգեցնի։ Այդ օրինաչափությունների բացահայտումը եւ դրանց կիրառումը տառաձեւերի ուսումնասիրման ընթացքում հնարավորություն է տալիս վերականգնել տվյալ գրանշանի նախնական հնարավոր վիճակները։ Եւ եթե դրանք համակարգորեն համընկնում են որեւէ այլ գրային համակարգերի գրանշանների հետ, կարելի է խոսել դրանց բարեշրջական գոյացման, այլ ոչ թե միանվագ ստեղծագործական գորընթացի արդյունք լինելու մասին։ Իմ կողմից, այս եղանակի կիրառումը հնարավորություն տվեց բացահայտել հայոց տառաձեւերի ծագումնաբանական կապը հին փյունիկյան եւ հին հունական (մ. թ. ա. 11–9 դարեր) գրանշանների հետ։ Ի դեպ սա նոր կարծիք չէ։ 19-րդ դարում նման եզրակացությունների էին հանգել, մասնավորապես, Հարությունյանն ու Տաղավարյանը (թեեւ չխորանալով գրանշանների ձեւաստեղծման օրինաչափությունների մեջ)։ Բանն այն է, որ հայոց տառաձեւերի եւ փյունիկյան արագագրի ձեւերի նմանությունն ակնհայտ է։ Սակայն եթե պնդում ենք, որ մինչեւ Մաշտոցը հայոց գիր չկար, մնում է այդ նմանություն պատահական համարել։
Հակիրճ ներկայացմամբ այսպիսին են ներկայիս հայ գրի նախամաշտոցյան ծագման փաստարկները։ Իսկ ահա թե ինչպիսին են այն ժխտելու հիմքերը։ Հ. Աճառյանը ձեւակերպել է հիմնական դեմ կարծիքները.
1. «Եթե Դանիելյան գրերը պակասավոր եւ հայերեն լեզվին անհարմար էին, նշանակում է, թե հայերեն լեզվի տառերը չէին»:
Ի պատասխան այս պնդմանը կարելի է ասել, որ ներկայումս գործածվող գրային համակարգերից շատերը նույնպես կատարյալ չեն. իսկ այնպիսի գրեր, ինչպիսին անգլականն է առհասարակ դժվար է այբբենական անվանել: Ի. Դյակոնովի խոսքերով, անգլերենում «առանձին վերցրած տառն այլեւս ոչինչի չի համապատասխանում եւ միայն ամբողջական դրանց համադրությունը ներկայանում է որպես միասնական բառային նշան՝ յուրատեսակ երկրորդային բառագիր»: Այնուամենայնիվ անգլացիները կիրառում են այդ անհարմար եւ պակասավոր գիրը եւ գրում են անգլերեն: Եւ խոսքը վերաբերում է նրան, որ Մաշտոցից առաջ կարող էր լինել հայոց լեզվի համար գործածվող որեւէ պակասավոր այբուբեն: Ինչը եւ վկայում են երեք պատմիչները:
2. «Ի՞նչպես կարող է լինել, որ մի ազգ կամ մի լեզու այնպես ջնջվի, որ նրանից մի գիրք, մի տետրակ կամ աննշան մի արձանագրություն անգամ չմնա»:
Մեզ չեն հասել նաեւ 5-րդ դարի սկզբում գրված հնագույն օրինակներ։ Էլ ինչպե՞ս կարելի է պահանջել, որ պահպանված լինեին էլ ավելի հին գրի նմուշներ: 5-րդ դարի սկզբի մասին մնացել են միայն պատմիչների վկայություններ, սակայն մենք վստահ ենք, որ այդ դարում հայոց գիրը եղել է։ Բայց, ինչպես տեսանք վկայությունները նախամաշտոցյան գրի մասին արդեն չեն համարվում վստահելի։ Սա դրսեւորումն է մի հայտնի սկզբունքի, որի անունն է «երկակի ստանդարտների կիրառում»։
3. «Ի՞նչպես կարող է լինել, որ այս հայկական համարված այբուբենը ամեն տեղ անհետ կորչում է Հայաստանի մեջ, ուր գործածված պիտի լիներ, իսպառ աներեւույթանում է եւ մնում է միայն Միջագետքի մի ասորու մոտ»:
Եթե չես կարող հասկանալ, թե ինչպե՞ս որեւէ բան կարող է լինել, դա դեռ չի նշանակում, թե նման բան լինել չի կարող: Վերջապես պատմիչները չեն էլ պնդում, թե հայոց գիրը չի պահպանվել Հայքի տարածքում, այլ ընդամենը հայտնում են, որ այն եղել էր Դանիել ասորու մոտ: Կրկին գործ ունենք նախամաշտոցյան գրերի մասին վկայության հետ, որը չի ընդունվում։
Հաճախ կարելի է լսել եւ այսպիսի հարց. եթե հայերը Մաշտոցից առաջ էլ են գիր ունեցել, ապա ինչո՞ւ այդ մասին պատմիչները չեն գրել։
Սակայն, նախ, ինչպես գիտենք, հայոց երեք հնագույն պատմիչներն էլ վկայում են հայոց հին գրի գոյությունը, անվանելով այն Դանիելյան, պարզապես այդ վկայությունները անտեսվում են։ Իսկ եթե խոսքն ավելի ընդարձակ շարադրանքի է վերաբերում, ապա գոնե մեր սերնդի մարդիկ՝ կոմունիստական հալածանքների ականատեսները պիտի որ լավ իմանան, թե ի՛նչ է նշանակում պաշտոնական գաղափարախոսական գծին հակառակ գնալը։ Այն էլ այն դարերում, երբ գրքեր այրելու, մեղսագործի գլուխը թրով թռցնելու կամ նրան խառույքի վրա այրելու իրավաբանական հիմքերը շատ ավելի հաստատուն էին, քան նույնիսկ ստալինյան դարում։ Ավելին, կարելի է զարմանալ, որ վկայություններն այդ մասին առհասարակ հասել են մեզ, գոնե այդ խղճուկ տեսքով։
Սակայն Դանիելյան գրերի հայկական լինելու դեմ ամենալուրջ փաստարկն այն է, որ դրանց մասին հիշատակելիս պատմիչներն անվանում են դրանք «յայլոց դպրությանց»։ Սովորաբար դա հասկացվում է «ոչ հայկական»: Սակայն նման ըմբռնումը ժամանակակից մարդու պատկերացումների՝ քրիստոնյական դարաշրջանի արշալույսի օրերին ապրող քրիստոնյաներին վերագրելու արդյունք է: Այո, ասելով «ուրիշ դպրություն» Կորյունը, հավանաբար իրոք, նկատի է ունեցել «այլազգի դպրություն», բայց դա դեռ չի նշանակում «ոչ հայկական»: Բանն այն է, որ կրոնական տեսակետից դավանանքն անհրաժեշտ ու երբեմն, բավարար հատկանիշ է ազգային պատկանելությունը որոշելիս: Մեր օրերում նույնպես տեսնում ենք այդ մոտեցումը: Օրինակ, Բոսնիայի բնակիչներին անվանում են «մահմեդական», գործածելով այդ բառը նաեւ ցեղանվան իմաստով. եզդիները ջանք չեն խնայում ապացուցելու, որ «եզդի»-ն ոչ միայն դավանանքի, այլեւ ցեղի անուն է, եւ իրենք մահմեդական քրդերից տարբեր ազգ են, չնայած որ խոսում են միեւնույն լեզվով: Այս աշխարհընկալումը հատուկ է եղել նաեւ մեր ազգին, ինչի վկայությունն է «հայ-քրիստոնյա» բառակապակցության գույությունը:
Ուստի չի կարելի բացառել, որ Կորյունի համար զրադաշտ հայերի (քրիստոնյա քարոզիչների եզրերով՝ «հեթանոսների») դպրությունը, որն այն պահին արդեն շուրջ մեկ դար պիտի որ իրոք «թաղված» լիներ, նույնքան օտար էր, որքան եւ ասորականը կամ հունականը. եթե ոչ ավելի օտար, քանի որ վերջիններս գոնե քրիստոնյա էին:
Եւ վերջապես, չէ՞ որ Գրիգոր Պարտեւն ինչ-որ բան իրոք այրել է։ Դա պատմական անհերքելի փաստ է, որի հետ պիտի հաշվի նստի յուրաքանչյուր իրեն հարգող պատմաբան, եթէ ցանկանում է մնալ գիտնական, այլ ո՛չ թէ քարոզիչ։ Հասկանալի է նաեւ քրիստոնեաների դիրքորոշումը. սույն փաստը պատիվ չի բերում, ո՛չ իրենց կրոնին, ո՛չ էլ՝ առաջնորդին։ Բայց, ցավոք այդ է հեղափոխությունների էությունը։ Այդպէս եղավ եւ 1920 թվականին, երբ հաստատվեց նոր պետական գաղափարախոսությունը (ըստ էության՝ կրոնը)՝ կոմունիզմը։ Եւ կոմունիստներն էլ ոչնչացնում էին քրիստոնեական մշակույթը, սպանում հավատացյալներին եւ եկեղեցու սպասավորներին, այրում սուրբ գրքերը, քանդում եկեղեցիները, եւ մնացած 70 տարվա ընթացքում փորձում էին վիճակը ներկայացնել այնպէս, թէ իբր նախքան 1920 թվականը մենք, հայերս հետամնաց անմշակույթ մի ազգ էինք, եւ միայն Լենինը, որ «արեւն էր աշխարհի» լուսավորեց մեզ։ Լենինի «լուսավորչական» գոծունէությունը փաստաթղթերից եւ վավերագրական շարժանկարներից ծանոթ է բոլորին։ Իսկ Գրիգորի «լուսավորչական» գործունէության մասին մենք կարող ենք պատկերացում կազմել կարդալով Ագաթանգեղոսին, որն այդ ամենը շարադրել է Գրիգորին փառաբանելու նպատակով։ Հիշենք.
«Ապա թագավորը իսկույն տիրաբար հրաման տվեց, ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի եւ նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի, մէջտեղից ջնջի։ ...Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմիզդի գրչի Դյվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու իմաստության ուսման մեհյանը եւ ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել»։
Ապա. «Դարձի եկած զորքերով այնտեղ հասածները, սուրբ Գրիգորը թագավորով հանդերձ, փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծաթը ավարի տվին։ Այն Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը Թիլ ավանում։ Երկու մեհյանների գանձերը ավարելով՝ Աստծու սուրբ եկեղեցու ծառայությանը նուեր թողեցին տեղերով հանդերձ» եւ այլն, եւ այլն։
Սրանից հետո պարզ է, որ հազիվ թէ այն օրերից մեզ մի ձեռագիր հասներ։
Վերջապես, եւս մի հանգամանք։ Ոմանց թվում է, թէ նախամաշտոցյան հայ գրի գոյությունը վիրավորանք է հասցնում Մաշտոցին ու նսեմացնում նրա կատարածը։ Սակայն, մի կողմից, խնդիրը վերաբերում է իրականության գիտական բացայայտմանը, եւ այստեղ յուզականությունն անտեղի է, իսկ մյուս կողմից... Պատկերացրեք, որ դուք խոշոր մասնագետ եք որեւէ բնագավառում, ասենք՝ խոհարարության, սակայան հայտնվում է մի լրագրող, որն իր հոդվածում գովաբանում է ձեր երաժշտական տաղանդը, այն պատճառով, որ հարցազրույցի ժամանակ դուք շատ գեղեցիկ կատարել եք ձեր սիրած դերերգի մի հատվածը։ Ընդ որում բոլորովին մոռանում է ձեր խոհարարական վարպետությունը, որը դուք առաջնային եք համարում։ Ի՞նչ եք կարծում դա ձեզ դուր կգա՞, թե՞ ոչ։
Այսօր մենք մոտավորապես նույն կերպ ենք վերաբերում Մաշտոցի հետ։ Մենք վերագրում ենք նրան հայոց գրերի ստեղծումը եւ մեծարում դրա համար։ Մինչդեռ նա նախ եւ առաջ հանճարեղ դիվանագետ էր։ Գաղափարախոսական հսկայական հակազդեցության պայմաններում, երբ դեռ նոր էր հաստատվել քրիստոնեական կրոնը եւ ազգային ամեն ինչը սվինների վրա էր ընդունվում հոգեւորականների կողմից, երբ այդ հոգեւորականության վերնախավի շրջանում հսկայական ազդեցություն ունեին այլազգի՝ հույն ու, հատկապես՝ ասորի պաշտոնյաները, նա կարողացավ ո՛չ միայն բարձրացնել հայոց գրերի խնդիրը (թող որ ի՛ր կրոնի պետքերից ելնելով), այլեւ՝ հասնել իր ծրագրի իրականացմանը։ Ընդ որում ա՛յս գործունեությունը նա իրագործել է անկախ նրանից, թե ստեղծե՞լ է հայոց գրանշանները թե՞ ոչ։ Ի դեպ, գրանշաններ հորինելն առանապես մեծ շնորհ չի էլ պահանջում։ Յուրաքանչյուր մարդ օրական կարող է մի 20–30 այբուբենների գրանշաններ հորիել։ Խնդիրը տվյալ գրանշաններին հոգի տալն է, այսինք բանովոր լեզվի նվազագույն մասնինկների՝ հնչույթների բացահայտումը։ Եւ քանի որ հայոց այբուբենին իր ներկայիս տեսքը հաղորդել է Մաշտոցը, պետք է եզրակացնել, որ այդ գործի վերջնական փուլը հենց ինքն է կատարել։ Սա շատ ավելի լուրջ ծառայություն է, քան այն, ինչ իրեն փորձում են վերագրել։ Հատկապես, որ (դա ես ասում եմ, որպես տառաստեղծության մասնագետ) հայոց գրանշաններն առանձնապես հաջող էլ չեն գործառութային տեսակետից. չափազանց վատ են շարվում։
Ավելին։ Մաշտոցի գործը ճակատագրակա եղավ ամբողջ աշխարհի համար։ Այո, մի զարմացեք. ամբողջ աշխարհի համար։ Դրա լավագույն ապացույցը Ավարայրի ճակատամարտի արդյունքն է։ Այն պահին ուժերը գրեթե հավասար գտնվեցին։ Փաստորեն պարսկական զրադաշտական բանակաը, թեեւ ջախջախեց հայկական քրիստոնեական բանակը, սակայն Հայքը կրոնափոխ անելու համար Պարսկաստանի ուժը չբավարարեց, եւ կարելի է պնդել, որ դա եղավ շնորհիվ Մաշտոցի կողմից վերականգնված հայոց տառերով քրիստոնեական գրականության տարածման եւ հայալեզու քարոզների իրականացման շնորհիվ։ Չլիներ դա, թերեւս Պարսկաստանին կհաջողվեր իր գաղափարախոսական, ուստի եւ քաղաքական ազդեցության ոլորտ վերադարձնել Հայաստանը։ Եթե դա հաջողվեր, ապա Հայք-Իրան հազարամյա համադաշնությունը կվերականգնվեր, ինչն էապես կփոխեր ուժերի հարաբերակցությունը աշխարհում։ Եւ, մասնավորապես, 7-րդ դարում արաբական մահմեդական բանակին կդիմակայեր չմասնատված, միասնական հայ-պարսկական բանակը, որին հաղթելը շատ ավելի դժվար կլիներ։ Իսկ եթե դա չհաջողվեր, ապա իսլամը կմնար սոսկ որպես ներքին արաբական, այսինքն՝ ազգային կրոն։ Չէին մահմեդականացվի ոչ միայն պարսիկները, այլեւ հնդիկների մի մասը, ինդոնեզիացիները, թուրքերը... Այսօրվա աշխարհը բոլորովին այլ կլիներ։ Ոչ թե լավը, կամ վատը, պարզապես՝ այլ...
Այսպիսով, կասկածելի է, որ մենք պիտի տոնենք հայոց գրերի գյուտի 1600-ամյակը։ Թերեւս ավելի ճիշտ կլիներ տոնել Հայոց այբուբենի Մաշտոցյան բարեփոխման 1600-ամյակը։ Սա առավելագույնս կհամապատասխաներ մեր պատմիչների հաղորդած տվյալներին, եւ, միաժամանակ, տրամաբանական տեղ թողեր գիտության հետագա ուսումնասիրությունների համար, որոնք մեծ հավանականությամբ կարող են հաստատել հայոց այբուբենի ծագումը հունական եւ փյունիկյան այբուբենների հետ՝ գրեթե միաժամանակ։
Ռուբեն Թարումյան։
2005.05.10