Ցօգ

Ի՞նչ է ցօգը։ Նույնը, ինչ blog-ը։ Blog-ը գոյացել է, որպես կրճատում weblog-ի, որ նշանակում է «ցանցային» (web) «մատյան, օրագիր» (log)։ Ցօգն էլ կազմվել է, որպես «Ցանցային ՕրաԳիր» բառակապակցության ՑՕԳ հապավում, որը սակայն ինչպես որոշ այլ դեպքերում (օրինակ՝ բուհ) վերածված է ինքնուրույն արմատի։ Այդ իսկ պատճառով այն գրվում է «կլոր» օ-ով։ Պարզ է, որ շատերի համար դա անսովոր կամ անիմաստ է թվում (ինչպես հայացման ցանկացած փորձ)։ Նրանք կշարունակեն «բլոգ»-ը գործածել, որը սակայն կարող է դիտվել ոչ թե blog–ից տառադարձված, այլ որպես «ԲարեԼավված ՕրաԳիր» բառակապակցության հապավում (որը պիտի գրվի իհարկե նույնպես «կլոր» օ-ով։ (Ինչպես անգլերեն բնագրում։-))

Այսուհետ փորձ եմ անելու առավել կամ պակաս պարբերականությամբ պահել սեփական Ցանցային ԲարեԼավված ՕրաԳիրը։ Ինչո՞ւ։ Շուրջ 30 տարվա ընթացքում, ինձ հուզող հարցերի վերաբերյալ ես հոդվածներ եմ հրապարակել տարբեր թերթերում։ Սակայն թերթի համար յուրաքանչյուր հոդվածի պատրաստումը երկարատեւ եւ պատասխանատու գործ է (համենայն դեպս ինձ համար։-)), մինչդեռ երբեմն ցանկություն է լինում արտահայտվելու մի որեւէ ընթացիկ խնդրի շուրջ, եւ արտահայտվելու՝ արագ, քանի որ քիչ անց այն կորցնելու է հրատապությունը։

Ինչո՞ւ ոչ «Դիմագրգում»։ Չեմ սիրում ընկերային ցանցերը։ Դրանք, իհարկե, հաղորդակցման ավելի մեծ ներուժ ունեն, սակայն թերեւս հենց այդ պատճառով ստեղծում են չափազանց շատ երկրորդական կապեր, որոնց պահպանումը լրացուցիչ եւ, հաճախ, չարդարացված ջանքեր է պահանջում։ Այնպես որ, առայժմ, նախընտրում եմ այս ձեւը։

Համեցե՛ք։-))

Հարակից փակցվածքներ

3 Thoughts to “Ցօգ”

  1. վաու, շատ հետաքրքիր մօտեցում է Պրն. Թարումեան։ ես անձամբ երկար ժամանակ ասում էի հենց մատեան, սակայն ասել մի բառ, ինչպէս ասենք blog անգլերէնում, երբէք չէի մտածել, ու նոյնիսկ եթէ մտածէի, ոչ մէկ չէր ընդունի։ ես միանում եմ Ձեր մտքին, այո, ցօգ, շնորհակալութիւն հայաֆիկացման համար։

  2. […] իրականում մտայ քանի որ Թարումեանի գրառումն էի կարդում Ցօգ-ի մասին, ու երբ մտայ, տեսայ մատեանիս անունը՝ […]

  3. >Շուրջ 30 տարվա ընթացքում, ինձ հուզող հարցերի վերաբերյալ ես հոդվածներ եմ հրապարակել տարբեր թերթերում։

    Լաւ կը լինէր, այդ յօդուածներն հասանելի լինեն առցանց, քանի որ այլապէս դրանց չի լինի յղուել, ու դրանք փաստացի հասանելի չեն, եթէ ձեռքի տակ այդ թերթը գոյութիւն չունի։

    >Ինչո՞ւ ոչ «Դիմագրգում»։

    Դիմագիրքը կարելի է օգտագործել յղումները տարածելու համար, բայց տեքստերի բնագիր լինելու համար այն հարմար չէ՝ նաւարկումն է դժուար, երբեմն չի լինում քո իսկ գրառումը գտնել, եւ կարդալու համար անհրաժեշտ է ունենալ դիմագրքի հաշիւ։

Թողնել պատասխան Անդրանիկ Վարդանեան-ի համար Չեղարկել պատասխանը