Հասնել…

Տեսնել Անին ու նոր՝ մեռնել․
Դա բանաստեղծն է երազել։
Իսկ ի՞նչ երգենք Շուշվա մասին,
Դարձած այսօր մեր նոր Անին։

Այո, տեսել ենք մենք Շուշին,
Իսկ ի՞նչ ասենք նոր սերնդին․
Որ սովորո՞ւյթ ենք մենք դարձրել․
Նոր հող կորցնել, հետո՝ լացել․
«Կուզեմ տեսնել ու նոր՝ մեռնել»։

Գուցե հենց դա՞ է բանալին,
Որ չենք նայում ապագային։
Չենք հասկանում, որ ապագան,
Դարեր հետո պիտի դեռ կգա։

Եւ որ լինի մեր ուզածով,
Պիտի կերտենք այն դարերով։
Ամեն մի օր, ամեն տարի՝
Պիտի շարժվենք ըստ ծրագրի։

Չասենք․ «Կուզեմ տեսնել Անին»,
(Կամ Մուշը, Վանը, կամ՝ Շուշին)։
Պիտի չուզենք տեսնել հիմա․
Պիտի մեր սիրտը դիմանա։

Կգա մի օր, պայծառ մի օր,
Երբ Հայրենիքը մեր բոլոր
Կնվաճենք մենք վերստին՝
Կարինը, Վանը ու Անին,
Եւ անկասկած՝ նաեւ Շուշին։

Դա կլինի, եթե այսօր
Դեպի դարերը հեռավոր
Արահետներ մենք որոնենք,
Եթե հաղթենք աշխարհը նենգ։
Ոչ թե խնդրենք, այլ կարգադրենք։

Ինչպե՞ս է պետք դրան հասնել։
Խնդիր է։ Պետք է այն լուծել։
Բայց անհրաժեշտ է գիտակցել,
Որ դա է այն միակ ուղին,
Որ կտանի մեզ դեպ Անին։

Նույնիսկ եթե հանկարծ կրկին
Մեզ սկուտեղով բերեն Շուշին,
Պիտի հիշենք, որ դա սակայն,
Միայն խաբկանք է հերթական,
Ինչպես եղավ նախորդ անգամ։

Մեզ պետք չէ սոսկ բախտի նվեր,
Պիտի շարժենք մենք անվեհեր,
Օրինաչափ, դարերն ի վեր։
Եւ սերունդներն էլ չեն մեռնի
Երբ վերջապես հասնեն Անի։

22.11.2020


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *